կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-05-15 14:10
Իրավական

Կարիկ Պասմաճյանի անհետացման ոդիսականը

Կարիկ Պասմաճյանի  անհետացման ոդիսականը

1989 թ. օգոստոսի առաջին օրերին Խորհրդային Միության կենտրոնական մամուլն ու հեռուստատեսությունը կարճ ու դաժան մի հաղորդագրություն տարածեցին. «Հուլիսի 29-ին, Մոսկվայում, չպարզված հանգամանքներում անհետացել է ֆրանսիացի միլիոնատեր Կարիկ Պասմաճյանը» :

 

Այդ ժամանակների համար այս լուրն իսկապես սենսացիոն էր: Խորհրդային Միություն կոչվող տարածքում շատ ու շատ մարդիկ գուցե անուշադրության մատնեին որեւէ հաղորդագրություն, որում եթե ասվեր, որ անհետացել է արվեստի գիտակ, բանաստեղծ, գեղագետ արտասահմանցի մեկը: Բայց ահա, «միլիոնատեր» բառը կարող էր մեծ արձագանք առաջացնել: Հոգեբանական գործոնը ճիշտ էր ընտրված:

 

Ի՞նչ կատարվեց այդ օրը` 1989-ի հուլիսի 29-ին:

 

Կարիկ Պասմաճյանի այդ այցը Խորհրդային Միություն, եթե կարելի է այսպես անվանել «սովորական աշխատանքային այց» էր:  Նա Մոսկվա էր ժամանել ԽՍՀՄ մշակույթի նախարարության հրավերով: Ինչպես նշում են Ռուսաստանի լրատվամիջոցները, խորհրդային չինովնիկներն անհամբերությամբ էին սպասում Կարիկի այս այցին, նա խորհրդային թանգարաններին նվեր էր բերում իր միջոցներով գնած 5 արժեքավոր նկար, որոնց թվում էին նաեւ Կորովինի կտավները:

 

Նա կանգ էր առել «Ռոսիա» հյուրանոցի 703 լյուքս համարում: Որոշել էր Մոսկվայում անցկացնել մի քանի օր, եւ նրա այցելության գրաֆիկը շատ ծանրաբեռնված էր. ամեն հանդիպում ու այց գրանցված էր: Փարիզ պետք է վերադառնար հուլիսի 31-ին, ուր շատ կարեւոր գործնական հանդիպում ուներ:

 

Այդ օրը` հուլիսի 29-ին, նրա համարում հյուրընկալվեցին Երվանդ Քոչարի որդիները` Հայկազը եւ Ռուբենը, ինչպես նաեւ Հայկազի կինը` արվեստաբան, Երեւանում Երվանդ Քոչարի թանգարանի տնօրեն Լալա Մարտիրոսյան-Քոչարը: 2003 թ. նոյեմբերին մենք փորձեցինք վերջինից իմանալ, թե ինչ առիթով էր այս հանդիպումը, որովհետեւ ռուսական մամուլում (մասնավորապես «Վերսիա» շաբաթաթերթի 2000 թ. նոյեմբերյան համարում) տարօրինակ մի ձեւակերպում կա.«... Ըստ պաշտոնական վարկածի, համարվում էր, որ Քոչար-Մարտիրոսյան զույգը միլիոնատիրոջ հետ զրուցել է բացառապես արվեստի թեմաներով: Դա շատ կարեւոր պահ է, քանզի ավելի ուշ կբացահայտվի, որ դա, մեղմ ասած, իրականությանը չի համապատասխանում»: 

 

Տիկին Լալան մեր այս հանդիպման ժամանակ խուսափեց որեւէ բան ասելուց:  «Կարիկ Պասմաճյանի անհետացումից հետո այնքան շատ քննիչների եւ ժուռնալիստների հարցերի եմ պատասխանել, որ այլեւս մտադիր չեմ խոսելու:  ժամանակի ընթացքում ամեն ինչ կպարզվի»,- ասաց նա: 

 

Մենք հարգարժան արվեստաբանին տեղեկացրինք, որ «Վերսիա» շաբաթաթերթում տպագրված «Ֆրանսահայի անհետացումը Ռուսաստանում»  հոդվածում ուղղակի մեղադրանքներ են ներկայացված իրեն:  Եվ ոչ միայն իրեն, այլ նաեւ՝  Կարիկ Պասմաճյանին:  

 

Ահա թե ինչ է գրում«Վերսիա» շաբաթաթերթը, ըստ Կարեն Ներսիսյանի. «...Կարիկ Պասմաճյանի համար գեղանկարչությունը միակ հրապուրանքը չէր: Նա զբաղվում էր ընդհանուր բիզնեսով եւ հետաքրքրվում էր փող աշխատելու ցանկացած հնարավորությամբ:  80-ականների վերջին երկրում շատ ձեռնտու էր համակարգիչների  վաճառքը: Այն ժամանակ դրանք Ռուսաստանում արտասովոր էին, եւ սեւ շուկայում մեկ համակարգիչը կարելի էր վաճառել 100 հազար ռուբլով (կամ այն ժամանակվա սեւ շուկայի գներով 25 հազար դոլար): Այս գայթակղիչ առեւտրով էլ զբաղվում էր արվեստաբան Պասմաճյանը: Ռուսաստանում Պասմաճյանի գործընկերն Ալեքսանդր Ադամովիչն էր, որը քաջ հայտնի էր Մոսկվայի գործարար շրջաններում եւ մեծ կապեր ուներ ամբողջ երկրում: Նա էլ ծախում էր Պասմաճյանի բերած համակարգիչները:  Ձեռք բերված գումարով նրանք ԽՍՀՄ-ում գնում էին հնարժեք իրեր եւ տանում Ֆրանսիա:  Արժե հիշատակել նաեւ Ադամովիչի կնոջը` տիկին Սյուզան Ֆրեդերիկին: Այս հարգարժան ֆրանսուհին արժանի է հիշատակման, քանի որ աշխատում էր Մոսկվայում Ֆրանսիայի դեսպանատանը: Եվ սկզբունքորեն մաքսանենգները կարող էին օգտվել ապրանքները տեղ հասցնելու նրա ծառայությունից: 

 

Այստեղ էլ հայտնվում է այս պատմության նոր հերոսը: Նրա մասին հայտնի է, որ ծնվել է Լիտվայում, բայց այսօր մոսկվացի է, առեւտրական ֆիրմայի հիմնադիր, որին, սակայն, իրավաբանական հասցեով չհաջողվեց գտնել: Հետաքննության շահերից ելնելով, որը, ինչպես հույս ունի փաստաբանը, ամեն կերպ կվերականգնվի, մենք չենք ասում նրա անունը: Գլխավոր դատախազության միջնորդության մեջ ասվում է. «Ուսումնասիրելով նրա անձը, անհրաժեշտ է ուշադրություն դարձնել այն բանին, որ հատկապես նա է փաստացի ղեկավարել Պասմաճյանի եւ Ադամովիչի միջեւ գործնական շփումները մի կողմից, եւ այլ անձանց մյուս կողմից: Նա ծանոթ էր Պասմաճյանի հետ, սակայն վերջինս նրա նկատմամբ անհայտորեն անբարյացակամ էր տրամադրված եւ երբեք չէր վստահում մշտապես ընդգծելով խոսակցության ժամանակ, որ նա «մութ անձնավորություն» է եւ «մաֆիոզի»: 

 

1989-ի մայիսին Ադամովիչն ու այս առեղծվածային անձնավորությունը «Շերեմետեւո-2»  օդանավակայանում դիմավորում էին Փարիզից թռչող Լալա Մարտիրոսյանին: Լալա Մարտիրոսյանն այն կինն էր, որը Պասմաճյանի առեւանգման օրը հյուրընկալվում էր Պասմաճյանի մոտ, նրան ողջ եւ անվնաս տեսած վերջին ականատեսներից մեկը: Կին, որը քննիչներին ասել էր, որ կապված է եղել միլիոնատիրոջ հետ բացառապես արվեստաբանական կապերով: Ահա այսպես Լալա Մարտիրոսյանը միլիոնատիրոջ առեւանգումից երկու ամիս առաջ Մոսկվա է բերում Ադամովիչի համար երկու համակարգիչ: Բայց օդանավակայանի սպասասրահում Ադամովիչն ինֆարկտ է ստանում եւ մեռնում հենց  «Շերեմետեւոյում»:  Համակարգիչներն այդպես էլ մնում են տիկին Մարտիրոսյանի մոտ: Եվ մեր առեղծվածային հերոսը համառորեն պահանջում է վերադարձնել համակարգիչները պնդելով, որ դրանք իր սեփականությունն են: Փաստաբան Կարեն Ներսիսյանը հատուկ թռչում է Լոս Անջելես, որպեսզի հանդիպի Քոչար եղբայրներին` Ռոբերտին (պետք է լինի Ռուբեն – Ս. Գ.) եւ Հայկազին:  Եղբայրներն, իսկապես հաստատեցին, որ Լ. Մարտիրոսյանը մասնակցել է Պասմաճյանի կազմակերպած համակարգչային տեխնիկայի ընդհատակյա առեւտրին: Լ. Մարտիրոսյանը զանգահարում է Փարիզ եւ Պասմաճյանին պատմում այդ մարդու նկրտումների մասին: Պասմաճյանը խոստանում է անձամբ «այդ շակալի»  հախից գալ: Նա մտադիր էր դա անել Մոսկվայում: Նրա թռիչքի պաշտոնական առիթը խորհրդային չինովնիկների հետ հանդիպման անհրաժեշտությունն էր: Ոչ պաշտոնական առիթը կարող էր լինել համակարգչային բիզնեսը լավացնելը եւ նոր ուղիներ գտնելը, քանի որ հինը, Ադամովիչի մահից հետո, նրան անհուսալի էր թվում...»: 

 

Ամեն ինչ կարծես համոզիչ է Կարեն Ներսիսյանի ներկայացրած իրավիճակում, իրավաբանական կողմն էլ պահպանված է:  Եվ եթե կան թե-ական կողմեր` Կարեն

 

Ներսիսյանը խոստանում է լրացնել, ըստ «Վերսիա» շաբաթաթերթի վարկածի: 

 

Կարիկ Պասմաճյանի հետ կապված այս մութ պատմությունը կարող էր պարզվել, եթե Լալա Մարտիրոսյանը ցանկանար խոսել, բացատրել ճշմարտությունը: Սակայն մարդը Կարիկ Պասմաճյանի խորհրդավոր անհետացումից 14 տարի անց էլ չի ցանկացել խոսել, ոչ էլ հերքել «Վերսիա» շաբաթաթերթում ներկայացված փաստերը` կապված իր եւ Քոչար եղբայրների հետ: 

 

Իսկ ի՞նչ եղավ հուլիսի 29-ին:

 

Ըստ Կարեն Ներսիսյանի եւ «Վերսիա» շաբաթաթերթի, Հայկազ Քոչարը պնդում է, որ իրենց հանդիպումը կարճ ժամանակ անց ընդհատվում է, Կարիկ Պասմաճյանը ներողություն խնդրելով դուրս է գալիս, նստում բաց բեժագույն 8 կամ 9 մակնիշի «Ժիգուլի» ավտոմեքենա եւ մեկնում: «Բայց Հայկազ Քոչարը կարճատես է, գրում է «Վերսիան»: Նույնիսկ գերազանց տեսողությամբ, ավտոմեքենաներից չհասկացող մարդը, հեշտությամբ կարող է շփոթել այս մակնիշները «Ֆիատի» հետ»: Ապա թերթը եւ Կարեն Ներսիսյանը հայտնում են, որ Ադամովիչ ամուսիններն ունեին բաց սրճագույն  «Ֆիատ», որը ձեւակերպված էր Ադամովիչի գործընկերոջ անունով, այն մարդու անունով, ում Կարիկ Պասմաճյանը համարում էր  «մաֆիոզի»:

 

Երեք տարի անց Կարեն Ներսիսյանը հանդես է գալիս «սենսացիոն» նոր հաղորդումներով, այս անգամ  «Վրեմյա նովոստեյ» մոսկովյան թերթում: Այստեղ նա նշում է Կարեն Պասմաճյանի անհետացման մանրամասները: 

 

Թերթի թղթակից Ալեքսանդր Շվարյովն իր  «Փարիզեցի անտիկվարը»  հրապարակման  մեջ  Կարեն Ներսիսյանի տրամադրած փաստերին ավելացնում է իր ուսումնասիրությունները: Մի փոքր հատված կարդանք այդ հրապարակումից. «...Ինչպես հաջողվեց պարզել «Վրեմյա նովոստեյ» թերթին Բասմանջանի (չգիտես ինչու, այս ամբողջ հրապարակման մեջ Պասմաճյանը դարձել է Բասմանջան - Ս. Գ.) հետագա ճակատագիրը պարզել են ԿԳԲ-ի  եւ էն-վե-դեի աշխատակիցները: Ինչպես պատմեց պահեստային ծառայության անցած չեկիստը, անտիկվարին վարորդը տարավ Պետրովկա փողոցում, Մոսկվայի միլիցիայի քաղաքային վարչության հարեւանաթյամբ գտնվող թանգարաններից մեկը: Այնտեղ նրան չորս մարդ էր սպասում: Օպերատիվ ծառայողներին (այսինքն` քննիչներին) հաջողվել է ճշգրիտ պարզել, որ այդտեղ էին Ռուսաստանի մաֆիոզ շրջանակներում Պոդլոժկինը եւ ենթադրաբար Ազմակովն ու Պոդլեսնին (Օլեգ Ազմակովը, որը հետագայում հանդես է գալու Տաիմ ազգանունով, հայտնի է «Ալիկ Մագադան» գողական անունով, իսկ Ալեքսանդր Պոդլեսնին հայտնի է «Յարի» անունով- Ս. Գ): Ո՞վ է եղել չորրորդ մարդը` դեռեւս հայտնի չէ: ՆԳՆ աշխատակիցներից մեկի ասելով, Բասմանջանն այս բանակցությունների ժամանակ կոպիտ է խոսել, ծանոթներին է հայտնել կուտակված իր բոլոր բողոքները, իսկ երբ վեճ է սկսվել, նրանց վրա հարձակվել է բռունցքներով: Ուժերն անհավասար էին, եւ արդյունքում Բասմանջանին գազանաբար խոշտանգում են: Ինչպես պնդում է պրն Ներսիսյանը, անտիկվարին անմիջապես սպանում են: ԿԳԲ-ի եւ Էն-վե-դեի մեր զրուցակիցների կարծիքով, անտիկվարը կենդանի է մնացել, եւ հանցագործները նրան պահել են իրենց մոտ եւս մի քանի օր: Իսկ նրա հետ հաշիվները պարզել են միայն այն ժամանակ, երբ ֆրանսիացու անհետանալը բացահայտ է դարձել լայն շրջանակների:  Եվ հատուկ ծառայությունները, եւ պարոն Ներսիսյանը լոկ մի բանում չեն կասկածում. Բասմանջանի մարմինը բանդիտներն այրել են Պետրովկայում գտնվող այդ թանգարանի հնոցատանը: Հետագայում այս հնոցատունը, կա-գե-բեի աշխատակիցների  վկայությամբ, նշվել է քրեական եւս 5 գործերում կապված հանցագործ հեղինակությունների եւ խոշոր ձեռնարկատերերի անհետացման հետ...»: 

 

Ահա եւ բոլորը: Շղթան փակվեց: Կարելի է հանցագործությունը բացահայտված համարել եւ շնորհավորել Կարեն Ներսիսյան մասնավոր հետախույզին տքնաջան ու արդյունավետ աշխատանքի համար: 

 

Բայց…

 

«Ազգ» թերթը 2000 թ. մարտի 16-ին մի հաղորդագրություն է տպագրում «Անհետանալուց 3 տարի անց Կարիկ Պասմաճյանին տեսել են ՊԱԿ-ի բանտում» խորագրով. «Փարիզում գործող ոչ կառավարական կազմակերպություններից մեկը մարդասիրական որոնումների «Էդուար Կալիֆա» ընկերակցությունը զբաղվում է գլխավորապես Երկրորդ աշխարհամարտից հետո ԽՍՀՄ-ում անհետ կորած հազարավոր արեւմուտքցիների որոնումներով: Ընկերակցության գործունեության շնորհիվ մասնավորապես Ուկրաինայում եւ Ռուսաստանում արդեն հայտնաբերվել են դեռեւս ողջ մնացած մի շարք անձինք, խորհրդային տաժանավայրերի երկու նախկին կալանավորներ, ինչպես նաեւ չհայրենադարձված բազմաթիվ արեւմուտքցիների թաղման վայրերը:

 

«Նուվել դ Արմենի» ամսագրի վերջին համարից տեղեկանում ենք, որ «Էդուար Կալիֆայի» ջանքերով հնարավոր է դարձել կարեւոր վկայություն ստանալ ֆրանսահայ արվեստագետ, արվեստի գործերի հավաքորդ եւ բանաստեղծ Կարիկ Պասմաճյանի մասին, որը Մոսկվայում, հուլիսին, օրը ցերեկով առեւանգվել էր եւ անհետ կորել: Նա հաճախ էր ԽՍՀՄ մեկնում ՌԴ մշակույթի նախարարության հրավերով:  Կարիկ Պասմաճյանին լավ գիտեին խորհրդային պաշտոնական եւ արվեստագիտական շրջանակներում: Գնահատվում էր նրա խորագիտակությունը ռուսական եւ հայկական սրբապատկերների բնագավառներում: Հայ ընթերցողը ծանոթ է նաեւ նրա բանաստեղծություններին: 

 

Ուկրաինացի քաղբանտարկյալ Ալեքսանդր Բուդիլովը, որը մոտիկ է եղել ակադեմիկոս Անդրեյ Սախարովի շրջապատին, 1993 թ. մարտին հաջողեցրել է Սիշեւկայի բանտի հիվանդանոցից նամակ ուղարկել ԱՄՆ դեսպանատուն: Նամակում նա պնդում է, թե 1992 թ. բանտում հանդիպել է Կարիկ Պասմաճյանին: Նա ավելացնում է, թե Պասմաճյանին, ինչպես եւ իրեն, առեւանգել են ՊԱԿ-ի գործակալները: 4 ամիս անց 1993 թ. հուլիսի 28-ին, Բուդիլովին գտել էին կախված վիճակում՚: 

 

Այսքանը: Հետաքրքիր է, չէ՞: 

 

Բայց զարմացնում է այն, թե ինչու պետք է ՊԱԿ-ի գործակալներն առեւանգեին Կարիկ Պասմաճյանին, ինչո՞ւ նրան պետք է պահեին բանտում: Ի՞նչ ակնկալիքներ ունեին: Կարիկը զտարյուն արվեստաբան էր, մշակույթի ոլորտի մարդ: Որքան էլ ճգնեն ապացուցել ՙմասնավոր հետախույզ՚ Կարեն Ներսիսյանը եւ ռուսական առանձին թերթեր, Կարիկ Պասմաճյանը բնավ պետք չուներ կապեր հաստատելու կա-գե-բեի գործակալների եւ մաֆիոզ անձանց հետ: Նրա գործունեության ոլորտը բաց էր եւ քրեական խորհրդավորություններ չուներ: Դրա ապացույցն էին Կարիկի բազմաթիվ նվիրատվությունները ոչ միայն Հայաստանի, այլեւ Մոսկվայի եւ Լենինգրադի պատկերասրահներին ու թանգարաններին: 

 

Եվս մեկ անլուծելի թնջուկ: 

 

Եթե այս «քաղբանտարկյալ» Ալեքսանդր Բուդիլովն իսկապես տեսել էր Կարիկ Պասմաճյանին եւ փորձում էր տեղեկություններ հաղորդել նրա մասին, ինչո՞ւ էր իր նամակը (եթե իսկապես այդպիսի նամակ եղել է) հասցեագրում Մոսկվայում ԱՄՆ-ի դեսպանատուն, այլ ոչ թե Ֆրանսիայի դեսպանատուն (երկիր, որի քաղաքացին էր համարվում Կարիկ Պասմաճյանը), Հայաստան կամ Մոսկվայում Հայաստանի դեսպանություն (երկիր, որի ժողովրդի զավակն էր Կարիկ Պասմաճյանը) կամ գոնե Երուսաղեմ (քաղաք, ուր ծնվել է Կարիկը)...

 

Պարզապես անհեթեթություն է այս հաղորդագրությունը: 

 

«Ազգ» թերթը հենց հաջորդ համարում մարտի 17-ին մի նոր հրապարակում ունի «Կարիկ Պասմաճյանի անհետացումը մինչ այժմ պարուրված է խորհրդավորությամբ (Վարվառա Պասմաճյանի առաջին բաց նամակը) խորագրով. «1989 թ. հուլիսին Մոսկվայում ֆրանսահայ բանաստեղծ եւ արվեստաբան Կարիկ Պասմաճյանի անհետացումից ի վեր առաջին անգամ նրա կինը` Վարվառա Պասմաճյանն արտահայտվել է ԶԼՄ-ներում: Նրա նամակը հրապարակվել է Փարիզում լույս տեսնող «Նուվել դ Արմենի»  ամսագրի մարտյան համարում: Վարվառա Պասմաճյանը մասնավորապես գրում է, որ 1989 թ. հուլիսին իր ամուսինը տասնօրյա այցով մեկնեց Մոսկվա եւ այդպես էլ չվերադարձավ: Ինքը զավակներին մեծացրեց բնականոն պայմաններում, հարկավոր էր ապրել ամեն գնով, թեեւ ընտանիքի հոր բացակայությունը զգացվում էր մշտապես: 

 

Վարվառա Պասմաճյանը նշում է, որ ինքը դիմել է պետության եւ արդարադատության բարձրագույն ատյաններին, բայց պատասխան չի ստացել:  «Չնայած արտաքուստ հանգիստ առօրյա կյանքիս, հոգուս խորքում չի փոխվել ոչինչ, չեն անհետացել իմ զայրույթը, վրդովմունքը, ընդվզումը եւ զզվանքը մի կողմից խորհրդային իշխանությունների եւ մյուս կողմից Ֆրանսիայի ոստիկանության ու արդարադատության մարմինների լռության դեմ հանդիման», գրում է նա: 

 

Կարիկ Պասմաճյանն աշխարհում հայկական արվեստի ու մշակույթի հայտնի գիտակ է: Սկզբում աչքի է ընկել որպես բանաստեղծ եւ թարգմանիչ: Անգլերեն եւ հայերեն մի քանի ժողովածուների հեղինակ է: Ծնվել է Երուսաղեմում: 1972 թ.-ից բնակվում էր Ֆրանսիայում: Գրականությանը նվիրված արգասավոր տարիներից հետո սկսել է լրջորեն հետաքրքրվել հայկական նկարչությամբ եւ հայ նկարիչներով: Փարիզի Ռասպայ բուլվարում նրա բացած պատկերասրահը դարձել էր արվեստների մայրաքաղաք այցելող նկարիչների հանդիպավայր: 

 

1988 թ. հուլիս-օգոստոսին Կարիկ Պասմաճյանն իր անձնական հավաքածուի ցուցադրություններ կազմակերպեց Մոսկվայի Տրետյակովյան պատկերասրահում եւ Լենինգրադի Էրմիտաժում: Դեկտեմբերյան երկրաշարժից հետո մի կողմ թողնելով բոլոր ընթացիկ գործերը, Պասմաճյանը հանգանակություն նախաձեռնեց ի նպաստ Հայաստանի: Նա աճուրդներ կազմակերպեց` հասույթը հատկացնելով հայ մանուկներին: 

 

1989 թ. հուլիսին ծրագրված էր Մոսկվայում եւ Լենինգրադում համաձայնեցնել նոր ցուցադրությունների նախագծերը, մշակութային համագործակցություն սկսել... Ի՞նչ տեղի ունեցավ Կարիկ Պասմաճյանի 10-օրյա այցի ժամանակ: ՙԱզգի՚ երեկվա համարում տեղեկացրել ենք, որ ուկրաինացի քաղբանտարկյալ Ալեքսանդր Բուդիլովը Պասմաճյանին հանդիպել է ՊԱԿ-ի բանտերից մեկում 1992 թ., այսինքն նրա խորհրդավոր անհետացումից 3 տարի անց: 

 

Վարվառա Պասմաճյանը հիշյալ նամակում գրում է, թե իրեն հայտնի է լոկ այն փաստը, որ իր ամուսնուն մոսկովյան վերջին հանդիպման տարած վարորդն այսօր բանտարկված է Կանադայում` տարբեր պատճառներով Իսրայելով եւ Ավստրալիայով անցկացվելուց հետո: «Վարորդի հետ հանդիպումն ունենալն անհնար է», գրում է նա:  Ռուսաստանի ոստիկանության սկսած քննությունը շարունակվում է: 

 

Տիկին Պասմաճյանը համոզված էր, որ իրեն չեն հայտնել այն բոլոր տեղեկությունները, որոնք ինքն իրավասու է իմանալ: Խորհրդային ոստիկանությունը ժամանակին Փարիզում եւ Հայաստանում հարցաքննել է Կարիկ Պասմաճյանի ծանոթներին, բայց` ապարդյուն:  Իսկ Ֆրանսիայի դատական ոստիկանությունն անցկացրեց կարճատեւ եւ համոզիչ քննություն: Ոչ այն ժամանակվա նախագահ Ֆրանսուա Միտերանը, ոչ էլ վարչապետ Միշել Ռոկարը չէին բարեհաճել պատասխանել տկն Պասմաճյանի նամակներին: Արտգործնախարար Ռոլան Դյուման պատասխանել էր դիվանագիտորեն, գրելով, թե Մոսկվայում Ֆրանսիայի դեսպանատներից ստացված տեղեկությունների համաձայն, քննությունը շարունակվում է, բայց նորություն չկա:

 

Վարվառա Պասմաճյանը նշում է, որ ամուսնու անհետացման հաջորդ օրը, իր հայտարարություններին հակառակ, մամուլում սխալաշատ բազմաթիվ հոդվածներ հայտնվեցին: Բայց ինքը ձեռնպահ մնաց զայրալից պատասխաններից, որպեսզի չվնասի ոստիկանության աշխատանքին: Վերջին 10 տարիներին տկն Պասմաճյանը որեւէ հրապարակում չէր արել զանգվածային լրատվամիջոցներում: Ինչպես ինքն է ասում. ՙՆուվել դ Արմենի՚ ամսագրին բաց նամակ գրեց այն պատճառով, որ մարդասիրական որոնումների «Էդուար Կալիֆա» ընկերակցության նախագահ Դընի Սելեմի գործունեությունն իրեն որոշակի հույսեր է ներշնչում: 

 

Տկն Պասմաճյանը համոզված է, որ Ռուսաստանում կամ Ֆրանսիայում ինչ-որ տեղ պետք է լինեն իր ամուսնուն վերաբերող վավերագրեր: Եվ քանի որ վերջին տասնամյակում Ռուսաստանի եւ Հայաստանի վարչակարգերը փոխվել են, չի բացառվում, որ անցյալում հալածանքների ահից լռության մատնված որոշ անձինք այժմ խոսեն` նպաստելով քննության հաջող ընթացքին: Ֆրանսիայի ոստիկանությունը պարտավոր է վերսկսել գործի քննությունը: Ոչինչ չպիտի խանգարի ճշմարտության բացահայտմանը»:

 

Սերգեյ ԳԱԼՈՅԱՆ