կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-06-26 18:09
Առանց Կատեգորիա

Հավասարը հավասարին հավասար չէ

Հավասարը հավասարին հավասար չէ

Ամեն ինչ սկսվեց Խորենացուց` «Թեպետ եւ էմք ածու փոքր…»: Խորենացուց սկսած` արդեն 1500 տարի «փոքր ածուի» հոգեբանությամբ ենք ապրում (անտեսելով Պատմահոր խոսքի շարունակությունը). դիմում ենք Հռոմին, որ մեզ պաշտպանի պարսիկներից, դիմում ենք պարսիկներին, որ մեզ պաշտպանեն հռոմեացիներից, եվրոպացիներին` որ պաշտպանեն թուրքերից, արաբներից ու պարսիկներից, ռուսներին` որ պաշտպանեն բոլորից:

 

Ու այդ 1500-ամյա երկար ընթացքի մեջ բոլոր այն դեպքերը, երբ, սեփական երկրի շահը գիտակցելով, սեփական ուժերի վրա հույս դնելով կարողացել ենք, պետականության պես ինչ-որ միավոր ստեղծել, չենք հավատացել մեր հաջողությանն ու Գեւորգ Մարզպետունու կռիվը համարել ենք մի ծաղկով գարուն, սեփական թագավորին գերության ենք ուղարկել Բյուզանդիա, հաջողության հասած մի բուռ ֆիդայիներին համարել ենք խենթ, մի բուռ հողի վրա ինքնիշխանություն հաստատած մելիքներին համարել ենք երազողներ, ու այս բոլորը համարել ենք օրինաչափությունից դուրս…

 

Այսօրվա դրությամբ էլ պատմական ընթացքի էությունը չի փոխվել: Օրերս` լրագրողների հետ հանդիպման ժամանակ, մեր երկիրն այսօր ղեկավարող քաղաքական ուժի փոխնախագահ ու ԱԺ-ում այդ քաղաքական ուժի խմբակցության ղեկավարը պատասխանում է լրագրողի` դաշնակցի կողմից զենքը մեր թշնամուն վաճառելու երեւույթի մասին հարցին ու ասում. «Այստեղ խոսակցություններ են գնում, թե նրանք մեր ռազմավարական գործընկերներն են, մենք էլ գնանք ու ասենք, որ դուք մեր ռազմավարական գործընկերներն եք, ինչի եք այսպես անում եւ այլն: Բայց մենք այդ ճանապարհով չենք գնալու, քանի որ Ռուսաստանը մեր տերը չէ, այլ ընդամենը մեր ռազմավարական գործընկերն է: Մենք չենք գնա քաղաքական այն ճանապարհով, որ ինչ-որ տեղ Ռուսաստանը զիջումների կողմ լինի, իսկ մենք այդ զիջումներից օգտվող…»:

 

Տրամաբանությունը պարզ է` մարդը հասկացել է, թե «իրենց» ասում ենք` գնացե’ք ու մեր բոլորիս անունից խնդրեք: Չեն կարողանում հասկանալ, որ ասում ենք` գնացե’ք ու բոլորիս անունից պահանջեք` պահանջե’ք մեր իրավունքների, շահերի հարգում, պահանջե’ք չոտնահարել մեր ազգային արժանապատվությունը, պահանջե’ք, որ մեզ հետ խոսեն հավասարը հավասարի նման:

 

«Ռազմավարական դաշնակից չի նշանակում, որ իրենց պետական կարիքների հաշվին մեկ այլ պետության պետք է ինչ-որ զիջումներ անի: Ռազմավարական դաշնակիցը հավասարը հավասարի հետ գործընթացներ են: Ռուսաստանն անկախ երկիր է, ու իր ռազմավարական շահերն ինչ ճանապարհ թելադրեն, այդ ճանապարհով էլ պետք է գնա: Որևէ պետություն իր քաղաքական շահերը որևէ պետության ո’չ զիջում է, ո’չ էլ թողնում է: Եթե ինձ եք հարցնում, ինձ համար նորմալ չէ, որ մեր ռազմավարական դաշնակիցը մեր հակառակորդին այդ քանակությամբ զենք-զինամթերք է վաճառել, բայց, որպես առանձին պետություն, յուրաքանչյուր պետությունն ինքն է իր որոշումները կայացնում: Բողոքի նոտա ինչպե՞ս հղենք` ասենք` Ռուսաստա'ն, դու էլ մեր ռազմավարական գործընկերը չե՞ս: Մենք էլ ենք, չէ՞, զենք գնում»,- ասում է Գալուստ Սահակյանը:

 

Ահա, թե ինչու մինչ այժմ հայկական կողմից այդ խայտառակ գործարքի հանդեպ պաշտոնական դիրքորոշում չի արտահայտվել: Լա’վ, այդ դեպքում ինչո՞ւ մեր «ռազմավարական շահով» չենք առաջնորդվում, կամ ինչո՞ւ մեր այդ շահը չի թելադրում ռուսական գազին զուգահեռ իրանական գազն էլ ներմուծել ու մատակարարել ազգաբնակչությանը` ոչ թե էլեկտրաէներգիա ստանալու, այլ կենցաղային կարիքները հոգալու կամ տնտեսության մեջ օգտագործելու համար: Չէ՞ որ բազմաթիվ մարդիկ հաշվել են, որ Իրանի գազը մեր երկրի վրա ավելի էժան է նստում:

 

Ինչո՞ւ Հայաստանում ռուսական ռազմակայաններին զուգահեռ չենք թույլատրում նաեւ, որ ՆԱՏՕ-ն էլ ռազմակայաններ ունենա: Օրինակ` Գյումրիում լինի ռուսական ռազմակայան, իսկ, ենթադրենք, Վանաձորում` ՆԱՏՕ-ի: Ի՞նչ է` ՆԱՏՕ-ն Հայաստանում ռազմակայան ունենալուց կհրաժարվի՞: Կանադայում նախկին դեսպան Արա Պապյանը, օրինակ, համոզված է, որ ոչ միայն չի հրաժարվի, այլեւ երազում է ու դեռ փող էլ կտա մեր երկրում ռազմակայան ունենալու համար: Ու եթե Ռուսաստանը կարող է ռազմատեխնիկական համագործակցություն ունենալ Ադրբեջանի հետ, ապա մեզ ի՞նչն է խանգարում նման համագործակցություն ունենալ, բացի Ռուսաստանից, նաեւ ՆԱՏՕ-ի հետ:

 

Իհարկե, խանգարում են ռազմավարական դաշնակցի շահերը: Որովհետեւ հավասարը հավասարին հավասար չէ, կամ «բոլոր կենդանիները հավասար են, բայց որոշներն ավելի հավասար են», ինչպես ասում էր Ջորջ Օրվելը: Որովհետեւ մենք մեզ դիրքավորել ենք թույլերի, պաշտպանության կարիք ունեցողների, օգնություն ակնկալողների շարքում, մուրում ենք: Միջազգային կառույցներից վարկի տեսքով փող ենք մուրում, Ռուսաստանից զենք ենք մուրում, համաշխարհային հանրությունից վերաբերմունք ենք մուրում… Ու դա անում ենք այն դեպքում, երբ մեր ազգի ներկայացուցիչները աշխարհի բազմաթիվ երկրներում զբաղեցնում են կարեւորագույն պետական պաշտոններ, տիրապետում են բավականին լուրջ ֆինանսա-տնտեսական ռեսուրսների ու խելամիտ` առանց խաբելու տնօրինման դեպքում, պատրաստակամ են այդ միջոցների մի մասը հատկացնել նաեւ Մայր հայրենիքին: Իսկ մենք դեռ մուրում ենք, ու փորձում խղճահարություն առաջացնել: Որովհետեւ 5-րդ դարից անկեղծորեն հավատում ենք, որ «էմք ածու փոքր»:

 

Գեւորգ ԱՎՉՅԱՆ

 

«Հարթակ» բաժնում հրապարակումները կարող են չհամապատասխանել yerkir.am-ի խմբագրության մոտեցումներին: Դա ընդունեք որպես ազատ խոսքի իրավունքի դրսեւորում: