|
Փոխարժեքներ
30 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.46 |
| EUR | ⚊ | € 448.71 |
| RUB | ⚊ | ₽ 4.9132 |
| GBP | ⚊ | £ 514.86 |
| GEL | ⚊ | ₾ 141.69 |
ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը ռազմագիտական, ռազմա-տեխնիկական «գիտելիքների» ու դիդակտիկ նյութերի «վերլուծության» արդյունքում հանգել էր եզրակացության, որ Հայաստանը դեռեւս 2011 թվականից է չինական AR1A համազարկային կրակի ռեակտիվ կայաններ ունեցել:
«Պարզվում է, Հայաստանը ունեցել է չինական AR1A հրթիռային համալիրներ դեռևս 2011 թվականից: Նրանցից մի քանիսը ցուցադրվել են Հայաստանի Անկախության 20-ամյակին նվիրված զորահանդեսին: Ցավոք, ինչպես հաճախ է լինում, մեր ունեցածը գնահատելու համար մեզ երբեմն երկար ժամանակ է հարկավոր: Թե չէ` Ադրբեջան, ՍՄԵՐՉ, 2013, եսիմ ինչ... Հայրենիքիս պաշտպանությունը հուսալի ձեռքերում է»,- իր վեյսբուքի էջում գրել էր ՀՀ Արմեն Աշոտյանը, ինչն էլ բազմաթիվ «լրատվամիջոցներ» անմիջապես տարածեցին` լուրի տեսքով: Հենց ԿԳ նախարարի գրառման մեկնաբանություններում արդեն նախարարի «պորտը տեղը դրեցին». օգտատերերից մեկն անմիջապես ուղղել էր նախարարի սխալը` «Eduard Sekhleyan Սխալվում եք, մերը WM 80 է 1990 թ.արտադրության: Իմիջիայլոց, չինական բանակը հրաժարվելա գնել այս մոդելը եւ այն արտադրվել է մի քանի տասնյակ միավոր: Հարգելիներս, գոնե պաշտպանության հարցերում շոու մի արեք, շոուներով պատերազմում չես հաղթի»:
Աշոտյանը, բնականաբար, անպատասխան չթողեց ու գրեց` «հաստատ ոչ շոուների մասնագետ եմ, ոչ էլ սպառազինությունների, շատերիդ նման հետաքրասեր ընթերցասեր եմ»:
Հասկանալի է, որ Աշոտյանը սպառազինությունների մասնագետ չէ` նույնիսկ տեղյակ էլ չէ սպառազինություններից: Դրանց ծանոթանալու լավ առիթ կլիներ բանակում ծառայելը, որ «հայրենիքի պաշտպանությունը», որի մասին հիշատակել էր Աշոտյանը, 720 օր էլ իր ձեռքերում լիներ...
Այնպես որ` Աշոտյանը, լավ կլիներ, որ իր ոլորտի խնդիրներով զբաղվեր. այնտեղ էլ դրանք քիչ չեն: Առավել եւս այս օրերին, երբ բողոքի ալիքի պատճառ է դարձել հենց իր ոլորտի` ուսման վարձավճարների թանկացման խնդիրը: Իսկ ռազմագիտական, ռազմա-տեխնիկական հարցերով զբաղվողներ կան, որոնք, անգամ եթե մասնագետ էլ չեն, գոնե բանակում ծառայելու տարիներին որոշ բաներ տեսել են ու գիտեն, թե ինչի մասին են գրում...