ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն այսօր Երևանի թիվ 189 ավագ դպրոցում տեղեկայված քննական կենտրոնում մասնակցել է «Հայոց լեզվի և գրականության» միասնական քննությանը:
Նախարարը շրջել է քննասենյակներում, զրուցել դիմորդների հետ, նրանց մաղթել հաջողություն. «Հավատացնում եմ ձեզ, որ թեստերն ավելի դյուրին են, քան դուք պատկերացնում էիք նախապատրաստվելու փուլում: Նախապես մի շարք խնդրահարույց առաջադրանքներ շտեմարաններից հանվել են, և եթե այդ ամենից հետո թեստերում լինեն երկիմաստ առաջադրանքներ կամ, այսպես կոչված, քննական ծուղակներ, հավատացած եղեք, որ այդ հարցը լուծում է ստանալու հօգուտ ձեզ»,- դիմելով դիմորդներին՝ ասել է ՀՀ ԿԳ նախարար Ա. Աշոտյանը:
Նախարարը նաև նշել է, որ ինքն եկել է ծանոթանալու քննական պայմաններին, հանգստացնելու և քաջալերելու դիմորդներին և նրանց ծնողներին. «Կառավարությունն իր քաղաքականությամբ ստեղծում է բոլոր անհրաժեշտ պայմանները՝ ուսանողների և դիմորդների համար, և քննությունն ընդամենը փոքրիկ խոչընդոտ է, որը պետք է հաղթահարել»,- նշել է ՀՀ ԿԳ նախարարը:
Անդրադառնալով «Հայոց լեզվի և գրականության» քննությանը՝ ՀՀ ԿԳ նախարարը նշել է, որ այն բուհական ընդունելության ամենազանգվածային քննությունն է և հանրային ընկալման մեջ ամենասպասվածն ու անհանգստացնողը, որի հետ կապված մասնագիտական վեճերը, սովորաբար, անխուսափելի են լինում, քանի որ մասնագիտական հանրույթը դժվարությամբ է գալիս ընդհանուր հայտարարի:
«Ինչպես գիտեք, մասնագիտական վեճ էր ծավալվել, տասնյակից ավելի քննական առաջադրանքներ, որոնք խնդրահարույց էին համարվում, հանվել են շտեմարաններից: Հեղինակների հավաստիացմամբ՝ թեստերում չեն լինելու երկիմաստ կամ կրկնակի ճիշտ պատասխան ենթադրող առաջադրանքներ: Քննական թեստը գաղտնի է, և, բացի խոստումից ու հավաստիացումից, այս պահին այլ բան վստահաբար հավաստելը դժվար է»,- նշել է նախարարն ու հավելել, որ քանի դեռ քննությունը չի ավարտվել, իր համար նույնպես պարզ չէ` թեստն իրականում որքանով է հաջողված:
Ա. Աշոտյանը նշել է, որ հունիսի 1-ին տեղի ունեցած «Ռուսաց լեզվի» քննության միջին գնահատականը եղել է 11 միավորի շրջանակում, և դժգոհություններ կամ բողոքներ դեռևս չկան: Նախարարը զրուցել է նաև դպրոցի բակում հավաքված դիմորդների ծնողների հետ, պատասխանել բուհերում ուսման վարձավճարների բարձրացման, շտեմարանների առաջադրանքների ու այլ մտահոգությունների հետ կապված հարցերին:
Գնահատման և թեստավորման կենտրոնի տնօրեն Գագիկ Մելիքյանը տեղեկացրել է, որ «Հայոց լեզվի և գրականություն» առարկայի քննություն հանձնում է շուրջ 9000 դիմորդ, քննությունը կազմակերպվել է 36 քննական կենտրոններում: Քննության արդյունքները կհրապարակվեն 5 օր անց, իսկ քննական թեստի ճիշտ պատասխանները՝ քննության օրը՝ ԳԹԿ և ՀՀ ԿԳՆ պաշտոնական կայքերում: