կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2014-12-17 15:50
Իրավական

Ատոմակայանի փոխտնօրենը մեղադրվում է փողերի լվացման մեջ

Ատոմակայանի փոխտնօրենը մեղադրվում է փողերի լվացման մեջ

Օրեր առաջ կալանավորվել է Մեծամորի ատոմակայանի (ՀԱԷԿ) նախկին փոխտնօրեն Ռուբիկ Մովսիսյանը: Ավելի վաղ նա աշխատանքից ազատվելու դիմում էր ներկայացրել: Դեռևս այս տարվա սկզբին Ազգային անվտանգության ծառայությունում հարուցված քրեական գործի շրջանակներում Ռ. Մովսիսյանը որպես մեղադրյալ է ներգրավվել` փողերի լվացման և առանձնապես խոշոր չափերի գույքի հափշտակության մեղադրանքով:

 

Ազգային անվտանգության ծառայության մամուլի խոսնակ Արծվի Բաղրամյանը Yerkir.am-ին հայտնեց, որ Մովսիսյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի  3-րդ մասի 1-ին կետով, այն է` յուրացնելը կամ վատնելը` հանցավորին վստահված ուրիշի գույքի առանձնապես խոշոր չափերով հափշտակությունը:

 

Մովսիսյանը մեղադրվում է նաև Քրեական օրենսգրքի 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, այն է` առանձնապես խոշոր չափերի հանցավոր ճանապարհով ստացված գույքի փոխարկումը (կոնվերտացումը) կամ փոխանցումը (եթե հայտնի է, որ այդ գույքն ստացվել է հանցավոր գործունեության արդյունքում), որը նպատակ է ունեցել թաքցնել կամ խեղաթյուրել այդ գույքի հանցավոր ծագումը կամ օժանդակել որևէ անձի, որպեսզի նա խուսափի իր կատարած հանցանքի համար պատասխանատվությունից, կամ գույքի իրական բնույթը, ծագման աղբյուրը, գտնվելու վայրը, տնօրինման եղանակը, տեղաշարժը, իրավունքները կամ պատկանելությունը թաքցնելը կամ խեղաթյուրելը (եթե հայտնի է, որ այդ գույքն ստացվել է հանցավոր գործունեության արդյունքում) կամ գույք ձեռք բերելը կամ տիրապետելը կամ օգտագործելը կամ տնօրինելը (եթե այդ գույքի ստացման պահին հայտնի էր, որ այն ստացվել է հանցավոր գործունեության արդյունքում):

 

Ինչ վերաբերում է արդեն նախկին տնօրեն Գագիկ Մարկոսյանին, ով նույնպես աշխատանքից ազատվել է` իր դիմումի համաձայն, և կան տեղեկություններ, թե այս գործի շրջանակներում հարցաքննվել է, Արծվի Բաղրամյանը պատասխանեց, որ որևէ տեղեկություն չունի դրա վերաբերյալ, ոչինչ հայտնել չի կարող: