կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-09-29 21:57
Առանց Կատեգորիա

Ինչո՞ւ է ձեզ թվում, թե մինչեւ շքեղ կնունքը եկեղեցին բաց էր

Ինչո՞ւ է ձեզ թվում, թե մինչեւ շքեղ կնունքը եկեղեցին բաց էր

Հայե'ր, ինչի՞ եք խառնվել իրար: Ի՞նչ է տեղի ունեցել՝ օլիգարխը փակել է եկեղեցին: Իսկ միգուցե ասեի՞ք, թե ինչը պիտի փակեր նա: Եկեղեցին է փակվողը, փակել է եկեղեցին: Ժամանակին փակում էին Ազատության հրապարակը ժողովրդազերծ երդմնակալության համար, փակում էին փողոցները, որպեսզի մարդիկ հանրահավաքների չմասնակցեն: Ի՞նչ է արել օլիգարխը: Եվ հետո՝ ի՞նչ է նշանակում եկեղեցի փակել: Էդ մարդը եկեղեցին ինչպես բացել է, այնպես էլ փակում է: Դրանից դուք դադարե՞լ եք հավատալ Աստծուն: Եվ ինչո՞ւ է ձեզ թվում, թե մինչ այդ եկեղեցին բաց էր: Իրենք իրենցով արարողություն են արել իրենց սարքած պատերի մեջ: Ի՞նչ է նշանակում՝ կաթողիկոսը պետք է դրա համար պատասխան տա: Ինչի՞ համար, ինչ-որ սկզբո՞ւնք է խախտել, ինչ-որ մեկի՞ն է դավաճանել: Ոչ: Մարդու ձեռքով սարքած չորս պատի մեջ լռվել են որոշակիորեն մարդկային դեմք եւ նմանություն ունեցող մարդիկ, որոնք խիստ մարդկային գործողություն են ծավալել էդ չորս պատի մեջ: Էդ եկեղեցու մեջ որտե՞ղ եք տեսել անարգված Աստծուն: Մարդիկ չե՞ն այնտեղ նկարված սրբապատկերների հեղինակը: Այնպես որ` հանգիստ թողեք օլիգարխին:

 

Եկեղեցին, այսինքն` հոգեւոր աշխարհի պատասխանատուները, նրան են վերադարձրել եկեղեցաշինության հովանավորի պարտքը: Հենց տեղի ունեցածի ամբողջ «պատասխանատվությունը» տարածում եք մարդու վրա, ամեն ինչ տեղն է ընկնում: Շիլաշփոթը նրանից է, որ ձեզ թվում է, թե եկեղեցում ինչ-որ այլ բան պիտի տեղի ունենար: Այն ամենը, ինչ տեղի է ունենում, մարդկանց արածն ու անելիքն է: Ինչ-որ այլ հրաշքնե՞ր եք ակնկալում: Սպասում եք, որ եկեղեցին ինքն իրենով իբրեւ չորս պատ պետք է ընդդիմանա՞ր տեղի ունեցածին: Մոռացեք այդ մասին: Այս կյանքը ապրողների համար է, եւ, օլիգարխները, մասնավորապես, այն կարողանում են ապրել այնպես, ինչպես կարողանում են: Աստված նման դեպքերի համար չէ: Եվ ձեր դժգոհությունը ընկալելու, հասկանալու, ի գիտություն ընդունելու, ձեր հակամետության վարձքը երկնքում գնահատելու համար չէ Աստված: Եկեղեցին փակվե՞լ է ձեր քթի դեմ մի որոշակի ժամին, կբացվի մեկ այլ որոշակի ժամին, էսօր-էգուց էդ եկեղեցին բացվող էր: Թույլ տվեք, թող մարդիկ իրենց կնունքն ու ծնունդը իրենց պատկերացրած եկեղեցիներում անեն: Դուք ձեր Աստծուն երկրպագեք ձեր պատկերացրած եկեղեցիներում: Եվ եթե ուշադիր լինեք, գոնե պատերի եւ սրբապատկերների առումով ձեր եւ նրանց եկեղեցիներում տասը տարբերություն չեք գտնի: Որովհետեւ ձեզ թվում է, թե համաշխարհային ջրհեղեղին համարժեք բան է տեղի ունեցել: Կրկնում եմ, հիշեք, որ մարդը փող է աշխատեցրել իր երեխաների կնունքը իր պատկերացրած ձեւով անելու համար: Աստծո դատաստանը դրա համար բացառվում է: Սուրբ Հոգին անարգված չէ: Անարգված Սուրբ Հոգին գոնե մի քիչ թաքնված է լինում էդ կողմերում: Էնպես, որ դուք հասկանաք, ինքը կա, դիմադրում է, գետինն է մտնում:

 

Վաղը մեկ այլ օլիգարխ է եկեղեցին փակելու, պետք լինի՝ Մայր Աթոռը կփակի, հարկ եղած դեպքում քավորությունը կաթողիկոսը կանի: Ներսից կոտորվելու կարիք չկա: Կարելի էր կոտորվել, եթե եկեղեցին ձեր իրավացիության ներկայացուցիչը լիներ ու ինչ-որ մեկը փորձեր ոտնձգություն անել նրա նկատմամբ: Բայց եկեղեցին ձեր իրավացիության ներկայացուցիչը չէ, ավելին` որքան դուք եք իրավացի, այնքան էլ նա է իրավացի: Իշխանությունները նրան խցկել են իրենց ողորմածության քարանձավներն ու սնում են իրենց փողերով, իսկ էդ փողերը նաեւ օլիգարխներն են մուծվում: Ձեր օժանդակությունը մոմ գնելով չի՞ սահմանափակվում: Իսկ հլա մտածեք, թե ինչ մուծումներ են անում օլիգարխները: Հենց մտածեցիք, մոմերը կառարկայանան եւ նրանց, այսինքն` օլիգարխների բերանով կասեն՝ էդ ի՞նչ ենք անում, որ չի կարող կամ չպետք է անի մահկանացուն: Էդ կնունքի գլխավոր խորհուրդն այն է, որ, Աստծուն փառք, ամեն ինչ արվել է ափաշքարա, ձեզանից ոչինչ չեն թաքցրել: Այսինքն` դուք հիմա գիտեք, թե ինչպիսի «ինստիտուտուցիոնալ» արժեքների դաշտում է իրեն պատեպատ տալիս ձեր հավատը եւ այդ ամենի հետ ո՞վ ավելի շատ կապ ունի՝ դու՞ք, եկեղեցի՞ն, թե՝ օլիգարխը: Հանգիստ սպասեք մինչեւ եկեղեցին կբացվի:

 

Գուցե ի՞նքն էլ կարիք ուներ էդպիսի մի էկզեկուցիայի, որպեսզի վերջապես Հուդայի ճանապարհով վերադառնար Աստծուն:

 

Սեյրան Հանոյան