կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-10-23 18:53
Առանց Կատեգորիա

Քաղաքացիներին սովամահ անելու բանաձեւ

Քաղաքացիներին սովամահ անելու բանաձեւ

Ազգային ժողովն այսօր առաջին ընթերցմամբ ընդունեց կառավարության հերթական «գլուխգործոց»-նախագիծը` իր հազարավոր քաղաքացիների սովամահ անելու վերաբերյալ: «Բնակչության զբաղվածության եւ գործազրկության դեպքում սոցիալական պաշտպանության մասին» օրենքին փոխարինելու է գալիս «Զբաղվածության մասին» նոր օրենքը, ըստ որի` երկրում հաշվառված գործազուրկներին պետությունն այլեւս նպաստ չի տրամադրելու: Դեռեւս մայիս ամսին հայտարարվեց, որ, աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության նախաձեռնությամբ, գործազրկության նպաստի վճարման տեւողությունը կկրճատվի` 6 ամսից դառնալով 3 ամիս: Հիմա էլ յուրաքանչյուր ամսվա համար տրվող 18 հազար դրամից են զրկում:

 

Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը հիմնավորում է, թե քաղաքացիները նպաստ ստանալու հույսով աշխատանք չեն փնտրում: Մարդիկ թաքնված զբաղված են եւ նրանց չի հետաքրքրում աշխատանքը. գրանցվել են 18 հազար դրամ կորզելու համար: Իհարկե, չի բացառվում, որ կլինեն նման մարդիկ, սակայն տասնյակհազարավոր են այն մարդիկ, որոնք իսկապես չունեն աշխատանք, իսկ գործակալությունը նրանց առաջարկում է հիմնականում մինչեւ 60 հազար դրամանոց աշխատանք:

 

Հայաստանում, 2013թ. սեպտեմբերի 1-ի դրությամբ, աշխատանք փնտրողների թիվը կազմում է 67.7 հազար մարդ, աշխատանք փնտրողներից  48.5 հազարը կանայք են, 18  հազարը` երիտասարդ: Օգոստոս ամսվա ընթացքում զբաղվածության պետական գործակալություն է ներկայացվել 2458 թափուր աշխատատեղ, որը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ նվազել է 1.4%-ով: Փաստորեն, 68 հազար գործազուրկին առաջարկում են ընդամենը 2400 աշխատատեղ ու եզրակացնում, որ աշխատանք կա, բայց մարդիկ չեն գնում աշխատելու, որովհետեւ գերադասում են ստանալ 18 հազար դրամ նպաստ:

 

Երկրի նախագահն ու վարչապետը հայտարարում էին, թե կա աշխատուժի պահանջարկ, բայց մարդիկ գերադասում են տանը նստած 30 հազար դրամ նպաստ ստանալ, քան թե աշխատել 150 հազար դրամ աշխատավարձով: Սա, բնականաբար, աբսուրդ է, աբսուրդ է նաեւ նախարարի մեկնաբանությունը, թե տանը գերադասում են նստել եւ ստանալ 18 հազար դրամ գործազրկության նպաստ, քան  թե աշխատել: Անհնար է` քաղաքացին թողնի ընտանիքը սոված եւ չգնա 150 հազար դրամանոց աշխատանքի հետեւից` 18 հազար դրամ գործազրկության կամ աղքատության 30 հազար դրամ նպաստից չզրկվելու համար:

 

Իհարկե, կան դեպքեր, որ թաքուն աշխատող է գրանցվել զբաղվածության գործակալությունում, կան դեպքեր, որ մարդը հրաժարվում է կատարել 60 հազար դրամ աշխատավարձով աշխատանք, բայց այդ փոքրաթիվ դեպքերի պատճառով 70 հազար մարդու զրկել նպաստից, անմտություն է:

 

Կառավարությունը հիմնավորում է, թե բացելու է աշխատատեղ, նոր ծրագրեր է կազմելու, սակայն իրականում պետք էր բացել աշխատատեղ, նոր կտրել գործազրկության նպաստը, այլ ոչ թե զրկել նպաստից եւ անորոշ ապագայում խոստանալ աշխատանք: Ընդ որում, կառավարությունը չի ներկայացրել ծրագիր, թե այդ ինչ կերպ է աշխատատեղեր բացելու:

 

Այս նոր նախագծի իմաստը, ըստ էության, հետեւյալն է` որքան վատանում է մեր երկրի սոցիալ-տնտեսական իրավիճակը եւ բնակչության կացությունը, նույն արագ տեմպերով էլ կառավարությունը նկարում է հակառակն «ապացուցող» թվեր: Կառավարությունը, մարդկանց զրկելով նպաստից, նաեւ ասում է` դու քո գլխի ճարը տես: Քաղաքացին այլեւս զբաղվածության կենտրոն դիմելու կարիք չունի: Հետեւաբար` կնվազի զբաղվածության կենտրոն դիմողների թիվը, բնականաբար` նաեւ պաշտոնական գործազուրկների թիվը: Ու այլեւս անհնար է դառնում պարզել գործազրկության իրական մակարդակը:

 

Պաշտոնական գործազրկությունը մոտ 7% է, բայց պարզից էլ պարզ է, որ իրականությունն ու պաշտոնական վիճակագրությունը կիլոմետրերի հեռավորություն ունեն: Հասարակական կարծիքի ուսումնասիրության Gallup ամերիկյան ընկերությունը, 2011-ին աշխարհում իրական գործազրկության ծավալները ներկայացնելով, նշում է, որ Հայաստանում իրականում գործազուրկ է կանանց 73 եւ տղամարդկանց 62 տոկոսը: Մեզանում ընդունված է չհավատալ Gallup-ին, սակայն սա այն դեպքն է, երբ նաեւ բնակչության կարծիքն է համընկնում:

 

Կառավարության անդամները՝ ղեկավարի մակարդակով, բազմիցս հայտարարել են, թե պետք է ոչ թե ձուկ տան մարդկանց, այլ` կարթ, ոչ թե նպաստ տան, այլ` աշխատելու հնարավորություն: Բայց իրականությունն այն է, որ թե' ձուկ չեն տալիս, թե' կարթն են խլում քաղաքացիների ձեռքից:

 

Սեւակ ՀԱԿՈԲՅԱՆ