կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-08-21 14:35
Առանց Կատեգորիա

Չինական ''Սմերչ''-ի հայկական ոդիսականը

Չինական ''Սմերչ''-ի հայկական ոդիսականը

Հղում կատարելով սեփական աղբյուրներին` օրեր առաջ «Ազատություն» ռադիոկայանը տեղեկատվություն հրապարակեց այն մասին, թե Հայաստանի զինված ուժերը ձեռք են բերել չինական արտադրության նոր հրթիռային AR1A համակարգ, որը համարվում է ռուսական «Սմերչ» հայտնի համակարգի մոդեռնիզացված, 130կմ հեռահարությամբ տարբերակը: Տեղեկատվության մեջ չի նշվում, թե քանի համակարգի մասին է խոսքը և թե հատկապես որ երկրից է հայկական կողմն այն ձեռք բերել: ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը ոչ հաստատել և ոչ էլ հերքել է հրթիռային այս համակարգի ձեռբերման մասին տեղեկատվությունը` նշելով, սակայն, որ Հայաստանի զինված ուժերը անընդհատ համալրվում են ժամանակակից զինատեսակներով և բարձրացնում են իրենց մարտունակությունը:

 

Առ այսօր համարվում էր, որ Հայաստանը չունի այս դասի հրթիռային համակարգ, և այս մասով տանուլ է տալիս մրցակցությունը Ադրբեջանին, որը, հիշեցնենք, ընդամենը ամիսներ առաջ բացահայտված ռուս-ադրբեջանական 1մլրդ դոլարի հասնող գործարքի միջոցով ձեռք էր բերել միանգամից մի քանի «Սմերչ» համակարգ: Եվ այս իմաստով տարածված տեղեկատվությունը հայկական կողմի նոր ձեռքբերման մասին առաջին հերթին ունի հոգեբանական նշանակություն` թե Ադրբեջանի և թե Հայաստանի հասարակայնությանը ցույց տալու համար, որ Հայաստանը ետ չի մնում Ադրբեջանից ժամանակակից հարձակողական զինատեսակների ձեռքբերման հարցում: Սա ուժերի ներկայիս բալանսը պահպանելու իմաստով կարևոր ուղերձ էր թե Ադրբեջանին և թե առհասարակ միջազգային հանրությանը:


Սակայն հոգեբանականից զատ, այս տեղեկատվությունն ունի նաև քաղաքական կարևոր ենթատեքստ և ուղերձ: Փաստացի այն տարածվեց ռուս-ադրբեջանական հայտնի գործարքի, բայց հատկապես անցած շաբաթ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի` Ադրբեջան կատարած աշխատանքային այցի ֆոնին: Խնդիրն այն է, որ այդ այցի շրջանակներում համատեղ ասուլիսի ժամանակ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հատուկ հայտարարեց, թե Ռուսաստանից զինտեխնիկայի ձեռբերման ծավալները չափվում են ոչ թե մեկ, այլ չորս միլիարդ դոլարի սահմաններում: Եվ պատահական չէ, որ անցած տարվա տվյալներով Ադրբեջանը դարձել է ռուսական զենքի 5 ամենախոշոր պատվիրատուներից մեկը: Այն հանգամանքը, որ Հայաստանի ստրատեգիական գործընկերը համարվող Ռուսաստանը նման ծավալներով զենք է մատակարարում Ադրբեջանին` անտեսելով նույնիսկ ՀԱՊԿ-ի հիմնարար փաստաթղթերով սահմանված` կազմակերպության անդամ պետություններից որևէ մեկի շահերից չբխող գործողությունների չդիմելու սահմանափակումը, ստիպում է հայկական կողմին մտածել իր ռազմական գնումների աշխարհագրությունն ընդայնելու, դիվերսիֆիկացնելու մասին: Իհարկե, այս առումով դժվար է առանձին վերցրած այս ձեռքբերման հետ կապված հեռուն գնացող ենթադրություններ կամ պնդումներ անել ռազմաստրատեգիական ոլորտում հայ-ռուսական հարաբերությունների մասին: Նախ` խոսքը վերաբերում է միայն հրթիռային կոնկրետ մեկ տեսակի համակարգին, և մեկ կոնկրետ գործարքին, որի նմանը, ի դեպ, եղել է նաև նախկինում, որոնք ռուսական կողմն առանձնապես ծանր չի տարել: Եվ պետք է ենթադրել, որ հայկական կողմի համար «Սմերչ»-ի մրցակիցը համարվող համակարգի ձեռքբերմամբ, անգամ երբ խոսքը վերաբերում է չինական տարբերակին, Հայաստանը փորձում է հասկացնել, որ կարող է մտածել զինտեխնիկայի ձեռքբերման, սեփական անվտանգության երաշխավորման այլընտրանքային ուղիներ գտնելու մասին, ինչը, իհարկե, չի նշանակում, թե Երևանը ձգտում է ընդհանրապես այս ոլորտում Ռուսասատանին զրկել ունեցած հեգեմոն կարգավիճակից: Պատահական չէ, որ չինական AR1A համակարգի ձեռբերման մասին տեղեկատվության հրապարակումը համընկավ «Ալագյազ» լեռնային պոլիգոնում ռուս-հայկական համատեղ տակտիկական 5-օրյա զորավաժությունների մեկնարկին, որն ավարտվելու է օգոստոսի 24-ին:


Ադրբեջանին 1մլրդ դոլարի հարձակողական ժամանակակից տեխնիկա վաճառելու հանգամանքը Մոսկվան պաշտոնական և ոչ պաշտոնական մակարդակնելով փորձեց հիմնավորել նրանով, որ ավելի լավ է Ադրբեջանը զինտեխնիկա ստանա Ռուսաստանից, քան այլ երկրից, ինչը հնարավորություն է տալու այդ երկիրը պահել մշտական կախվածության և ըստ այդմ նաև վերահսկողության ներքո: Իր արսենալը ոչ ռուսական արտադրության հրթիռային կայանքով համալրելով` Հայաստանը փորձում է ցույց տալ, թե բավարարված չէ դա իր շահերի զոհաբերման միջոցով ապահովելու ռուսական քաղաքականությամբ: Որովհետև եթե առաջնորդվենք ռուսական կողմի վերոնշյալ հիմնավորումներով, ապա ստացվում է, որ Հայաստանը քայլ է կատարում հենց Ռուսաստանի ազդեցությունը նվազեցնելու, նրա համար ավելի քիչ կանխատեսելի և վերահսկելի դառնալու ուղղությամբ: Եվ այս իմաստով Հայաստանը փորձում է դրդել Մոսկվային ավելի լուրջ մոտենալ իր ստանձնած պարտավորություններին ու տարածաշրջանում ուժերի առկա հարաբերակցությանը


Այլ խնդիր է, թե որքանով կարելի է այս ձեռքբերումը, եթե իհարկե, տեղեկատվությունը համապատասխանում է իրականությանը, համարել իսկապես լուրջ համալրում և լիարժեք այլընտրանք ռուսական զինտեխնիկային: Խնդիրնը նույնիսկ չինական արտադրության AR1A համակարգի որակական հատկանիշների հանդեպ վստահության պակասը չէ, որն ավելի շատ ձևարոված ստերոտիպների հարց է: Այլ այն հանգամանքի, թե որտեղից է հայկական կողմը գնել այն: Չինական արտադրանք լինելը, բնականաբար դեռ չի նշանակում, որ Հայաստանն այն ձեռք է բերել հենց Չինաստանից, չնայած բացառել դա ևս հնարավոր չէ: Եթե այն իսկապես բերվել է Չինաստանից, դեռ պետք է հասկանալ` արդյոք սա տեղավորվում է սովորական բիզնեսի համատեքստու՞մ, թե՞, այնումանայնիվ, բխում է նաև Չինաստանի ստատեգիական, աշխարհաքաղաքական շահերից, որին հակադրվում է, իհարկե, թուրքական գործոնի հզորացումն իր անմիջական հարևանությամբ: Հատկանշական է, որ երկու տարի առաջ, կապված Հայաստանի կողմից Չինաստանից զինտեխնիկա գնելու մասին տարածված տեղեկությունների հետ, այն ժամանակ Ադրբեջանում ՉԺԴՀ-ի դեսպան Հոն Ցուին հայտարարել էր, թե իր երկիրը չի վաճառել, չի վաճառում և ապագայում էլ չի պատրաստվում զենք-զինամթերք վաճառել Հայաստանին: Այս դիրքրոշումը նա հիմնավորել էր հետևյալ կերպ. «Մենք աջակցում ենք միմյանց (նկատի ունի Ադրբեջանին-հեղ.) այնպիսի հարցերում, ինչպիսիք են ինքնիշխանությունը և տարածքային ամբողջականությունը: Տարածաշրջանային և միջազգային բազմաթիվ հարցերում մեր հայացքները համընկնում են»: Ընդհանրապես Հայաստանը միշտ ըմբռնումով է մոտեցել ԼՂ հարցը առավելապես Ադրբեջանի տարածքային ամբողջականության համատեքստում դիտարկելու Չինաստանի կեցվածքին` թերևս նկատի առնելով նրա ունեցած Տիբեթի և այսպես կոչված Արևելյան Թուրքիստանի հիմնախնդիրները: Այնպես որ այս իմաստով շատ հարցեր հայ-չինական հարաբերություններում ավելի շատ պարզաբանումների կարիք ունեն, քան կարելի է դատել զուտ առանձին վերցրած մեկ գործարքի հիման վրա:


Սակայն որքան հավանական է, որ չինական «Սմերչ»-ը ձեռք է բերվել Չինաստանից, նույնքան էլ հավանական է, որ այն գնվել է երրորդ երկրից: Եթե իսկապես այդպես է, ապա այդ հանգամանքն ինքնստինքնյան ավելի է մեծացնում կասկածները ձեռք բերված համակարգի(երի) որակի հետ կապված, որովհետև հասկանալի է` երրորդ երկրները հիմնականում վաճառում են իրենց զինված ուժերի համար անպիտան կամ ժամկետանց համարվող զենքերը:

 

Այս իմաստով պետք չէ թերագնահատել նաև գործարքի ֆինանսական կողմը: Խնդիրն այն է, որ Հայաստանն առ այսօր Ռուսաստանից զենք է ձեռք բերել ներռուսաստանյան շուկայական գնելով, այսինքն անհամեմատ ավելի էժան, քան ՌԴ-ն վաճառում է այլ երկրների: Հարց է առաջանում` որքանո՞վ է այս գործարքը համադրելի Ռուսաստանից արվող գնումների և գների հետ, հաշվի առնելով ընդհանրապես Հայաստանի գնողունակության խնդիրը: Այս հարցը, սակայն մեծապես կախված է նրանից, թե այս ձեռբերմամբ ինչ խնդիր է փորձել լուծել Հայաստանը: Եթե նպատակը եղել է մրցունակության և զինված ուժերի մարտունակության ապահովումը, ապա պետք է ակնկալել, որ հայկական կողմը շեշտը դրել է հենց որակի վրա և արժեքին էական նշանակություն չի տվել` հաշվի առնելով նաև դրա թողած հոգեբանական ու քաղաքական նշանակությունը: Սակայն ամբողջապես անհասկանալի կլինի, եթե Հայաստանը այս գործարքին գնացել է ընդամենը տպավորություն թողնելու, կարծիք ստեղծելու համար, և նախընտրել է դա անել երրորդ երկրներից անորակ զինտեխնիկա ձեռք բերելու միջոցով:

 

Գևորգ Դարբինյան