կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-05-27 18:27
Հասարակություն

Կալիֆոռնիայի նահանգապետի բիզնեսի և տնտեսական զարգացման գրասենյակը Երևանում հիմնում է գրասենյակ

Կալիֆոռնիայի նահանգապետի բիզնեսի և տնտեսական զարգացման գրասենյակը Երևանում հիմնում է գրասենյակ

Հունիսի 1-ին Կալիֆոռնիայի նահանգապետի բիզնեսի և տնտեսական զարգացման գրասենյակի (GO-Biz) և Իմփաքթ Հաբ Երևանի միջև կկնքվի փոխըմբռնման հուշագիր:

Ըստ հուշագրի՝ GO-Biz-ը Հայաստանում կհիմնի և կղեկավարի առևտրի և ծառայությունների գրասենյակ, որը տեղակայված կլինի Իմփաքթ Հաբ Հայաստանի սոցիալական նորարարությունների և զարգացման հիմնադրամի տարածքում և կխրախուսի ու կաջակցի Կալիֆոռնիայի և Հայաստանի միջև առևտրին և ներդրումներին: Բացի այդ՝ գրասենյակը կնպաստի երկու կողմերի միջև նորարարության և բիզնեսի աճին և հնարավորություն կտա ընդհանուր հետաքրքրություններ ունեցող ձեռներեցներին ստեղծել կայուն, ռազմավարական նշանակության և փոխշահավետ համագործակցություն:

«Մենք ուրախությամբ ողջունում ենք Երևանում GO-Biz-ի առևտրի և ծառայությունների գրասենյակի բացումը և պատրաստակամ ենք համագործակցության»,-նշում է ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը: «Կալիֆոռնիան տուն է մեծաթիվ սփյուռքահայերի համար, և մենք կարևորում ենք բիզնես կապերի զարգացումը»:

Փոխըմբռնման հուշագրի վիրտուալ ստորագրման արարողությունը տեղի կունենա հունիսի 1-ին՝ երևանյան ժամանակով 19:00-ին (8am PST)՝ Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի ֆեյսբուքյան էջի ուղիղ միացմամբ: Արարողության ընթացքում խոսքով հանդես կգան Գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը, 

Կալիֆոռնիայի փոխնահանգապետ Էլենի Կունալակիսը, Կալիֆոռնիայի նահանգային  սենատոր Էնթոնի Պորտանտինոն, Կալիֆոռնիայի նահանգային ասամբլեայի անդամ Ադրին Նազարյանը, Իմփաքթ Հաբ Երևանի հոգաբարձուների խորհրդի անդամ Րաֆֆի Քասարջյանը:

GO-Biz-ը առևտրային գրասենյակներ է բացել նաև Մեքսիկայում և Չինաստանում: Երևանում GO-Biz-ի առևտրային և ծառայությունների գրասենակին վերաբերող այլ հարցերի մասին տեղեկատվության համար կարող եք կապ հաստատել մեզ հետ [email protected] էլ. հասցեով կամ զանգահարելով (+374) 10 51-55-14 հեռախոսահամարին: