կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-06-12 11:08
Առանց Կատեգորիա

Օտար նպատակներ

Օտար նպատակներ

Ազգային ժողովում Դիլիջանի միջազգային դպրոցի համար հարկային ու մաքսային արտոնություններ նախատեսող օրինագծին կողմ քվեարկելու հորդորով դիմելով պատգամավորներին և, մասնավորապես, ընդդիմությանը՝ հիմնական զեկուցող, ՀՀ ֆինանսների փոխնախարար Սուրեն Կարայանը հանրապետականին վայել պաթետիկ ոճով եզրակափակեց՝ եթե ուզում եք, որ «աշխարհի կրթական քարտեզի վրա Հայաստանն ունենա իր երևացող տեղը», ուրեմն քվեարկեք օրինագծի օգտին:

 

Հորդորն ապշեցուցիչ է: Մինչ կրթության և գիտության նախարարն աշխարհով մեկ տարփողում է հայոց կրթության հսկայական առաջընթացը, մինչ շախմատի ուսուցումը հայկական դպրոցներում համարում է «հայկական կրթական բրենդ», մինչ ինքնահրճվում է, թե Հայաստանն այնքան է առաջ գնացել Բոլոնյան երանելի ճանապարհով, որ նույնիսկ ստանձնել է վերջինիս նախագահությունը, զուգահեռաբար պարզվում է, որ աշխարհի կրթական քարտեզի վրա մենք այնքան չկանք, որ մեր ամբողջ հույսը դեռ մեկ տարի հետո կրթական գործունեություն ծավալող մի դպրոցի վրա է, որը, որքան էլ ճոխացվի «միջազգային» տիտղոսով, որքան էլ պսակավորվի «քոլեջների համաշխարհային ցանցին միանալու» հեռանկարով, առայժմ դրա ո'չ իսկությունն է հայտնի, ո'չ էլ, առավել ևս, «պտուղներն» են տեսանելի, որովհետև «պտուղների» հասունացմանը դեռ ավելի քան կես տասնամյակ ժամանակ կա՝ մինչև այդ դպրոց կընդունվեն երեխաներ, տարիներ կուսումնառեն, այնուհետև նոր միայն կցուցանեն իրենց առավելությունները մյուս կրթական հաստատությունների շրջանավարտների հանդեպ:

 

Ամոթալի է նաև, որ, պարբերաբար թմբկահարելով հայոց դպրոցի նվաճումները, անընդհատ հղում անելով կրթական նորարարությունների համաշխարհային զինանոցից օգտվելու մեր պատրաստակամությանը և պատրաստվածությանը, մեր հույսը դարձյալ օտարի վրա է՝ օտար դպրոցի, օտար ուսուցչի, օտար ծրագրի: Հանրագումարում, ի վերջո՝ օտար նպատակների:

 

Լևոն ՍԱՐԳՍՅԱՆ