կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-06-01 08:54
Հասարակություն

Հայերը՝ դրսում

Հայերը՝ դրսում

«Հրապարակ»-ի խմբագիրը գրում է. «Զրուցակիցս սպորտսմեն է՝ մանկական սպորտի մարզիչ, վերջերս սաներին տարել է Վրաստան, կարծեմ՝ Բաթումի, ինչ-որ մարզումների: Պատմեց, թե ինչ դժվարությամբ են տեղ գտել, երեխաների սնվելու հարցը լուծել: Կհարցնեք՝ ինչո՞ւ դժվարությամբ, վրացիք մասնագիտացել են զբոսաշրջիկներ ընդունել-ճանապարհելու հարցում: Պարզվում է՝ մեր խումբը զարմանալի վատ ընդունելության է արժանացել մի քանի վայրերում: 


Գրեթե պայմանավորվել են գնի եւ պայմանների շուրջ ու արդեն տեղավորվելիս են եղել, երբ տանտերերն իմացել են, որ հայեր են, ու հրաժարվել են կացարան տրամադրելուց: Երբ իրավիճակը կրկնվել է, տեղի հայերից մեկը խորհուրդ է տվել՝ ասեք թուրք ենք:

Որքան էլ ցավալի է, պարզվել է՝ թուրքերին այստեղ մեծ սիրով են ընդունում, սրանք իրենց խոսքի տերն են՝ պայմանավորված գումարը վճարում են, ավելորդ խնդիրներ չեն առաջացնում, գույքը չեն փչացնում: Թեման շարունակելով հիշեցնեմ մեր երեկվա հոդվածը՝ Բելգիայում հայկական մի կրիմինալ խավ է ձեւավորվել, որոնց մշտապես հսկողության տակ պահելու համար բելգիական ոստիկանությունը նրանցից ամենավտանգավորների ոտքերին հատուկ «բրասլետներ» է հագցնում, որ 24 ժամ հետեւի տեղաշարժին: Սրանք այնպիսի հանցանքներ չեն կատարել, որ բանտ նստեցնեն, բայց հայտնվել են անբարեհույսների ցուցակում:


Եվս մի դեպք կլրացնի հայերի՝ դրսում ունեցած վարկանիշի մասին պատումս: Հորդանանում մի շատ բարեհամբույր արաբի խանութ մտանք՝ զարդեր էր վաճառում: Շատ սիրալիր սպասարկում էր, զրուցում մինչ այն պահը, երբ իմացավ, որ հայ ենք: Այլայլված առեւտրականը պատմեց, որ հայերը խմբով մտնում են խանութ, մինչ մեկն իրեն զբաղեցնում է, մյուսները սրբում են, ինչ կարողանում են: Ամոթից ուզում էի գետնի տակ անցնել: Ահա այն կերպարը, որով ներկայանում ենք աշխարհին»: