կարևոր
2905 դիտում, 1 տարի առաջ - 2023-10-13 15:03
Քաղաքական

Արցախի հարցը փակված չէ․ մենք պարտավոր ենք ազգային երազանքներ ու նպատակներ ձևավորել․ Լիլիթ Գալստյան

Արցախի հարցը փակված չէ․ մենք պարտավոր ենք ազգային երազանքներ ու նպատակներ ձևավորել․ Լիլիթ Գալստյան

Բիշքեկում մեկնարկած ԱՊՀ երկրների արտգործնախարարների հանդիպման շրջանակներում Լավրովն հետևյալ դիտարկումն արեց․ «Հույս ունենք, որ կյանքի կկոչվեն ՄԱԿ-ի սկզբունքները և կիրագործվի ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի տասնամյակներ շարունակ կյանքի չկոչված Պաղեստին պետության ստեղծման մասին որոշումը»։

Լավրովը նաև բարձրաձայնեց, որ ԱՄՆ-ը տարիներ շարունակ ուզուրպացրել է ՄԱԿ-ը՝ սաբոտաժի ենթարկելով Ռուսաստանի և ԵՄ երկրների գործունեությունը։

Պաղեստինի անկախության, պետականություն ունենալու իրավունքի և ՄԱԿ-ի սկզբունքների գործադրման մասին այսօր նույն հաստատումն արեց նաև Վ․ Պուտինը։

Հիշեցնեմ, որ 1947-ին ՄԱԿ-ի ԱԽ «Բաժանման նախագիծ» կոչվող բանաձևով տվյալ տարածաշրջանում երկու պետություն պետք է ձևավորվեր՝ Իսրայելն ու Պաղեստինը։ 1948-ին հիմնադրվեց Իսրայելը, իսկ հետագայում սանձազերծված Իսրայելա-արաբական պատերազմների արդյունքում Պաղեստին պետությունն այդպես էլ անկախություն ձեռք չբերեց։

Իմ մոտեցումը միանշանակ է՝ Պաղեստինի ժողովուրդն իր պատմական հողում ինքնորոշվելու և պետականություն ունենալու իրավունք ունի։

Բայց, այնուամենայնիվ, որպես կանոն, այդ սկզբունքների մասին խոսում են կամ հիշում ըստ անհրաժեշտության, կամ՝ ըստ քաղաքական կոնյուկտուրայի։

Աշխարհն այսօր պատերազմների, արհավիրքների ու քաոսի հորձանուտում է, որովհետև չեն աշխատում թե՜ միջազգային ինստիտուտները, թե՝ միջազգային իրավունքը։ Որովհետև գործում է ոչ թե իրավունքի ուժը, այլ՝ ուժի իրավունքը։ Կրկնակի ստանդարտներից քաղաքական անբարոյականություն մեկ քայլ է։

Ինքնորոշման իրավունքը միջազգային իրավունքի անքակտելի մասն է։ ՄԱԿ-ի կանոնադրությամբ և Հելսինկիի եզրափակիչ ակտով անընդունելի է ուժով կամ ուժի սպառնալիքով հակամարտությունների լուծումը։

Հիմա, աշխարհը ցեղասպանությամբ Արցախի հարցը փակված կամ լուծված է համարում․ «տեղահանվածներին» հատկացված հումանիտար օգնությամբ ու «խաղաղության» կեղծ դիսկուրսով հաշվեփակ լինելով։

Արցախի ժողովրդի՝ հազարամյակների սեփական հողում ինքնորոշման իրավունքը չենք կարող փակված համարել ՀՀ անփառունակ ու դավաճանական իշխանության, կամ՝ մեծ խաղացողների ցինիկ ու կրկնակի ստանդարտներով քաղաքականության արդյունքում։

Մենք պարտավոր ենք ազգային երազանքներ ու նպատակներ ձևավորել, նոր աշխարհում մեր գոյությունն իմաստավորող կամք դրսևորել։ Արցախի հարցը փակված չէ։ Արցախի հարցը ՀԱՅԿԱԿԱՆ ԱՇԽԱՐՀԻ հարցն է։

 

Լիլիթ Գալստյան

ՀՅԴ Գերագույն մարմնի անդամ,

ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր