կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-01-11 14:55
Հասարակություն

Ավանի կրթահամալիրի երեխաներին չեն ծեծել, դեղեր չեն խմեցրել եւ սովամահ չեն արել

Ավանի կրթահամալիրի երեխաներին չեն ծեծել, դեղեր չեն խմեցրել եւ սովամահ չեն արել

Ավան թաղամասի բնակիչները «Հայնյուզ»-ին դիմել էին նամակով` տեղեկացնելով, որ Ավան թաղամասի Թամրուչի 36 հասցեում գտնվող գիշերօթիկ հանրակրթական դպրոցում տիրող իրավիճակն այլեւս անկառավարելի է դարձել:

 

Ըստ անանուն նամակագրի` գիշերօթիկում խախտվում են բոլոր օրենքները. երեխաներին ծեծում են, դեղեր խմեցնում և սովամահ անում: Նամակը հասցեագրված է եղել Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին երկրորդ Ամենայն Հայոց կաթողիկոսին, ՀՀ ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Վ. Գասպարյանին, ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանին:

 

Հարցի հետ կապված ՀՀ ԿԳ նախարարությունն այսօր այցելել է կրթահամալիր եւ ներկայացնում է պարզաբանումներ:

 

«1. ՀՀ ԿԳՆ ներկայացուցիչները այսօր եղել են կրթահամալիրում և իրենց լիազորությունների շրջանակներում պարզել են, որ անանուն նամակում բերված երեխաներին խոշտանգելու և բռնությունների մասին տեղեկությունը իրականությանը չի համապատասխանում:

 

2. Դպրոցը համապատասխանում է հանրակրթական ծրագիր իրականացնելու համար լիցենզիայի պայմաններին:

 

3. Դպրոցը մասնավոր է, և ոչ մի ծնող պարտավորված չէ այնտեղ ուղարկել իր երեխային: Ծնողները ԿԱՄԱՎՈՐ են ընտրել այդ դպրոցը իրենց երեխաների համար:

 

4. Միասեռ դպրոց-պանսիոնները ուսումնական հաստատությունների տարածված ձև են նաև ԱՄՆ-ում և Եվրոպայում` Մեծ Բրիտանիա, Ավստրիա, Գերմանիա:

 

5. Զուգահեռ մենք պարզել ենք, որ նամակն իրոք ԱՆԱՆՈՒՆ Է: Այն առաջինը ստացած ԶԼՄ-ն չունի և ոչ մի հստակ կոորդինատ, ազգանուն, ստորագրություն, հեռախոս նամակը իբր ստորագրած Ավանի բնակիչներից:

 

6. Մեր ունեցած տեղեկություններով` անոնիմկայի իրական հեղինակը բնակվում է Հայաստանի հյուսիսային մարզերից մեկում, որ մի կապ չունի կրթահամալիրի հետ:

 

7. Նամակի իրական դրդապատճառը, ըստ ամենայնի, անձնական բնույթի խնդիրներն են Մխիթարյան միաբանության հետ, որոնց կապակցությամբ հեղինակը վրեժ է լուծել նման ապատեղեկատվական եղանակով:

 

8. ՀՀ ԿԳՆ-ն այլևս չի զբաղվելու և չի արձագանքելու անանուն հաղորդագրություններին և ահազանգերին:

 

9. ՀՀ ԿԳՆ-ն պատրաստ է ապագայում ևս օպերատիվ արձագանքել դպրոցներում երեխաների իրավունքների խախտման դեպքերի մասին արժանահավատ, հավաստի և հստակ տեղեկություններին:

 

Եվ վերջում: Որքանով է բարոյական անձնական տարաձայնություները և աշխատանքային վեճերը լուծել ստահոդ տեղեկություններ տարածելու և հազարավոր մարդկանց հույզերի, բարեգթության և ազնվության վրա խաղալու եղանակով»:

 

Ի դեպ, Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի երեխաների իրավապաշտպան Աիդա Մուրադյանը, Խոշտանգումների և բռնությունների կանխարգելման բաժնի մասնագետ Վլադիմիր Բաղդասարյանը այս պահին նույնպես գտնվում են Ավան թաղամասի Թամրուչի 36 հասցեում գտնվող գիշերօթիկ հանրակրթական դպրոցում: