կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-03-05 16:49
Հասարակություն

Որոշ ատամնաբուժարաններ արդեն փակվում են

Որոշ ատամնաբուժարաններ արդեն փակվում են

Իշխանությունը փորձել է մի խնդիր էլ պարզեցնել, բայց ստացվել է հակառակը. լրագրողների հետ հանդիպման ժամանակ կարծիք հայտնեց «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Թեւան Պողոսյանը:

 

Նա այսօր ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանի հետ միասին խոսեց վերջերս ԱԺ ընդունած «Արտոնագրային վճարների մասին» /Ստոմատոլոգիական ծառայությունների մատուցման համար նախատեսված համապատասխան արտոնագրային վճարների մասին/ օրենքում փոփոխություններ կատարելու նախագծի մասին:

 

Պողոսյանը նշեց, որ օրենքի ընդունման արդյունքում մանկական ատամնաբուժությունը համեմատվեց մեծահասակների ատամնաբուժության հետ, բժշկական համալսարանին կից ստոմատոլոգիական կենտրոնը փակվեց, քանի որ ուսանողները պրակտիկան անցնում էին փոքր եւ միջին ատամնաբուժարաններում, բարեգործական կլինիկաները նույնպես փակվեցին, որովհետև մինչ այդ չէին հարկվում:

 

Պողոսյանի խոսքով` օրենքը նաեւ խոչընդոտ դարձավ առողջապահական տուրիզմի զարգացման համար: «Նախկինում մեր ազգակիցները, Հայաստան գալով, օգտվում էին ստոմատոլոգիական ծառայություններից, քանի որ դրանք մեզ մոտ մատչելի էին և որակյալ: Նոր նախագծի արդյունքում տուժեց եւ տուժում է փոքր եւ միջին բիզնեսը. հունվարի 1-ից շատ կենտրոններ դիմում են գրել փակվելու մասին»,- հայտարարեց նա:

 

Վարդան Այվազյանի խոսքերով էլ` բարեփոխուները դեռ քննարկման փուլում են, եւ այս նախագիծը միտված է եղել ոլորտը ուղիղ հարկման դաշտից տեղափոխել անուղղակի հարկման դաշտ: «Ասում ենք` արտոնագրային վճարդ ամսական տուր ու էլ մի մտածի հաշվապահի մասին. դու մեր 80 հազարը տուր, դրանից հետո ինչքան շահույթ կստանաս, ինչի վրա կծախսես` քո գործն է»,- բացատրեց նա:

 

Ըստ օրենքի` 80 հազար դրամ կհարկվի Երեւանի ստոմատոլոգիական կենտրոններից, այն կներառի ստոմատոլոգի երեք աթոռ, բայց 10 աթոռի դեպքում հարկման գումարը կնվազի, իսկ ահա մարզերում այդ գումարը կկազմի 57 հազար դրամ:

 

«Մտածում ենք նաև սահմանամերձ բնակավայրերում առկա ստոմատոլոգիական կենտրոնների հարկման գումարը կրճատել: Չպետք է բոլորին նույն հարթության վրա դնել»,- ասաց Այվազյանը, բայց եւ այնպես հավելեց, որ չեն կարող յուրաքանչյուր կենտրոնի նկատմամբ անհատական մոտեցում ցուցաբերել: