կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-10-05 11:34
Հասարակություն

Այսօր Ուսուցիչների օրն է

Այսօր Ուսուցիչների օրն է

Այսօր Ուսուցիչների մասնագիտական օրն է: ՀՀ ԿԳ Նախարար Արմեն Աշոտյանն այս առթիվ շնորհավորել է բոլոր ուսուցիչներին` նշելով. «Մանկավարժների մասնագիտական տոնը, տոնական հանդիսություններն ու միջոցառումները բոլորիս սրտերը լցնում են պատանեկան տարիների մաքուր ու անաղարտ հիշողություններով: Սիրելի’ ուսուցիչներ, ձեր ներկա սաներն ու շրջանավարտներն այսօր հնարավորություն են ստանում իրենց երախտիքի ու սրտի խոսքն ուղղել ձեզ, հարգանքի տուրք մատուցել տարիներ շարունակ իրենց կրթած ու դաստիարակած, մայրական ջերմությամբ համակած սիրելի մանկավարժներին: Անգամ նրանք, ովքեր հնարավորություն չունեն անմիջական շփվել և շնորհավորել ձեզ, համոզված եմ, որ մտովի և հոգով այս օրը ձեզ հետ են:

 

Այս տոնն առավել արժեքավոր է և գեղեցիկ, սրտամոտ է և հարազատ, քանի որ այսօր, առանց տարիքային սահմանափակման, իրենց ուսուցիչներին ջերմ խոսքեր են հղում բոլորը` սահմանին կանգնած զինվորն ու գեներալը, բժիշկն ու գիտնականը, մարզիկն ու արվեստագետը, այգեգործն ու պետական գործիչը: Այսօր մեր պետության հզորացման ու ազգային իղձերի իրականացման գործում մենք կրկին ու կրկին ապավինում ենք ձեզ, սիրելի’ ուսուցիչներ: Ձեր գիտելիքն ու վարպետությունը, ստեղծագործական ունակությունն ու կենսափորձը, ինչպես նաև հոգատարությունն ու ներողամտությունը խիստ անհրաժեշտ են նոր մարտահրավերներին դիմագրավելու, կրթության ոլորտում իրականացվող բարեփոխումների ընթացքն ու արդյունավետությունն ապահովելու համար:

 

Առանձնակի շնորհավորում եմ վաստակած հանգստի անցած մեր ավագ սերնդի մանկավարժներին, ովքեր շարունակում են խորհուրդներով և բազմամյա փորձով իրենց նպաստը բերել մեր ընդհանուր գործին: Ուսուցչի օրվա կապակցությամբ ջերմորեն շնորհավորում եմ Հայաստանի, Արցախի, Ջավախքի, Սփյուռքի ուսուցիչներին և ցանկանում եմ, որ նրանք այսուհետ ևս բարձր պահեն մանկավարժի վեհ կոչումը, մասնագիտական պարտականությունները կատարեն իրենց բնորոշ առանձնակի նվիրումով, բարեխղճորեն և ամենայն պատասխանատվությամբ:

 

Մաղթում եմ ձեզ տոնական բարձր տրամադրություն, աշխատանքային հաջողություններ, առողջություն, անձնական երջանկություն և ամենայն բարիք»: