կարևոր
0 դիտում, 12 տարի առաջ - 2013-06-05 18:42
Առանց Կատեգորիա

Կարկառունը

Կարկառունը

«Կենտրոն» հեռուստաընկերության եթերում Պետրոս Ղազարյանի հյուրը երեկ ԱԺ ՀՀԿ խմբակցության քարտուղար Գալուստ Սահակյանն էր. ակնհայտորեն կուսակցական գործուղմամբ վերջինս մտել էր հրապարակ՝ ի տես հանրության չքմեղանալու հունիսի 1-ի գիշերը Գորիսում տեղի ունեցած արյունալի միջադեպի կապակցությամբ: Բայց չքմեղանալու նրա փորձերն այնքան ապաշնորհ էին, որ չարժե անդրադառնալ դրանց, իսկ ահա ՀՀԿ-ականի մի քանի աշխարհացունց մտքեր ուղղակի պարտադրում են խորամուխ լինել դրանց փիլիսոփայական «խորքերը»:

 

Գ. Սահակյանը, պարզվում է, իրեն դժբախտ է զգում, որ երկրում իրական ընդդիմություն չկա: Անցած նախագահական ընտրություններում թեկնածուներից մեկի հավաքած 37 տոկոս ձայները, Սահակյանի հավաստմամբ, համարյա երջանկացրել են իշխանություններին` ահա-ահա կձևավորվի այն բաղձալի ընդդիմությունը, որն իշխանությանը կօգնի «երկիրն առաջ տանելու գործում»: Բայց Րաֆֆի Հովհաննիսյանը չկարողացավ ճիշտ օգտվել ընձեռված հնարավորությունից, ինչի պատճառով ի դերև ելան նաև իշխանության նվիրական հույսերը միասնական ընդդիմության հետ երկրի կառավարման ծանր բեռն ավելի թեթև տանելու կապակցությամբ:

 

Բայց մի կողմ թողնենք Հանրապետական/ի/ այս կեղծ ողբը ընդդիմության չգոյության վերաբերյալ և փորձենք ըմբռնել ՀՀԿ-ի կարկառուն տեսաբանի մի քանի այլ տարաշխարհիկ մտքերը, մասնավորապես՝ հանրային կարծիքի վերաբերյալ: Լրագրողի հարցադրմանը, թե իշխանություններն ինչո՞ւ Սյունիքի մարզպետի բազմաթիվ նախկին ապօրինություններին համարժեք գնահատական ու վերաբերմունք չէին ցույց տալիս, այն դեպքում, երբ տարիներ շարունակ հանրային կարծիքը իշխանություններին անընդհատ հակում էր դրան, Գ. Սահակյանն ի պատասխան կտրուկ հակադարձեց՝ մեր երկրում հանրային կարծիք չկա և… լինել չի կարող: Հայտարարությունն այնքան անակնկալ էր նույնիսկ հազար ու մի տխմարություն լսած Պետրոս Ղազարյանի համար, որ նա երկար ժամանակ ուշքի չէր գալիս՝ հաջորդ հարցը ձևակերպելու համար: Փաստարկելու համար, որ «մեր երկրում հանրային կարծիք գոյություն չունի», Գ. Սահակյանը նորից վկայակոչեց այն հանգամանքը, որ երկրում եթե չկա իսկական ընդդիմություն, ուրեմն չկա նաև հանրային կարծիք. «Միայն ընդդիմությունն է, որ կարող է դառնալ հանրային կարծիքի արտահայտիչը»:

 

Ի դեպ, ՀՀԿ-ի կարկառունն այնքան վստահ էր պնդում իր տեսակետը, որ հեռուստադիտողներս, ուզած-չուզած, մտածեցինք` ըստ ՀՀԿ-ի՝ մեր երկրում հանրային կարծիք չկա գուցե այն պատճառով, որ արդեն հանրությո՞ւն էլ չկա: Եվ իշխանությունները նպատակասլաց կերպով ազատվում են հանրությունից, որպեսզի նաև ազատվեն հանրային կարծիքը լսելու անհրաժեշտությունի՞ց: Հանրային կարծիքն այսպես աներկբա «հատկացնելով» ընդդիմությանը և ընդդիմության չգոյությամբ «փաստարկելով» նաև հանրային կարծիքի չգոյությունը՝ ՀՀԿ-ի տեսաբանը մոռանում էր, որ հանրային կարծիքը հենց նրանով է այդպիսին, որ հասարակությունը ոչ թե բաժանում է առանձին գաղափարախոսություններ կրողների՝ կուսակցությունների ու անհատների, այլ միավորում է այն՝ անկախ կուսակցական պատկանելություններից ու տարբերություններից: Հետևաբար` հանրային կարծիքը նաև այն 180 հազար մարդու կարծիքն է, որը ՀՀԿ-ի անդամատոմս ունենալու համար թեև երջանիկ է և ապահով, բայց դժվար է պնդել, թե այս պահին բավարարված է Սյունիքի մարզպետի «քաջագործություններով»: Հանրային կարծիքի շուրջ փիլիսոփայելիս ՀՀԿ-ական գործիչը մոռանում էր նաև, որ հենց իրեն՝ Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության քարտուղարին, մարդկանց պատկառելի մի զանգված ընդունում է որոշակի հեգնանքով ու նույնիսկ քամահրանքով: Իսկ դա ոչ այլ ինչ է, եթե ոչ հանրային կարծիք, պարո'ն Սահակյան:

 

Լևոն ՍԱՐԳՍՅԱՆ