կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-06-30 10:30
Առանց Կատեգորիա

Բոլոր աղքատներին վառել օր առաջ

Բոլոր աղքատներին վառել օր առաջ

Սերժ Սարգսյանի «առողջ» տրամաբանությունը շատ ցավոտ է լինելու հայ հասարակության համար: Պետք է հիշել 2013-ի հունիսի 29-ը և փորձենք հասկանալ, թե հունիսի 29-ին նախագահականում նրա պահվածքն ինչու է ցավոտ լինելու, հարկ եղած դեպքում՝ մահացու երկրի եւ ժողովրդի համար: Արդեն հայտնի է, որ ինչ էլ աներ իշխանությունը, ավելի վատ չէր կարող լինել այս երկրի համար, որովհետեւ բոլոր վատ բաներն արվել են, մենք միայն դրանց արդյունքներն ենք քաղում:

 

 Սակայն Սերժ Սարգսյանը, ինչպես մեր նախորդ երկու նախագահներից ոչ մեկը հստակ հասկացրեց՝ ինքը չգիտի եւ չի ուզում իմանալ, թե ինչ խնդիրներ կան այս երկրում: Ինքը խոսում է Իշխան Զաքարյանի բացահայտումներից եւ ի տես ամբողջ Հայաստանի ուղղորդում է գլխավոր դատախազին, թե 700 միլիարդ դրամի չարաշահումներից քանի միլիոնը պետք է բացահայտվի (200-300 մլն) եւ քանիսը՝ ոչ: Ամբողջ Հայաստանը գիտի, որ վարչապետ Տիգրան Սարգսյանը թաթախված է օֆշորային սկանդալի մեջ, ինքը բացահայտ կանգնում է նրա կողքին եւ ասում, թե արագ արեք, մարդկանց բացատրեք, թե ՎՊ-ի բացահայտումները քրեական բնույթի՞ են, թե կազմակերպչական: Այսինքն` արդեն հասկանալի է, որ կազմակերպչականը պետք է դիտարկվի բոլոր խախտումների հիմք: Որպեսզի քրեական գործեր չլինեն: Չի ասում՝ պարոն վարչապետ, ձեր անունը ակնհայտ քրեական հանցագործությունների մեջ է շոշափվում, չի ասում, որ 5 տարի է` հանրապետության վարչապետ եք եւ ձեր ամենահոդաբաշխ նախադասությունը եղել է այն, որ ձեր եկամուտներն աճել են բանկային տոկոսադրույքների բարձրացման շնորհիվ: Այսինքն` մի հատ հասկացիր՝ ինչու՞ պետք է վարչապետի կյանքը լավանա, իսկ պարզ, ոչ մի աշխատանք չունեցող աղքատի կյանքը չլավանա:

 

  Ո՞վ է ասել, որ կապիտալիզմը ենթադրում է հենց հատկապես Տիգրան եւ Սերժ Սարգսյանների կյանքի բարելավում: Եվ եթե ենթադրում է, էդ ի՞նչ դերասանություններ եք անում նախագահականում եւ կառավարությունում: Եթե խաղի կանոնները ձեզանից առաջ են սահմանվել, այսինքն, դրանք սահմանել են տնտեսագիտության կորիֆեյները, էլ աղքատներին իրենց նորածիններով, ծերերով ինչի՞ եք պահում ու փչացնում երկրի ընդհանուր բարոյահոգեբանական մթնոլորտը: Լցրեք բոլորին մի կիսախարխուլ փայտե տան մեջ, բենզին լցրեք նրանց վրա ու վառեք: Ինչի եք դերասանություն անում եւ ցույց տալիս, թե մտածում եք նրանց մասին; Առանց այն էլ ձեր աշխատանքից երեւում է ձեր հիմնական հոգեւոր կարգախոսը՝ բոլոր աղքատներին վառել օր առաջ: Ես հասկանում եմ, որ դուք չեք կարող այդքան ազնիվ լինել, որովհետեւ 21-րդ դարում ազնիվ հանցագործի կերպարը, գոյության հնարավորությունն անգամ ընդունված չէ: Կծիծաղեն նրա վրա, նրան ոչ միայն բյուջե չեն վստահի, լուցկի գնելու էլ չեն ուղարկի: Եվ դուք, որպես Սիլիկոնային հովտից վերադարձած մտքի նոր հսկաներ, որոշել եք նախ ժողովրդի հետ ձեր հաշիվները փակել: Եվ պարզ է, թե ինչպես: Սերժ Սարգսյանը վերջին ազնիվն էր ամբողջ պետական ապարատում: Հանճարեղ բառեր է ասում վարչապետին՝ արագ արեք դա, արեք բաց, թափանցիկ: Այսպիսի առաջնորդի վախը աշխարհում ոչ մի շաման չի կարող բռնել: Մարդը հստակ է ասում՝ սա այն գինն է, որը մենք պետք է վճարենք ճիշտ ճանապարհ դուրս գալու համար: Ուրիշ էլ ի՞նչ պետք է վճարենք: Էդ ի՞նչ ճիշտ ճանապարհ է: Մի անգամ չլսեցինք: «Դեպի ապահով Հայաստան» լսեցինք, «Ավելի լավ Երեւան» լսեցինք: Ինչե՞ր տեղի ունեցան այս կարգախոսներից հետո՝ գազի գին, օֆշոր, նվազագույն աշխատավարձի խիստ նվազագույն բարձրացում, ՎՊ-ի բացահայտած 700 միլիարդ դրամի փոշիացում: Եվ ո՞վ ասաց, որ օֆշորն իր էությամբ հենց այդ 700 միլիարդ դրամի փոշիացումը չէ: Ո՞վ ասաց, որ 700 միլիարդի մսխումն արդեն այն փուլում չէ, որ կարողանաք որեւէ մեկի վրա բարդել: Այսինքն, քանի որ այդ փոշիացած գումարի ամեն դրամի տեղը գիտեք, գիտեք նաեւ, թե ինչպես թոզ փչեք հասարակության աչքին: Որովհետեւ սա զարմանալի երկիր է, տղերք, մենք էլ, դուք էլ գիտենք, որ էդ փողը արդեն կիպրոսյան տիպի երկրներում է:

 

Մենք էլ, դուք էլ գիտենք, որ մեր արտագաղթը ձերինից տարբերվում է նրանով, որ մենք գնում ենք գրպաններում ոչինչ չունենալով, դուք սկզբից երկրից դուրս եք հանում ձեր «գրպանի պարունակությունը», այսինքն, բյուջեի փողերը, հետո նոր թռնում եք անձնապես դրանց հետեւից: Դուք ձեր օֆշորն եք, մենք մենք մեր երկիրը: Այս երկիրը կընկալեիք, եթե լիազորված լինեիք բոլոր աղքատներին վառել, ինչպես դա փաստորեն ոչ առանց ձեր հովանավորության, ընկալում էր Վազգեն Խաչիկյանը եւ վիճակագրության ծառայության գրչով աղքատությունը ներկայացնել 2,5-3 տոկոս:

 

       Սեյրան Հանոյան

 

 

«Հարթակ» բաժնում հրապարակումները կարող են չհամապատասխանել yerkir.am-ի խմբագրության մոտեցումներին: Դա ընդունեք որպես ազատ խոսքի իրավունքի դրսեւորում: