|
Փոխարժեքներ
19 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.21 |
| EUR | ⚊ | € 427.9 |
| RUB | ⚊ | ₽ 5.1541 |
| GBP | ⚊ | £ 493.59 |
| GEL | ⚊ | ₾ 137.7 |
Երիտասարդ հանրապետականների համար քաղաքագիտական գիտելիքների խորացումը մնում է օրախնդիր: Մասնավորապես, դա հրատապ է հանրապետականների այն սերնդի համար, որին թեև լրագրողներն ու հանրությունը հեգնանքով համարում են երիտասարդ, բայց որոնք վաղուց են հատել երիտասարդության սեմը, թեև, ավաղ, այդպես էլ չեն իմաստնացել: Գոնե իրենց տարիքի համեմատ:
Մաքսային միությանը միանալու վերաբերյալ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի հնչեցրած գնահատականները վիրավորել են ՀՀԿ վերնախավին, ահա թե ինչու վերստին ասպարեզ է իջել Էդուարդ Շարմազանովը: Վերջինս իրեն թույլ է տվել առաջին նախագահին անվանել «քաղաքական թոշակառու»: Եվ քանի որ նշանավոր ՀՀԿ-ականը, ՀՀԿ մամուլի խոսնակը, ԱԺ նախագահի տեղակալը ակնհայտորեն խեղաթյուրված պատկերացումներ ունի քաղաքականության ու թոշակառուների մասին, թերևս արժե նրան հիշեցնել մեկ-երկու տարրական բան նույն` քաղաքականության բնագավառից:
Նախ` ակնհայտ է, որ Շարմազանովը քաղաքական գործչի թոշակառու լինելու կամ չլինելու հանգամանքն ուղղակիորեն կապում է ոչ այնքան քաղաքական գործընթացներին մարդու մասնակցելու, որքան որևէ ծանրակշիռ պաշտոնով նույն քաղաքական գործընթացների վրա ազդելու հնարավորության հետ:
Ի դեպ, նախկինում այս միտքը բազմիցս և հրապարակավ կրկնել է Շարմազանովի գաղափարական ավագ Գալուստ Սահակյանը` պնդելով, թե ընդդիմության դերակատարությունը քաղաքական գործընթացներում «զրոյական» է, որովհետև իշխանության շարքերում, որպես ընթացիկ քաղաքական որոշումների վրա ազդող ուժ, չկա որևէ ընդդիմադիր քաղաքական գործիչ (իրենք միայնակ են տանում իշխանության հոգեմաշ լուծը):
Մինչդեռ բոլոր երկրներում էլ ընդդիմությունը կոչված է ոչ այնքան քաղաքական որոշումների կայացմանը մասնակցելուն, որքան քաղաքական գործընթացներն ուղղորդելուն:
Դառնանք «թոշակառուի» խնդրին: Շարմազանովը, պատմաբան լինելով, պիտի որ ուսումնասիրած լիներ անցյալ դարի ականավոր քաղաքական գործիչներից Ուինստոն Չերչիլի կենսագրությունը: Արդ կարո՞ղ է Շարմազանովը հանրապետականի աներկմտությամբ պատասխանել հետևյալ հարցին` Չերչիլը ե՞րբ էր առավելագույնս ազդեցիկորեն ընդգրկված քաղաքականության մեջ` այն տարիներին, երբ իր քաղաքական գործունեությունը ծավալում էր ի պաշտոնե՞ (լինելով բրիտանական պառլամենտի անդամ, նախարար, վարչապետ), թե՞ «թոշակառու» տարիներին, երբ ամերիկյան փոքրիկ մի քաղաքում` Ֆուլտոնում, ծերացած ու հիվանդ, իր նշանավոր ճառն էր արտասանում` հիմք դնելով սառը պատերազմի դարաշրջանին:
Քավ լիցի, միանգամայն հեռու ենք այն մտքից, որ Տեր-Պետրոսյանը Չերչիլ է կամ հիշեցնում է նրան, սակայն տարակույս չունենք, որ նա «քաղաքական թոշակառու» չէ մի պարզ պատճառով` քաղաքականության մեջ թոշակառուներ չեն լինում:Ինչը չես կարող ասել թերուսների մասին:
Լևոն ՍԱՐԳՍՅԱՆ