Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ՀՀ կառավարությունն իր վերջին նիստում որոշեց վաղաժամկետ մարել Ռուսաստանից վերցրած 500 մլն վարկի մնացորդը: Սեպտեմբերի 18-ին թողարկված 700 մլն դոլար եվրաբոնդերի 440 մլն դոլարը տրամադրվելու է այդ նպատակով, որը ներառում է ինչպես մայր գումարի մնացորդի, այնպես էլ` հաշվարկված տոկոսների պարտքը: Հայաստանը Ռուսաստանից 500 մլն դոլար պարտքը վերցրել է 2009 թ.՝ 15 տարի ժամկետով, Libor+3 տոկոսադրույքով: Դա ամենածանր պայմաններով ստացված վարկային պարտավորություններից էր, որը, փաստորեն, կառավարությունը որոշեց մարել վաղաժամկետ:
«Նախ անհասկանալի եւ անտրամաբանական է, երբ կառավարությունն ընդամենը 4 տարի առաջ հիմնավորում էր, որ լավ վարկ է Ռուսաստանի կողմից 500 միլիոն դոլարի վարկային փաթեթը, եւ այն կապահովի երկրի սոցիալական առաջանցիկ զարգացումներ, 4 տարի անց ընդունում է մեղքը, որ դա խիստ թանկ վարկ է եղել»,- Yerkir.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ ՀՅԴ խմբակցության անդամ, ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ Արծվիկ Մինասյանը: Կառավարությունը, ըստ նրա, հիմա երկրորդ սխալն է թույլ տալիս՝ այդ վարկային ռեսուրսները փակելով մեկ այլ վարկի միջոցով:
«Որեւէ տրամաբանություն ինձ հայտնի չէ, թե ինչպես է ստացվում, որ ռուսական վարկն ավելի թանկ է դարձել, քան եվրապարտատոմսերով ստացված միջոցները: Զուտ մաթեմատիկական հաշվարկը ցույց է տալիս հակառակը: Իսկ եթե ռուսական վարկն օգտագործվել է անարդյունավետ եւ հիմա փորձ է արվում թաքցնել դա, այդ թվում` նաեւ փոխելով վարկային պորտֆելի կառուցվածքը, սա արդեն լրացուցիչ ուսումնասիրության առարկա է եւ չի բացառվում, որ առանձին քրեական հանցակազմի մասին կարող է խոսք լինել»,- նշեց Արծվիկ Մինասյանը:
Տնտեսագետ պատգամավորը հիշեց, որ Ռուսաստանից ներգրավված 500 միլիոն վարկային պորտֆելի մեջ կար մի կարեւոր ձեւակերպում, որով Հայաստանը հրաժարվում էր «Վնեշէկոնոմբանկի»՝ Հայաստանի մասնավոր եւ պետական ձեռնարկությունների հանդեպ ունեցած պարտավորություններից, որոնք ձեւակերպվել էին դեռ երկրաշարժի ժամանակ: «Հայաստանն էլ, որպես բարի կամքի դրսեւորում, որպես Ռուսաստանի կողմից զարգացման ծրագրի համար տրված վարկի կարեւոր պայման, հրաժարվում էր: Ի՞նչ է ստացվում. Հայաստանը հրաժարվեց այն գումարից, որ Ռուսաստանը պետք է տար Հայաստանին, ընդ որում' Հայաստանի փողերն էին դրանք, 4 տարի հետո մենք վերացնում ենք այդ վարկային պարտավարությունը Ռուսաստանի հանդեպ, բայց, մյուս կողմից, հրաժարվել ենք այն միջոցներից, որ մեզ պետք է հասնեին»,- ասաց Արծվիկ Մինասյանը:
Ռուսական վարկը, ըստ մեր զրուցակցի, շատ ավելի թանկ է նստել մեզ վրա, որ հիմա այսպես հեշտությամբ հրաժարվում ենք: Տնտեսագետ պատգամավորն առաջարկում է կա'մ վերադառնալ եւ համաձայնագրում փոփոխություն առաջարկել, որ հայկակայն կողմը չի հրաժարվում ռուսական բանկի կողմից Հայաստանի սուբյեկտներին ունեցած պարտավորություններից, եթե մենք հետ ենք վերադարձնում վարկը, կա'մ բանակցություն վարել եւ նվազեցնել ռուսական վարկի տոկոսադրույքը: Այլ պայմաններով մենք վերցրել ենք վարկը, որի բաղադրիչների մեջ բազմաթիվ այլ գործոններ են եղել, ներգրավել ենք մոտ 7-7.5 տոկոսով` ամբողջ ծառայությունների արժեքն էլ մեջը, եվրապարտատոմսերի միջոցներ եւ փակում ենք 4 տոկոսը չգերազանցող վարկային միջոցներ:
Այս իրադրությունից Արծվիկ Մինասյանի եզրակացությունը հետեւյալն է. «Կա'մ ռուսական վարկային միջոցներն օգտագործվել են խիստ անարդյունավետ, որոնց մասին կան նաեւ առանձին դրվագներ Վերահսկիչ պալատի հաշվետվությունների մեջ, կա'մ առանձին մարդիկ, որ վայելել են ռուսական վարկի հաճույքը, պատրաստ չեն այսօր այդ վարկային ռեսուրսները վերադարձնել պետությանը»:
ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանն էլ զարմացավ, որ մեզ մոտ հարց է առաջացել, թե ինչու ենք հապշտապ մարում վարկը. «Պատճառը շատ պարզ է՝ ռուսական վարկի մարումը ամեն տարի ավելի թանկ էր նստում մեզ վրա, քան եվրաբոնդերի մարումը»:
Մեր հարցին, թե, փաստորեն, պայմանները ժամանակին մեզ ձեռնտու չեն եղել, բայց վերցրե՞լ ենք վարկը, Գագիկ Մինասյանը պատասխանեց. «Ավելի լավ պայմաններով մեզ այն ժամանակ վարկ տվող չկար: Եթե մենք այն ժամանակ կարողանայինք եվրաբոնդեր թողարկել, լավ կլիներ: Այդ ժամանակ` ճգնաժամային տարում, որեւէ մեկը մեզ ավելի լավ վարկ չէր տալու: Եթե որեւէ մեկը տար, մենք կվերցնեինք»: