|
Փոխարժեքներ
31 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.36 |
| EUR | ⚊ | € 449.01 |
| RUB | ⚊ | ₽ 4.8711 |
| GBP | ⚊ | £ 515.6 |
| GEL | ⚊ | ₾ 141.54 |
Սահմանադրության փոփոխությունների հանձնաժողովի կազմը նախագահի` սեպտեմբերի 4-ի հրամանագրով հանրությանը մատուցվեց իբրև «մասնագիտական»: Սեպտեմբերի 3-ին հաջորդած հասարակական բուռն արձագանքների թոհուբոհում այդ որակմանը, սակայն, հարկավոր ուշադրություն չդարձվեց:
Արդյո՞ք այն փաստը, որ հանձնաժողովի կազմում իրավագիտության դոկտոր-պրոֆեսորներ են` միայն կամ գրեթե, բավական է հայտարարելու, որ հանձնաժողովը մասնագիտական է: Խոսքն, անշուշտ, այն մասին չէ, որ հանձնաժողովում որևէ այլախոհ կամ ընդդիմադիր իրավաբան ընդգրկված չէ, խոսքը հանձնաժողովի` իսկապես պրոֆեսիոնալիզմի մասին է:
Հիշեցնենք, որ իշխանությունները պատրաստվում են ՀՀ Սահմանադրության մեջ փոփոխություններ կատարել, բայց թե ի՞նչ փոփոխություններ, պարզվում է, գոնե մոտավոր կերպով գաղափար չունեն արդեն նշանակված հանձնաժողովի անդամները: Նրանցից մի քանիսը թեև հրապարակավ հայտարարել են հանձնաժողովի կազմում նվիրումով աշխատելու ցանկության մասին, բայց թե ինչի վրա են թափելու իրենց «մասնագիտական» քրտինքը, հայտնի չէ: Եվ սա կատարյալ նոնսենս է. հանձնաժողովը պատրաստ է աշխատել, բայց դեռ չգիտի` ինչի վրա: Ուրեմն` ինչով է այն «մասնագիտական»: Գիտական աստիճաններով ու զբաղեցրած պաշտոններո՞վ:
Հանձնաժողովի անդամների տված հարցազրույցներից ու մամուլի ասուլիսներից պարզ է մի բան` ապագա փոփոխությունների բովանդակության վերաբերյալ ստույգ մանրամասներ գիտի միայն նա, ով ստորագրել է մասնագիտական հանձնաժողովի կազմը` երկրի նախագահը: Փաստորեն` միակ «մասնագետը»:
Բայց առավել հետաքրքրականն այն է, որ հանձնաժողովի անդամները չեն դադարում հայտարարել, թե սահմանադրական փոփոխություններն անխուսափելի են. կյանքը փոխվում է, ժամանակներն ու իրականությունը փոխվում են, հետևաբար`ժամանակավրիպության կնիքից ազատվելու համար սահմանադրությունները պիտի փոփոխվեն: Միանգամայն ճշմարիտ պնդում, ինչը, սակայն, պիտի նշանակեր, որ հանձնաժողովականներն արդեն իսկ արձանագրել են հասարակական, քաղաքական և իրավական այն նոր իրողությունները, որոնք սահմանադրական փոփոխությունների կարիք են առաջացնում: Բայց եթե հարգարժան մասնագետները գաղափար իսկ չունեն առաջիկա փոփոխությունների մասին, ուրեմն նրանք անհրաժեշտ չափով իրազեկ և ուշադիր չեն երկրի հասարակական-քաղաքական կյանքի, մասնավորապես` իրավական ոլորտի նկատմամբ, հետևաբար խնդրահարույց նրանց «մասնագիտականությունն» ու սահմանադրության փոփոխություններ մշակելու կոմպետենտությունը:
Լևոն ՍԱՐԳՍՅԱՆ