կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-09-25 14:43
Իրավական

Կալանավայրում փողերի լվացման համար դատապարտյալներ են հարկավոր

Կալանավայրում փողերի լվացման համար դատապարտյալներ են հարկավոր

Հոկտեմբերի 30-ին արդարադատության նախարարության «Կոշ» քրեակատարողական հիմնարկում տեղի կունենա ՔԿՀ-ի վարչական հանձնաժողովի հերթական նիստը:

 

Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավճռով` ՀՀ ՔՕ 175-րդ հոդվածի 1-ին մասի (ավազակություն), 34-176-րդ հոդվածի 1-ին մասի, 35-175-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով 7 տարվա ազատազրկման դատապարտված Ռուբեն Ամատունին yerkir.am-ին ուղղված նամակում հայտնում է, որ հանձնաժողովի նիստում քննարկվելու է իր` պայմանական վաղաժամկետ ազատման հարցը, սակայն կալանավորը համոզված է, որ այս անգամ ևս մերժվելու է:

 

Ի դեպ,  հանձնաժողովի նախորդ նիստում 132 դատապարտյալներից 4-ը ստացել են «անկախ հանձնաժողովի» հավանությանը:

 

Ռուբեն Ամատունին, ով  պատիժը կրում է 2010-ից, այսինքն` կրել է պատժի կեսը և սահմանված կարգով իրավունք ունի պայմանական վաղաժամկետ ազատվելու,  նախկինում դատվածություն չի ունեցել: Դատապարտյալը պատմում է, որ չունի կարգապահական խախտում, փոխարենն ունի 2  խրախուսանք: ՔԿՀ-ում  ստեղծել է Կրթական ինքնագործ միավորում, բացի այդ` Սպորտային ինքնագործ միավորման, ինչպես նաև «Աջակցություն դատապարտյալներին» հիմնադրամի «Կոշ» մասնաճյուղի անդամ է, զբաղվում է ստեղծագործական աշխատանքով: Ամատունու խնամքի տակ է գտնվում  2-րդ կարգի հաշմանդամ, ծեր, միայնակ մայրը:

 

Կալանավորի խոսքով` պայմանական վաղաժամկետ ազատման խնդրով դիմողներին մերժելը ՔԿՀ-ներում մասսայական բնույթ է կրում, ինչն ազդում է ոչ միայն կալանավորների, այնպես էլ նրանց ընտանիքի անդամների  բարոյահոգեբանական վիճակի վրա:

 

«Մենք դիմել ենք բոլոր պատկան մարմիններին այս խնդրի լուծման խնդրանքով, բայց` ապարդյուն, ոչ մի դրական ընթանցք»,- գրում է Ամատունին և հավելում, որ մերժում ստանալն իրենց համար բարոյահոգեբանական խոշտանգում է:

 


Ըստ նրա` մերժումները երկու պատճառ ունեն: Դրանք կատարվում են այս ոլորտում շրջանառվող մեծ գումարները լվանալու համար, ինչի համար անհրաժեշտ են մեծ թվով դատապարտյալներ, կամ այս կերպ պայքարում են հանցագործությունների աճի դեմ, որն անարդյունավետ է, սակայն, ըստ Ամատունու, երկու դեպքում էլ այդ գործողություններն անօրինական են և անմարդկային:

 

Ամատունին ահազանգում է, որ ինքը կալանավայրում գտնվում է գերու կարգավիճակում: