Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Սովորաբար աշխարհի բոլոր երկրները` ընդհանրապես, և այդ երկրների խոշոր քաղաքները` մասնավորապես, որոշակի ծախսեր են կատարում, որոնք բխում են այդ պետության սահամանած առաջնահերթությունների ու ռազմավարությունների տրամաբանությունից: Եվ` նույնպես սովորաբար, այդ առաջնահերթությունները հենց այնպես` օդից, չեն որդեգրվում, այլ ունենում են մեկ հստակ նպատակ ու թիրախ` էլ ավելի զարգացել երկիրը, նրա տնտեսությունը, ինֆրակառուցվածքները, հասնել այդ երկրի քաղաքացիների ընդհանուր բարեկեցությանը:
Ասել է թե, միայն հայացք նետելով պետության կատարած ծախսերի ուղղությամբ` կարելի է պատկերացում կազմել, թե ինչ տրամաբանությամբ է առաջնահերթություններ սահմանում տվյալ երկիրը: Այժմ այս նույն տրամաբանությամբ նայենք մեր երկրին ու մեր երկրի մայրաքաղաքին: Հոկտեմբերի 4-ին yerkir.am-ը հարցում ուղարկեց Երեւանի քաղաքապետարան` պարզելու մի շատ պարզ ու սովորական բան` վերջին հինգ տարիների ընթացքում Երեւանի քանի՞ փողոցներ են ասֆալտապատվել, քանի՞ փողոցներում են կատարվել նորոգման եւ հիմնանորոգման աշխատանքներ, որո՞նք են այդ փողոցները, եւ վերոհիշյալ աշխատանքներից յուրաքանչյուրի համար ի՞նչ միջոցներ են ծախսվել:
Մինչ օրս քաղաքապետարանից պատասխան չենք ստացել: Ամենաթարմ տվյալն այս կապակցությամբ այն է, որ որ սեպտեմբերի 20-ի նիստի ժամանակ կառավարությունը որոշեց իր պահուստային ֆոնդից մոտ 9 միլիարդ դրամ հատկացնել Երեւանի քաղաքապետարանին, որից մոտ 7.5 միլիարդ դրամը պետք է ուղղվեր Երեւանի կենտրոնական փողոցների ասֆալտապատմանը:
Մի խոսքով` հենց այն նույն օրը, երբ կառավարությունը Երեւանի փողոցներում 7,5 միլիարդ փռելու որոշում էր կայացնում, մեկ այլ որոշմամբ էլ` էլի նույն պահուստային ֆոնդից, 500 միլիոն դրամ ուղղվեց Հայաստանի մարզերին, յուրաքանչյուրին` 50 միլիոնական դրամ: Տարբերությունը, նույնիսկ անհույս լավատեսների համար, ակնհայտ է` 7.5 միլիարդ Երեւանի կենտրոնական փողոցների ասֆալտապատմանը` միայն 2013 թվականի վերջին եռամսյակում, եւ 50 միլիոնական դրամ մեր մարզերին: Ստացվում է, որ հենց այսպես էլ մեր կառավարությունը պատկերացնում է երկրի «զարգացումն» ու «առաջնահերթությունները»...
Այս «առաջնահերթությունների» տրամաբանությամբ էլ կարելի է եզրակացնել, թե մեր երկրում չկան մարզերի համաչափ զարգացման խնդիրներ, չկան սահմանամերձ գյուղերի դատարկման խնդիրներ, չկան աշխատատեղերի խնդիրներ, չկա աղքատություն, չկա սոցիալ-տնտեսական անբարենպաստ միջավայր, այլ բոլորիս «ուշքն ու միտքը» Երեւանի կենտրոնական փողոցներն են, ուր վերջինը արված ասֆալտը չի էլ հասցրել փչանալ, ուր ասֆալտը վարորդներին չի անհանգստացնում այնքան, ինչքան, օրինակ, կարող էր անհանգստացնել Ներքին Չարբախի փողոցներով երթեւեկողներին եւ այլն:
Կառավարությունը, որ գոնե մեկ անգամ համառ ջանքերի գնով փորձեր հասնել հեռավոր Սյունիքի մարզի մի ինչ-որ բարձրալեռնային, սահմանամերձ գյուղ, օրինակ` Արեւիս, հավանաբար կհասկանար, որ կենտրոնի նորմալ ասֆալտի վրա մեկ լրացուցիչ շերտ փռելով փողերը քամուն տալուց առավել կարեւոր է հենց այդ գյուղում ճանապարհը գոնե խճուղային տեսքի բերելը, որ գյուղի մի քանի տուն բնակիչները իրենց անտեսված, մոռացված չզգային ու չարտագաղթեին քաղաք, մայրաքաղաք ու ավելի վատ` օտար երկրներ:
Թե չէ ե'կ ու բացատրի'ր այդ գյուղի բնակիչներին, որ պետությունը աղքատ է, ռեսուրսներ չունի, փող չկա, հետճգնաժամային վիճակ է, ու իրենց մարզին` ամբողջությամբ, կարող է ընդամենը 50 միլիոն դրամ հատկացնել, որով, բնականաբար, հնարավոր չէ ճանապարհ կառուցել, այլ նախատեսվում է ավարտի հասցնել դպրոցների նորոգման աշխատանքներ, ջրագծեր անցկացնել, մշակութային օբյեկտներ վերանորոգել եւ այլն...
Իսկ Երեւանի կենտրոնական փողոցները հո իրենց գյուղը չեն, որ նորմալ` պարբերաբար նոր շերտ ստացող ասֆալտի կարիք չունենան… 7,5 միլիարդ դրամի: Հույս ունենք, որ Երեւանի քաղաքապետարանից գոնե մի օր կստանանք համապատասխան տեղեկատվությունը, թե վերջին հինգ տարիներին քանի փողոց է հիմնանորոգվել կամ վերանորոգվել, ասֆալտապատվել, ու որքան գումար է այդ նպատակով մեր պետությունը ասֆալտի տեսքով «փռել փողոցներում», ու պարզ կլինի, թե էլ ինչ «չէր կարող անել» կառավարությունը մարզերի կամ, թեկուզ, Երեւանի արվարձանների համար:
Ի դեպ, հենց հարցմանը չպատասխանելը իրավունք է տալիս յուրաքանչյուրիս մտածել, որ այնուամենայնիվ ճիշտ են այն բոլոր խոսակցությունները, որ Երևանի քաղաքապետարանում ասֆալտապատման անվան տակ փողեր են լվանում: Թե չէ ո՞րն է իմաստը` օրենքի խախտմամբ հարցմանը չպատասխանել:
Գեւորգ Ավչյան