կարևոր
0 դիտում, 12 տարի առաջ - 2013-10-09 17:56
Առանց Կատեգորիա

Իրանական նոր պոեզիայի ընտրանի

Իրանական նոր պոեզիայի ընտրանի

Պիտի ինձ տուն տանեմ,
պիտի տանեմ երեսը լվանամ,
տանեմ՝ հանգստանա,
մխիթարեմ՝ չմտածի,
ասեմ՝ կանցնի, որ չտխրի...
Պիտի ինձ տանեմ քնեցնեմ.
ես հոգնած է:



Ալիռեզա Ռոշան

 

 

***

Բժիշկները տերմիններ ունեն,
որ մենք չենք հասկանում,
մենք' նրանց անհասկանալի ցավեր:
Անհասկացողությունը 
ցավ է անասելի -
երանի անասնաբույժներին:



Աքբառ Էքսիռ

 

***

Հանգստյան օրվա միջօրեին
ճամփի կեսին
անցանք իրար կողքով
ես ու մահը
նա քաղաք էր գնում, ես՝ գերեզմանոց:



Սաբիռ Հաքա

 

 

***
Ասենք 
այն, ինչ չեն ուզում:
Ասեն
այն, ինչ չենք ուզում:

Երբ անձրևի
անձրևանոցները 
ոչինչ էլ չեն փոխի:

Մենք 
անցած-դարձած դիպվածն ենք:



Նոսռաթ Ռահմանի

 

 

***

ԽՈՍՏԱՑԻՐ...

Խոստացիր, որ կգաս
բայց երբեք մի արի:
Եթե գաս
ամեն ինչ կփչանա
էլ չեմ կարող
այսպես խանդավառ
հայացքս ուղղել
ծովին ու ճամփին, 
ես ընտելացել եմ
այս սպասումին
այս թափառումներին
նավահանգստում ու կայարանում.
եթե գաս,
ո՞ւմ գալուն սպասեմ...

 

Ռասուլ Յունան

 

 

***

ԿԻՐԱԿԻ ԵՐԵԿՈ


Ուզում եմ
անպատասխան զանգ լինել քեզ համար
համար, որը չես գրանցել
մտովի կրկնես ինձ
չհիշես:

Ուզում եմ
առանց թույլտվության
թագավորեմ
ենթագիտակցությանդ մեջ:

 

Սառա Մոհամադի Առդեհալի

 

 

***

ԹՌՉՈՒՆՆ ՈՒ ՊԱՐԱՆԸ

Պատուհանս թակեց
ասացի- ո՞վ ես
ասաց- արևը
անտարբեր ձգեցի պարանը...

Պատուհանս թակեց
ասացի- ո՞վ ես
ասաց- լուսինը
անտարբեր ձգեցի պարանը...

Պատուհանս թակեցին
ասացի- ո՞վ եք
ասացին- աշխարհի բոլոր աստղերը
անտարբեր ձգեցի պարանը...

Պատուհանս թակեց
ասացի- ո՞վ ես
ասաց- մի ազատ թռչուն
խանդավառ բացեցի պատուհանս...

 

Խոսռո Գոլեսոռխի

 

 

***

ԹՌՉՈՒՆԸ ՄԱՀԿԱՆԱՑՈՒ Է 

Սիրտս նեղված է,
սիրտս նեղված է...


Դուրս եմ գալիս պատշգամբ
ու մատներս գիշերվա ձգված մաշկին հպում:


Մտերմության լույսերը մարած են:
Մտերմության լույսերը մարած են:
Ինձ ոչ ոք չի ծանոթացնի արևի հետ:
ինձ ոչ ոք չի տանի ճնճուղների խնջույքին :

Հիշիր թռիչքը
թռչունը մահկանացու է:

 

Ֆոռուղ Ֆառռոխզադ

 

 

***

ԴՈՒՌ 

Բարև... 
Ցտեսություն... 
եթե նոր բան կգտնեք 
ավելացրեք 
գուցե այս կորած դուռը բացվի: 

 

Հոսեյն Փանահի

 

***

ՀԻՆ ԾԱՌԸ

Դեմքիս կնճիռներ համար մի անհանգստացիր,
նարնջագույն ժպիտների համար մի անհանգստացիր,
աշունն ավելի չի ծերանա:

Հին ծառ եմ,
այնքան հին,
որ մոռացել եմ
մի օր
խնձո՞ր էի ծնում, թե՞ տանձ:

Տխուր երազանքներով,
ինչպես
ձեռնափայտը,
մահճակալը,
կամ փայտի կտորները
վառարանի կողքին:

 

Գառուս Աբդոլմալեքյան

 

Թարգմ.՝ Էդիկ Պօղոսեան

Խմբ.՝ Տաթեւ Չախչախյան

Նկարը՝ Ֆառամառզ Փիլառամ, անվերնագիր, 1972

 

Իրանական պոեզիայի նմուշներին ավելի համապարփակ կարող եք ծանոթանալ այստեղ` http://iranliter.blogspot.com/