կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-03-06 13:45
Աշխարհ

Կոչ` ՄԱԿ-ի Զարգացման ծրագրերի գրասենյակը չտեղափոխել Ստամբուլ

Կոչ` ՄԱԿ-ի Զարգացման ծրագրերի գրասենյակը չտեղափոխել Ստամբուլ

 

Եվրոպայի հայկական միությունների ֆորումը նամակ է հղել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին` կոչ անելով հետ կանգնել ՄԱԿ-ի Զարգացման ծրագրերի գրասենյակը Ստամբուլ տեղափոխելու մտահղացումից:

 

ԵՀՄՖ-ի նամակը` ստորև.

 

«Մեծարգո պրն Բան Կի Մուն

 

Մենք զայրույթով և ափսոսանքով տեղեկացանք ՄԱԿ-ի Զարգացման Ծրագրերի գրասենյակը Ստամբուլ, Թուրքիա տեղափոխելու վերաբերյալ Ձեր մտահղացման մասին: Մենք նման տեղափոխումը համարում ենք չափազանց մտահոգիչ և ոչ նպատակային հետևյալ ներքոնշյալ գործոնների պատճառով՝

ա) Թուրքիան իր երկրում չի կարողանում ապահովել ազգային փոքրամասնությունների իրավունքները և իրավասությունները

բ) կեղծելով պատմությունը, բռնի կերպով թրքացվում են տեղանունները և անձնանունները,

գ) այլախոհները դաժանորեն պատժվում և բանտարկվում են, ինչպես նաև փորձեր են արվում խոչընդոտելու լրագրողների պրոֆեսիոնալ գործունեությանը,

դ) կոնֆլիկտային իրավիճակների ստեղծում և ներգրավվում հարևան պետությունների հետ՝ ընդհուպ մինչև ռազմական միջամտություններ:

 

ՄԱԿ-ը իր ավանդական նպատակներով համարվում է մարդասիրական կառույց և այդ կառույցի գրասենյակի Թուրքիա տեղափոխումը՝ մի երկիր, որտեղ ամեն կերպ ոտնահարվում են մարդու հիմնարար իրավունքները, մենք համարում ենք բացարձակապես անընդունելի: Եվ մենք վստահաբար կարող ենք պնդել, որ նույնիսկ Թուրքիայի կողմից ՄԱԿ-ին տրված գումարները բնավ չեն էլ կարող փոխհատուցել այն հսկայական  վնասները (ժառանգության և հնագույն հուշարձանների ոչնչացում, մշտական անբավարար պայմանների առկայություն փախստականների համար, ազգային խտրականության դրսևորումներ և հետապնդումներ՝ անգամ այդ հողի վրա դավադրությունների կազմակերպում, օր.  Հրանտ Դինքի սպանությունը), պատճառված այս պետության կողմից: Եվ ինչքան էլ, որ ՄԱԿ-ի կառույցները փորձեն ապացուցել, որ չեզոքության ապահովումը հնարավոր է տվյալ երկրում, մենք համոզված ենք, որ առկա է լինելու ընդհանուր մթնոլորտի բացասական ազդեցությունը:  Եվ իզուր չէ, որ Թուրքիան այսքան տարի ապարդյուն կերպով բախում է Եվրոպայի դռները` փորձելով անդամակցել Եվրամիությանը, և ամեն անգամ մերժում է ստանում վերևում թվարկված պայմանների պատճառով:

 

Ուստի, մենք հաստատապես համոզված ենք, որ Դուք առավելագույն ջանքեր կգործադրեք այդ որոշման վերանայման ուղղությամբ, դրանով իսկ նպաստելով  այս հարցի շուրջ ծավալված կրքերի լարվածության թուլացմանը:

 

Հարգանքով`

ԵՀՄՖ-ի նախագահություն»