կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-09-11 17:16
Քաղաքական

Գաղտնիք չկա. Էդուարդ Նալբանդյան

Գաղտնիք չկա. Էդուարդ Նալբանդյան

Կառավարությանն ուղված հարցուպատասխանի ժամանակ ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը ԱԳ նախարար Էդուարդ Նալբանդյանից հետաքրքրվեց, թե երբ են հրապարակվելու Մաքսային միության եւ Ասոցացման համաձայնագրերի բովանդակությունները: Հակոբյանը նշեց, որ այնպիսի համապետական հարց, ինչպիսին Մաքսային միությանն անդամակցել-չանդամակցելն է, լուծվում է մեկ, երկու, երեք պաշտոնյաների սենյակներում: Իհարկե, ըստ Հակոբյանի, հնարավոր է, որ ամբողջ քաղաքական ինտելեկտը հավաքված լինի մեծամասնության շարքերում, բայց գոյություն ունի փոքրամասնություն, որի հետ էլ պետք է հաշվի նստել: Հակոբյանը նշեց, որ վաղը Բիշքեկ է մեկնում, եւ այնքան ինֆորմացված չէ Մաքսային միությանը վերաբերող հարցերին, որ պետք է «երեւի շպիոնություն խաղա, որ իմանանք ինչ է կատարվում մեր եւ ձեզ հետ»:

 

Ի պատասխան, ԱԳ նախարարը շտապեց Սահմանադրությունից մեջբերում անել, թե որոնք են նախագահի լիազորությունները: Նալբանդյանը հայտարարեց, որ միջազգային պայմանագրերը չեն հրապարակվում նախաստորագրումից  առաջ, անգամ դեպքեր են լինում, որ ստորագրումից հետո են հրապարակվում: «Գաղտնիք չկա այդ պայմանագրերի մեջ»,- վստահեցրեց նախարարը եւ նշեց, որ Մաքսային միության վերաբերյալ կոնկերտ փաստաթուղթ այս պահին գոյություն չունի, դրանք կարող են լինել բանակցությունների ընթացքում: Նախարարը տեղեկացրեց, որ բանակցությունները կսկսվեն հոկտեմբերի վերջին-նոյեմբերի սկզբին:

 

Իր հերթին, Ռուբեն Հակոբյանը զարմանք հայտնեց, որ, իր հարցին ի պատասխան, նախարարը Սահմանադրության հոդվածներն է մեջբերում, որին տեղյակ են ինչպես ինքը, այնպես էլ ԱԺ-ում նստած պատգամավորները: Պատգամավորը նշեց, որ Նալբանդյանից նման պատասխան չէր սպասում, հետո ընդգծեց, որ իր հարցն ավելի լուրջ էր, որ, փաստորեն, «քաղաքական կլուբն» է որոշում այս ազգի ճակատագիրը: Ռուբեն Հակոբյանը նաեւ վստահեցրեց, որ շատ լավ գիտի, թե երբ են հրապարակվում համաձայնագրերն ու միջազգային փաստաթղթերը, բայց սա այն դեպքը չէ, խոսքը վերաբերում է համապետական հարցի, եւ միջազգային պրոտոկոլը պետք չէ ամեն անգամ մեջբերել:

 

Նալբանդյանը եւս մեկ անգամ վստահեցրեց, որ երբեւէ որեւէ գաղտնիք չեն պահել. երկրի նախագահը, ԱԳՆ-ն թափանցիկ քաղաքականություն են վարում: ԱԳ նախարարը հայտարարեց, որ ՀՀ-ի որոշման եւ պատճառներին ըմբռնումով են մոտենում եվրոպացի գործընկերները, եւ որ պետք է շարունակել մերձեցումը ԵՄ-ի հետ: