Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Զորի Բալայանի հայտնի` ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին ուղղված բաց նամակի վերաբերյալ իր տեսայկետներն ու դիրքորոշումը yerkir.am-ին հայտնեց ԼՂՀ ՀՅԴ կենտրոնական կոմիտեի ներկայացուցիչ Դավիթ Իշխանյանը:
-Դուք, պարո'ն Իշխանյան, կարդացել եք Զորի Բալայանի նամակը` հասցեագրված ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին. ինչպիսի՞ դիրքորոշում ունեք այդ նամակի կապակցությամբ:
-Անկեղծ ասած` մեկ բան կա, որ կարող եմ կիսել հեղինակի հետ. դա մտահոգությունն է: Բայց եթե անգամ մտահոգությունը կա, ապա այդ մտահոգություներով հանդերձ` այդպիսի քայլի դիմել, անընդունելի է եւ անհեթեթություն է: Մտահոգություն ասելով` նկատի ունեմ թե' կոնկրետ ԼՂՀ հիմնահարցի վերաբերյալ, թե' ընդհանրապես համահայկական խնդիրների հանդեպ մտահոգությունները: Բայց մտահոգությունների ֆոնի վրա դիմել նման քայլի, դա ընդհանրապես անընդունելի է: Նման քայլերը որեւէ արդյունք տալ չեն կարող, եւ ակնկալել որեւէ գործնական քայլ, թերեւս, չենք կարող: Նամակը կարդալիս հենց առաջին տողերն ինձ հիշեցրեցին հայտնի «Նամակ ռուսաց թագավորին» ստեղծագործությունը, որը, թերեւս, ներկայացվում է սովորական դպրոցական աշակերտների` ինչ-որ դաս սովորեցնելու, դաս տալու: Այդ դասը մենք չսերտեցինք, եւ այս նամակի բովանդակությունը հիշեցնում էր հիշյալ ստեղծագործության մեջի նամակը:
Ինչ վերաբերում է կոնրետ Զորի Բալայանի նամակին, ապա կարող եմ ասել, որ մի քանի էջի վրա շարադրված, հայոց` վերջին մի քանի հարյուր տարվա պատմության տարբեր դրվագներով, տարբեր մեջբերումներով գեղարվեստական ֆոն տրված մի պատմական ակնարկ էր, որը կարող էր Զորի Բալայանը նաեւ հոդվածի կամ վերլուծականի տեսքով ներկայացնել հանրությանը, այլ ոչ թե` ՌԴ նախագահին: Եվ մեկ անգամ եւս իմ մեջ ամրապնդվեց համոզմունքն առ այն, որ հայ ժողովուրդը Խրիմյան Հայրիկի «երկաթե շերեփի» ու «թղթե շերեփի» դասերը, դժբախտաբար, այդպես էլ չի առել: Դա է մեզ թելադրում այս նամակի բովանդակությունը եւ էությունը. մենք առ այսօր չենք սերտել «երկաթե շերեփով» աշխարհին ներկայանալու դասը:
-Դուք նշեցիք, թե դրանք, միեւնույն է, գործնական քայլերի չեն բերելու. իսկ եթե բերեին, դուք նամակի բովանդակությունն ընդունելի՞ եք համարում:
-Ո'չ, տրամաբանությունն էլ անհասկանալի էր, ու ես որեւէ տրամաբանական մոտիվ չեմ տեսնում այստեղ: Պարզապես կարող ենք նույնիսկ «հուսահատական քայլի վերջին ճիչ» բնութագրել ինչ որ տեղ...
-Երբ ղարաբաղցին ԼՂՀ-ի վերաբերյալ նման նամակ է գրում, կոնկրետ Դուք` որպես մեկ այլ ղարաբաղցի, ինչպե՞ս եք վերաբերվում այդ երեւույթին:
- Շատ բացասական եմ վերաբերվում, ի վերջո' այն, ինչ ակնարկվում է նամակի մեջ մի քանի առումներով, հատկապես անդրադարձ ունենալով Գյուլիստանի պայմանագրին, հատկապես անդրադարձ ունենալով մոտ 200 տարի առաջ Արցախի միացմանը ցարական Ռուսաստանին, այդ իսկ առումով կա շատ փափուկ, կամ գուցե ոչ թե փափուկ, այլ հենց ուղղակի Արցախը Ռուսաստանի մեջ ներառելու ակնարկ: Վերջին 20-25 տարվա ազատագրական պայքարի ֆոնին եւ արդեն իսկ անկախ հանրապետություն ունենալով հանդերձ` այս նամակի ակնարկը որեւէ առումով չի տեղավորվում ոչ միայն որեւէ ղարաբաղցու, այլեւ որեւէ սթափ մտածող եւ դատող հայի ուղեղի, մտահորիզոնի ու տրամաբանության մեջ:
-Ձեր կարծիքով` Ղարաբաղցիների կողմից ինչպե՞ս կգնհատվի այս նամակը:
-Չեմ կարծում, թե ԼՂՀ-ից բավականին տեսակետեր հնչեն: Ղարաբաղի համապատասխան շրջանակները' քաղաքական եւ այլ շրջանակներ, թերեւս, իրենց տեսակետերն այդպես էլ չբացահայտեն` մի շարք դրդապատճառներով, թույլ տվեք փակագծերը շատ չբացել: Բայց չեմ կարծում, թե ԼՂՀ-ում ողջունվի այս նամակը: Որովհետեւ ես ոչ միայն ԼՂՀ-ում ներկայացված քաղաքական կառույցի պատասխանատու եմ, այլ նաեւ որպես ղարաբաղցի, այն ընկալումն ունեմ, որ նման ձեւաչափով փորձել հիմնախնդրի լուծման տարբերակ գտնել եւ փորձել այդ հիմնախնդրի մեջ տեղաշարժ ակնկալել, հատկապես վերջին տարիների պատմական այս շրջանն անցնելով, տեսնելով ու փորձառություն ձեռք բերելով, միամտություն կլինի.
-Պարո'ն Իշխանյան, Դուք ԼՂՀ ակտիվ հասարակական-քաղաքական գործիչներից եք, քաղաքական ուժի արցախյան կառույցի ղեկավար` իր բովաբնդակության մեջ նման ակնարկ ունեցող նամակն ինչպիսի՞ ազդեցություն կարող է ունենալ ԼՂՀ հարցի կարգավորման խնդրի վրա, կամ ընդհանրապես ԼՂՀ-ի շուրջ ձեւավորված մթնոլորտի վրա:
-Որեւէ քայլ պետք է ունենա իր գործնական դերակատարությունը, ու նոր դա լինի դրական կամ բացասական: Անկեղծ ասած` այս նամակը որեւէ անդրադարձ չի կարող ունենալ հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացի վրա. ես որեւէ անդրադարձ չեմ ակնկալում այս նամակից` թե' դրական, թե' բացասական: Ուղղակի, նորից եմ ուզում շեշտել` մեկ ընդհանուր շարադրանք էր`պատմական ակնարկի տեսքով ներկայացված ՌԴ նախագահին:
-Ի՞նչ եք կարծում' ի՞նչ հետեւանքներ կարող է ունենալ այս կամ նմանատիպ նամակը հայ հասարակության մտածելակերպի, կարծիքների ձեւավորման վրա:
-Հետեւանքներ եթե ունենա էլ, չեմ կարծում, թե հայ հասարակության վրա դրական հետեւանքներ կունենա: Ճիշտն ասած` ծանոթ չեմ` արդյոք վերջին օրերին նամակի առնչությամբ որեւէ մեկնաբանություն, վերլուծություն եւ այլն եղե՞լ է... բայց չեմ կարծում, թե որեւէ ձեւով նաեւ գովեստի կամ գովասանքի խոսք փոխանցվի Զորի Բալայանի այդ հայտնի նամակին: Որովհետեւ նման ոճը ժամանակակից աշխարհում, թերեւս, անընդունելի է, հատկապես քաղաքական գործընթացներում, հատկապես աշխարհաքաղաքական այնպիսի իրավիճակներում, ինչպիսին առկա է 2012-2013 տարիներին, ու նաեւ մեր տարածաշրջանում:
Հարցազրույցը` Գևորգ Ավչյանի