կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-10-05 12:02
Առանց Կատեգորիա

"Առաջնորդախտի" ախտանիշներ են նկատվում

"Առաջնորդախտի" ախտանիշներ են նկատվում

Ինչպե՞ս է դիրքավորվելու Սերժ Սարգսյանը Մաքսային միության անդամ երկրների «ժողովրդավար» ղեկավարների կողքին…

 

Դեռեւս այն ժամանակ, երբ ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավորներ Արմեն Ռուստամյանը, Արծվիկ Մինասյանը, Աղվան Վարդանյանը, Վահան Հովհաննիսյանը եւ Արմեն Բաբայանը ԱԺ-ում շրջանառության մեջ դրեցին օրենսդրական նախագծերի փաթեթ, որով առաջարկվում էր խորհրդարանական ընտրություններն անցկացնել 100 տոկոս համամասնական ընտրակարգով, իսկ հետագայում, երբ ԱԺ ՀՅԴ ու «Ժառանգություն» խմբակցությունները առաջարկեցին անցում կատարել համամասնական ընտրակարգի եւ երկրի կառավարման  վարչապետական մոդելին, իրենց բավականին հետաքրքիր դրսեւորեցին Հայաստանի քաղաքական մեծամասնության ներկայացուցիչները:Նրանք, ճիշտ է, դեմ քվեարկեցին օրինագծերին, բայց հայտարարեցին, թե սկզբունքորեն դեմ չեն այդ մոտեցումներին, պարզապես դրանց կիրառման համար ամենահարմար ժամանակը չէ…

 

Այդ «միջադեպը», ուզենք, թե չուզենք, ստիպված ենք հիշել այս օրերին, մամուլում տեղեկություններ տարածվեցին, թե իշխանությունները «տակից» սահմանադրական փոփոխություններ նախաձեռնելու համար աշխատանքային խումբ են ստեղծել, որն էլ ակտիվորեն լծվել է այդ փոփոխությունները նախապատրաստելու աշխատանքներին: Ճիշտ է, այդ խոսակցությունները հերքվեցին, բայց փոխարենն անհերքելի են քաղաքական այն իրողությունները, որոնք մատնանշում են հենց սահմանադրական փոփոխությունների անխուսափելիությունն ու երկրի կառավարման պառլամենտական` վարչապետական համակարգի անցման անհրաժեշտությունը:

 

Ինչո՞ւ…  Որովհետեւ Սերժ Սարգսյանի շրջապատի կողմից նրա նկատմամբ  ձոնվող դեֆերամբները, ստիպում են մեզ այդպես մտածել և դիտարկել թե ովքեր են Մաքսային միության մյուս անդամ երկրների ղեկավարները:

 

Բելառուսի նախագահն է Ալեքսանդր Լուկաշենկոն, ով ներկայումս համարվում է Եվրոպայում միակ ու վերջին բռնակալը:

 

Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաեւը, ով 1995 թվականին լուծարեց իր երկրի Սահմանադրական դատարանը, փոխարենը ստեղծեց Սահմանադրական խորհուրդ, որի որոշումները վերջնական չեն, վերջին խոսքի իրավունքը, այնուամենայնիվ, պատկանում է նախագահին: Նազարբաեւի նախաձեռնությամբ` Ղազախստանի խորհրդարանը գնաց սահմանադրական փոփոխությունների ու երկարաձգեց Նազարբաեւի` նախագահ լինելու իրավունքը…

 

Իսկ ՌԴ նախագահն է Վլադիմիր Պուտինը, ով նախագահ դարձավ 2000 թվականից, նախաձեռնեց Պուտին-Մեդվեդեւ-Պուտին կոմբինացիան, որի արդյունքում ՌԴ ներկայիս վարչապետ Դմիտրի Մեդվեդեւը նախագահ եղած ժամանակ, այնուամենայնիվ իր մոտ '«նախագահ էր աշխատում»: Այսպիսով` արդեն 14 տարի է, ինչ Պուտինը դե ֆակտո իր ձեռքում է պահում Ռուսաստանի ղեկը, եւ առաջիկա տասնամյակում այն ոչ ոքի զիջելու ցանկություն չունի:

 

Մի խոսքով` չի բացառվում, որ Սերժ Սարգսյանը կարող է ընտրել, (եթե արդեն չի ընտրել) նրանց ընկերակցությունը, նրանց խաղի կանոնները. Եվ այդ պատճառով Հայաստանում` դեռեւս «տակից», բայց Սերժ Սարգսյանի պաշտոնավարման ժամկետի սպառվելուն հակառակ համեմատականությամբ, ավելի կկարեւորվի սահմանադրական փոփոխությունների «անհրաժեշտությունը»:

 

Նա ունի մի քանի տարբերակ: Առաջինը` իրեն հռչակել Հայաստանի «անփոխարինելի ու մեծ առաջնորդ» ինչպես օրեր առաջ համարյա այդպես `«Հայաստանի առաջնորդ», նրան ներկայացրեց հեռուստաընկերություններից մեկի լրագրողը: Սակայն այս տարբերակը, համենայն դեպս, 21-րդ դարում ընդունելի չէ:

 

Երկրորդ տարբերակը ռուսական մոդելն է` պրեզիդենտ-վարչապետ-պրեզիդենտ կոմբինացիայի խաղարկումը: Բայց այս տարբերակի նկատմամբ Հայաստանում վստահություն չկա, քանի որ մի երկրում, ուր ամեն առավոտ 3 միլիոն պոտենցիալ նախագահ է արթնանում, նախագահի աթոռը ինչ-որ մեկին, թեկուզ ժամանակավորապես զիջելուց հետո ոչ մի երաշխիք չկա, որ նա չի փորձի շրջանցել քեզ: Համենայն դեպս, անկախ Հայաստանի 22-ամյա պատմությունը ցույց է տվել, որ ամեն հաջորդ նախագահ փորձում է չեզոքացնել իր նախորդների վերադարձի հնարավորությունը:

 

Երրորդ տարբերակով Սերժ Սարգսյանը կարող է ընտրել Նազարբաեւի գծած ուղին` սահմանադրական փոփոխություններով երկարաձգել նախագահի վերընտրվելու կամ պաշտոնավարման իրավունքները ու մի 100 տարով ապահովագրել իրեն ու իր ժառանգորդներին: Բայց այս տարբերակը ժողովրդավարական չէ, իսկ Հայաստանը, ինչպես գիտենք, Սահմանադրությամբ է ամրագրել իր` «ժողովրդավարական» լինելը:

 

Ամենաիրատեսական ու «ժողովրդավարական» տարբերակը, բնականաբար, մնում է սահմանադրական փոփոխությունների միջոցով երկրում կառավարման մոդելի փոփոխությունը, որով կսահմանվի երկրի կառավարման պառլամենտական, նույնն է թե` վարչապետական համակարգ:

 

Ճիշտ է, այստեղ իշխանությունները մի փոքրիկ «զիջման» կգնան` զուգահեռ կսահմանեն նաեւ ԱԺ ընտրություններ` 100 տոկոսանոց համամասնական ընտրակարգով, դրանով իբր ընդառաջելով ընդդիմությանը, ու կհռչակեն, որ Հայաստանն այսուհետեւ պառլամենտական` վարչապետական կառավարման համակարգ ունեցող երկիր է: Հիշեք` ԱԺ-ում այդ հարցի քննարկման ժամանակ իշխող ուժը հայտարարեց, թե սկզբունքորեն դեմ չէ գաղափարին, ուղղակի դրա համար պատեհ ժամանակը չէ: Իսկ «պատեհ ժամանակը», բնականաբար, կլինի նախագահ Սերժ Սարգսյանի պաշտոնավարման վերջին տարիներին կամ տարում:

 

Այդ դեպքում ընդդիմությունը ոչ մի հակափաստարկ չի ունենա, քանի որ իշխանությունները, «խոհեմաբար» եւ «կառուցողական երկխոսության» սկզբունքներով առաջնորդվելով, ինստիտուցիոնալ առումով կսկսեն այն գործընթացը, որն անկեղծորեն առաջարկում էր ընդդիմությունը: Այսինքն` կստացվի այնպես, որ ընդդիմությունը «հոժարակամ» կերաշխավորի Սերժ Սարգսյանի` իշխանության երկարաձգումը. Եթե, իհարկե, հենց այսօրվանից համապատասխան քայլեր չձեռնարկվեն:

 

Այնպես որ` հավանաբար հեռատես էր հեռուստաընկերության այն լրագրողը, ով երկու օր առաջ Սերժ Սարգսյանին «Հայաստանի առաջնորդ» էր կոչում: Նրան լուրջ հեռանկարներ են սպասվում կարիերայի սանդուղքին:

 

Գևորգ Ավչյան