կարևոր
0 դիտում, 12 տարի առաջ - 2013-10-17 15:08
Առանց Կատեգորիա

Հրատապ թեմա . Պետք է աճել ու բազմանալ

Հրատապ թեմա . Պետք է աճել ու բազմանալ

Երբ խոսք է լինում Հայաստանի ռեսուրսների մասին, ապա մեր պետական այրերը միշտ սիրում են ասել, թե Հայաստանի գլխավոր կապիտալը մարդկային կապիտալն է: Բայց ըստ ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի տվյալների` Հայաստանում էապես նվազել է ծնելիության մակարդակը: «Ծնելիության գործակից» կոչվող գործակիցը իջել ու հասել է 1.5-ի: Ավելի հասկանալի լինելու համար նշենք' յուրաքանչյուր 20 ամուսիններն ունենում են ընդամենը 15 երեխա, իսկ որպեսզի հասարակությունը վերարտադրվի, ապա պետք է ծնելիության գործակիցը լինի 2.1' յուրքանչյուր 20 ամուսիններից ծնվի նվազագույնը 21 երեխա...

 

2007 թվականին Հայաստանը, ըստ ԱՊՀ միգրացիոն կոմիտեի տվյալների, ունեցել է 3 միլիոն 223 հազար բնակչություն, իսկ 2012-ին' 2 միլիոն 830 հազար: Եթե համեմատելու լինենք, ապա Ադրբեջանը 2007-ին ունեցել է 8 միլիոն 533 հազար եւ 2012-ին' 8 միլիոն 630 հազար բնակչություն: Ռուսաստանի բնակչությունը 2007թ.-ին եղել է 142 միլիոն 221 հազար, իսկ 2012-ին' 142 միլիոն:

 

Հայաստանում, ըստ  ուսումնասիրությունների, բնակչության աճի փոփոխության վրա էական ազդեցություն են ունեցել 1988թ. Սպիտակի երկրաշարժը, որը խլեց 25 հազար մարդու կյանք, ղարաբաղյան հակամարտությունը, որի ժամանակ Հայաստանը կորցրեց 5856 զինվոր եւ 1264 խաղաղ քաղաքացի: Բայց առավել շատ այդ փոփոխության վրա ազդել են 1994-1999թվականների տնտեսական ճգնաժամն ու արտագաղթի ներկայիս նոր ալիքը:Ըստ Թաթուլ Մանասերյանի ուսումնասիրության` 1990-2007 թվականներին Հայաստանից, ընդհանուր առմամբ, արտագաղթել է 1 միլիոն 200 հազար քաղաքացի:

 

Այդպիսի ժողովրդագրական քաղաքականություն վարելու իրավունք Հայաստանը չունի, քանի որ մենք դեռ գտնվում ենք պատերազմի հրադադարի փուլում միայն, մեր ժողովրդագրությանը մեծ վնաս է հասցվել վերջին 100 տարիների ընթացքում' երկու համաշխարհային պատերազմ, Ցեղասպանություն, ռեպրեսիաներ,  համաճարակներ եւ այլն, ու երբ նայում ենք, թե ինչ արագությամբ են աճում թշնամի հարեւանները, ու ինչ արագությամբ ենք մենք նվազում, ապա միանգամից զգացվում է պապենական' «յոթ որդով սեղան նստես» բարեմաղթանքն ազգային ծրագրի վերածելու հրամայականը:

 

Երբ մի որեւէ երկրի բնակչության թվաքանակը փոքր է, նշանակում է` այդ երկիրը փոքր շուկա ունի, եւ բիզնեսի հնարավորությունները փոքր են, նշանակում է, որ օտարերկրյա ներդրողների համար այդ երկիրը հրապուրիչ շուկա չէ, նշանակում է, որ լուրջ մեխանիզմներ ու վիրահատական քայլեր պետք է մշակվեն երկրի պաշտպանությունը, ազգային անվտանգությունը ապահովելու հարցերում, նշանակում է, որ աշխատող ձեռքն է պակասում եւ այլն: Արդեն այս տարի մենք ականատես եղանք, թե քանի դպրոցներ առաջին դասարանցիներ չունեցան, արդեն այս աշնանը, ասում են, աշնանային զորահավաք չի լինի:

 

ՀՀ ԱՍՀՆ ժողովրդագրության բաժնի պետ, պատմական գիտությունների թեկնածու Վանիկ Բաբաջանյանն ու ֆիզմաթ. գիտությունների թեկնածու Վարդան Մարուքյանն իրենց' «Ժողովրդագրական մարտահրավերները Հայաստանի Հանրապետությունում» անունը կրող ուսումնասիրության մեջ նշում են, որ Հայաստանի ժողովրդագրական փոփոխությունները կապված են սոցիալական ու հոգեբանական որոշիչ գործոնների հետ: Անհատի և ընտանիքի կողմից հերթական երեխան ունենալու մտադրությունը կամ վերարտադրողական վարքագիծը, ըստ ուսումնասիրության, պայմանավորված է այնպիսի գործոնների ազդեցությամբ, ինչպիսիք են' ընտանիքի եկամտային հնարավորությունները, բնակարանային և կենցաղային պայմանները, բնակության վայրը եւ միգրացիոն տրամադրությունները, երեխայի ծննդի, խնամքի, դաստիարակության, ընդհանուր զարգացման խնդիրները, առողջապահական համակարգը, կրթական համակարգը, ծնող լինելու և աշխատանքային գործունեության համատեղումը, ներընտանեկան արժեքային համակարգը, երեխայի ապագայի նկատմամբ ունեցած վստահությունը և սոցիալ-հոգեբանական այլ գործոններ:

 

ՀՀ կառավարությունը այս ուղղությամբ ինչ-ինչ քայլեր փորձել է ձեռնարկել: Օրինակ' կայացրել է «Ծննդօգնության  պետական հավաստագրի», «Երեխայի առողջության պետական հավաստագրի» համակարգը: Ծնունդների նյութական խրախուսման նպատակով ընտանիքում առաջին եւ երկրորդ երեխայի ծննդյան դեպքում տրվում է միանվագ նպաստ` 50.000 դրամ, իսկ երրորդ եւ հաջորդ երեխայի համար միանվագ նպաստի չափը կազմում է 430.000 դրամ: 2014 թվականից նախատեսվում է երրորդ եւ հաջորդ երեխայի ծննդյան նպաստի չափը սահմանել՝  ա) երրորդ եւ չորրորդ երեխայի դեպքում' 1 մլն. դրամ, բ) հինգ եւ ավելի երեխայի դեպքում' 1.5 մլն. դրամ: Բայց այստեղ խոսք անգամ չկա, թե հետո ծնողները ինչպես պետք է պահեն իրենց երեխաներին:

 

Մյուս քայլն այս ուղղությամբ այն է, որ երեխայի խնամքի արձակուրդում գտնվող ծնողի եկամուտների փոխհատուցման շրջանակներում աշխատող ծնողը, մինչև երեխայի երեք տարեկան դառնալը կարող է գտնվել երեխայի խնամքի արձակուրդում, ընդ որում մինչեւ երեխայի երկու տարեկան դառնալը, որպես եկամտի փոխհատուցում, արձակուրդում գտնվող ծնողին տրվում է երեխայի խնամքի ամսական նպաստ, որի չափը կազմում է ամսական 18.000 դրամ: Թե ինչ կարելի է անել այդ 18 հազար դրամով, անհասկանալի է: Մի խոսքով' այս բոլոր կետերն էլ վիճելի ու հայաստանյան իրավիճակի տրամաբանությունից չբխող մի շարք խնդիրներ ունեն, որոնք էլ, հավանաբար, պատճառ են հանդիսանում, որ նպատակները չիրականանան:  Փաստը մնում է փաստ, որ Հայաստանում մեկ զույգից ծնվում է 1,5 երեխա, եւ այդ առումով կա մտահոգություն եւ անհրաժեշտություն' այդ պրոցեսներին միջամտելու: Ժողովրդագրությունը, ճիշտ է, ընդհանրապես ցիկլիկ երեւույթ է եւ միշտ ունենում է էքստրիմներ' աճեր եւ անկումներ: Ամբողջ խնդիրն այն է, թե որոնք են այն քայլերը, որ պետք է ձեռնարկել, որպեսզի այդ ծայրահեղ կետերը մեղմվեն:

 

«Մեծ հաշվով` ծնելիության աճի վրա ազդելը բավականին անշնորհակալ գործ է, եւ մեծամասնությամբ անհաջող փորձեր են եղել աշխարհում: Բայց երկուսը կուզեի առանձնացնել' Ֆրանսիայի եւ Շվեդիայի օրինակներով: Ֆրանսիան վերջին 60 տարվա մեջ բավականին մեծ գումարներ է ծախսում վերարտադրողականության գործակիցը' ծնելիության գործակիցը, բարձրացնելու վրա, մեծ գումարներ ասելով' Ֆրանսիայի ՀՆԱ-ի 3,7 տոկոսի չափով: Եթե պատկերացնենք, դա Հայաստանի մի քանի տասնյակ տարիների ՀՀ բյուջեի չափի մեծությունն է, բայց Ֆրանսիայի տարբերակը շատ չեմ ուզում քննարկել»,- այս առումով նշում է ՄԱԿ բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչ Գարիկ Հայրապետյանը:

 

Բայց առավել հետաքրքիր է Շվեդիայի օրինակը: Այնտեղ այս բնագավառում  շատ հետաքրքիր արդյունք են ստացել' թիրախավորելով բացարձակապես ուրիշ ոլորտ, եւ երկրորդ' 20 տարվա մեջ իրենց մոտ բավականին լուրջ արդյունք է նկատվել' 1,46-1,47-ից  ծնելիության գործակիցը հասնելով 1,93-1,94-ի:

 

«Շվեդիայում փորձել են բերել ու համատեղել կարիերա, անձնական կյանք, անձնական զարգացումն  ընտանիք, երեխաներ հասկացությունների հետ ու մեկտեղել դրանք: Շվեդները  կիրառել են մի քաղաքականություն, որը թիրախավորել է գենդերային հավասարությունը: Այնտեղ այնպես են արել, որ կինը չի վախենում շատ երեխաներ ունենալուց:  Եվ դրա հետ զուգահեռ` օգտագործել են քաղաքականություններ, որ կարողանան թեթեւացնել մայրերի հոգսը»,- շվեդների փորձը ներկայացրեց Գարիկ Հայրապետյանը:

 

Այսինքն' Շվեդիայում ստեղծված են  հնարավորություններ' ճկուն աշխատանքային ժամերով աշխատելու, երեխաների մասին հոգալու հաստատություններ' մանկապարտեզներ, հաստատություններ, որտեղ կինն  ի վիճակի կլինի երեխային տանել ու չմտածել, որ երկար ժամանակով ստիպված կլինի կտրվել իր աշխատանքային պրոցեսից ու կորցնել իր որակավորումները եւ այլն:

 

Թե ինչպես կվարվենք Հայաստանում, դեռ հարց է, բայց որ ինչ-որ բան անպայման պետք է անել, ակնհայտ է:

 

Գևորգ Ավչյան