Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Դավիթաշենում այսօր նախընտրական քարոզարշավի շրջանակներում քաղաքացիների հետ հանդիպման ժամանակ, ի պատասխան հավաքվածների` տրանսպորտի ոլորտի վերաբերյալ բարձրացրած հարցի, ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը նշեց. «Այսօր երթուղային տաքսիները մխրճվել են ամբողջությամբ հանրային տրանսպորտի սիրտը»:
Նա պարզաբանեց, որ ներկայումս մայրաքաղաքում գործում է հասարակական տրանսպորտի 4 տարատեսակ` երթուղային տաքսիներ, ավտոբուսներ, տրոլեյբուսներ եւ մետրո, ու ՀՅԴ-ի առաջարկն այս ոլորտը կարգավորելու համար այն է, որ 4 հիմնական տրանսպորտային միջոցները մեկ համակարգում դիտարկվեն: Այդ դեպքում, նշեց Արծվիկ Մինասյանը, հիմնական շեշտը կդրվի ավտոբուսների վրա, երկրորդը մետրոպոլիտենի ցանցի ընդլայնումը կլինի, եւ երրորդ` միացյալ համակարգի մեջ գործելու է բազմասակագնային համակարգ:
«Դա նշանակում է, որ քաղաքացին վերցնում է մեկ տոմս ու այդ տոմսով կարող է օգտվելհանրային տրանսպորտի բոլոր տեսակներից, իսկ եթե վերցնում են տոմսերը ամսվա կտրվածքով, ապա տոմսերի արժեքը կիսով չափ զեղչվում է, իսկ ուսանողների ու աշակերտների համար գործելու է 10-20 տոկոս վճար»,- պարզաբանեց Արծվիկ Մինասյանն ու հավելեց, որ ամենակարեւորն այն է, որ Երեւանում երթուղային տաքսիները հիմնականում երկու գիծ են սպասարկելու` այն փողոցներն են մտնելու, ուր ավտոբուսներ չեն մտնում եւ երկրորդ` մարդկանց հասցնելու են մետրոյի կայարաններ:
Արծվիկ Մինասյանը հաղորդեց, որ ՀՅԴ-ն ծրագրում է նաեւ Երեւանը շրջանցող մայրուղիների կառուցում, որ մեծ ու շատ արտանետումներով մեքենաները չմտնեն քաղաք:
Քաղաքացիները հարց ուղղեցին նաեւ «Նաիրիտի» վերաբերյալ: Ի պատասխան` Արծվիկ Մինասյանը նշեց, որ այժմ արդյունաբերական այդ հսկան ՀՅԴ-ի ու ԱԺ ՀՅԴ խմբակցության անմիջական ուշադրության կենտրոնում է, եւ որ ՀՅԴ ծրագրով նախատեսված է մինչեւ 2014 թվականը «Նաիրիտը» կսկսի աշխատել գոնե իր աշխատանքային հզորության 40 տոկոսի չափով, ինչը նշանակում է, որ այդ դեպքում այնտեղ կաշխատեն մոտ 3000-3500 քաղաքացիներ: