կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-03-01 14:25
Առանց Կատեգորիա

Ինչպես վերարտադրվել հետո. իշխանության նոր գլուխկոտրուկը

Ինչպես վերարտադրվել հետո. իշխանության նոր գլուխկոտրուկը

Սերժ Սարգսյանի կողմից, գործադիր իշխանության ողջ վերնախավի մասնակցությամբ, Անվտանության խորհրդի ընդլայնված նիստի հրավիրումը վերջնականապես հաստատեց, որ իշխանությունը հետընտրական զարգացումներից լրջորեն նյարդայնացած է և տենդագին փորձում է ստեղծված իրավիճակից ելքեր գտնել:

 

Ընտրական օրենսգիրքն միջազգային դիտորդների դիտողությունների հիման վրա բարեփոխելու, դրանում քաղաքական ու հասարակական լայն շրջանակների ներգրավվելու, ընտրախախտումների հետ կապված հանցագործությունները բացահայտելու ուղղությամբ աշխատանքներն ակտիվացնելու վերաբերյալ նախագահի տված հանձնարարականները դրան ուղղված հուսահատ քայլերից էին: Դրանցից էին նաև ԱԺ-ում ծավալված քննարկումներն ու խորհրդարանի ղեկավարի կողմից հետընտրական զարգացումների կապակցությամբ ԱԺ արտահերթ նիստ հրավիրելու առաջարկությունն ընդունելը: Ընդ որում` իշխանությունը, կարծես, պատրաստակամություն է հայտնում քննարկելու մի օրակարգ, որում ընդգրկված սկզբունքային հարցերի, մասնավորապես` Ընտրական օրենսգրքի փոփոխությունների և համամասնական ընտրակարգին անցնելու հետ կապված նախընտրական շրջանում միանշանակ մերժողական դիրքորոշում ուներ և տապալում էր դրանց ուղղված արտահերթ նիստեր հրավիրելու` ԱԺ ընդդիմության նախաձեռնությունները:

 

Մի կողմից սա վկայում է իրավական և քաղաքական հարթություններից խնդիրը չհանելու, կոպիտ տակտիկական սխալներով իրավիճակը չսրելու, հնարավորության դեպքում բանակցությունների միջոցով խնդիրը կարգավորելու` իշխանության տրամադրվածությունը: Սերժ Սարգսյանը պարզապես չի ցանկանում անել այն սխալները, որոնք 5 տարի առաջ թույլ տվեց Ռոբերտ Քոչարյանը, և որոնց հետևանքներն այդպես էլ չկարողացավ վերացնել պաշտոնավարման անցած տարիների ընթացքում: Սակայն իշխանության նման պահվածքի իրական պատճառը դա չէ: Դասադուլ հայտարարած ուսանողների նկատմամբ նորահայտ «գրոհայինների» միջոցով հալածանքների իրականացումը, վարչական ռեսուրսների կիրառմամբ բուհերում ուսանողության ազատ տեղաշարժվելու և կամաարտահայտվելու իրավունքները բռնի կերպով սահմանափակելը հստակ ուրվագծեցին, որ իշխանությունը ծայրահեղ անհրաժեշտության դեպքում պատրաստ է դիմելու սեփական շահերն ու դիրքերը պաշտպանելու` հին ու փորձված մեթոդներին: Այդ շարքից էր նաև Րաֆֆի Հովհաննիսյանի համակիրներին Գորիսում տոտալ կերպով ահաբեկելու միջոցով նրա պլանավորած հանրահավաքը տապալելու իրողությունը:

 

Իշխանության ներկայիս նյարդայնության իրական պատճառը նույնիսկ Րաֆֆի Հովհաննիսյանի անձի և նրա ծավալած ներկայիս հանրահավաքային գործունեության մեջ էլ չի թաքնված: Իրականում վերջիններս իշխանության համար լուրջ վտանգ չեն ներկայացնելու այնքան ժամանակ, քանի դեռ Հովհաննիսյանը և նրա թիմը այս պրոցեսից չեն քամել և հստակ ձևակերպել քաղաքական-քաղաքացիական հիմնական օրակարգը և չեն ուրվագծել այն հիմնական գիծը, որով պետք է հասարակական ընդվզման այս ալիքը զարգանա ու ընդլայնվի: Այն, ինչ տեղի է ունենում առայժմ, ավելի շատ հիշեցնում է առաջնային ոգևորությունից ծնված իներցիոն ինչ-որ շարժընթաց, որի ուղղությունը, սակայն, դեռևս պարզ չէ: Պարզ չէ նաև, թե ի վիճակի՞ է, արդյոք, Րաֆֆի Հովհաննիսյանը ընդհանուր հոսանքին տրված գնացող սիմվոլից վերածվել իրական, նյութական առաջնորդի, որի ետևից զանգվածները կգնան մինչև վերջ:

 

Իշխանության ներկայիս ջղաձգության իրական պատճառն, ըստ այդմ, ոչ թե այն է, որ Րաֆֆի Հովհաննիսյանը ստացավ աննախադեպ մասշտաբի վստահության քվե ու փորձում է այն վերածել քաղաքական կապիտալի, այլ որ չհաջողվեց Սերժ Սարգսյանի համար ապահովել պլանավորած չափով ընտաձայներ: Այսինքն` խնդիրը ոչ թե Հովհաննիսյանի հաղթանակն էր, այլ Սերժ Սարգսյանի պարտությունը, ավելի ճիշտ հազար անգամ փորձված, վստահելի թվացող մեխանիզմների տապալման հետևանքով այդ պարտությունն առավել քան նկատելի ու չափելի դարձնելը: Եթե Հովհաննիսյանին տրված ձայներին ավելացնենք նաև մյուս թեկնածուների արդյունքները, ընտրություններին հիասթափության պատճառով չմասնակցածներին և քվեաթերթիկները միտումնավոր կերպով անվավեր դարձված շրջանակներին, ապա ստացվում է, որ իշխանությունն, իր ողջ պոտենցիալով հանդերձ, այսօր ունակ է իր համար ապահովել ընդամենը 35-40 տոկոս քվե: Սա պարտություն էր ոչ թե առանձին վերցրած որևէ մեկի, ընդդիմության կամ էլ ողջ քաղաքական դաշտի առջև, այլև ժողովրդի, ընտրողի: Մի բան, որ, ըստ էության, հայաստանյան իրականություն համար աննախադեպ էր:

 

Սերժ Սարգսյանը և իշխանությունն իրականում այս ընտրությամբ հասկացան, թե ինչ թաքնված ուժ կարող է ունենալ ժողովուրդը և ինչի կարող է նա ունակ լինել սեփական այդ ուժը գիտակցելու և այն մոբիլիզացնելու դեպքում: Իշխանությունը ցայտնոտի մեջ հայտնվել է այն գիտակցությունից, որ ընտրությունների ցանկալի արդյունք նկարելու` նախկինում բազմիցս իրեն արդարացրած մեթոդաբանությունն ու գործիքակազմն այլևս դարձել են անպիտան: Ընտրակաշառքն այլևս չի օգնում: Ընդ որում` չի օգնում հենց այն շրջաններում` մեծ ու փոքր քաղաքաներում, որոնք մինչ այժմ համարվում էին իշխանության ձայներն ապահովելու հիմնական «կաթսան»: Եթե գյուղական համայնքները չենթարկվեին տոտալ վերահսկողության, ապա Սերժ Սարգսյանի համար անգամ այս համեստ թվացող արդյունքներն ապահովել հնարավոր չէր լինելու: Մարդիկ սկսել են չվախենալ նաև ահաբեկման տարատեսակ միջոցներից, վարչական ճնշումներից:

 

Միակ գործնական ռեսուրսը, որը մնացել է իշխանությանը, և որը բուն ընտրողի հետ ուղղակի կապ, կարծես, չունի, ընտրողների ուռճացված բազան է: Ակնհայտ է, որ եթե ի սկզբանե վիրտուալ մոտ 2.5 միլիոնանոց ընտողների բազա չներկայացվեր, որևէ կերպ հնարավոր չէր լինելու ծածկադմփոց անել իշխանության բացարձակ ֆիասկոն:

 

Եվ հիմա իշխանությունը պարզապես չգիտի` ինչ է անելու հետո: Այն ունի երկու տարբերակ. կա'մ, այսպես կոչված, «բարեկիրթ» ընտրախախտումներից վերադառնում է դեպի բիրտ միջոցները, և Սերժ Սարգսյանը մոռանում է հետայսու խոսել ամենաժողովրդավարական ընտրություններն անցկացնելու մասին, կա'մ էլ սկսում է վերարտադրության բոլորովին նոր մեխանիզմներ մշակել: Առաջինը գրեթե անհնար է, որովհետև գնացքն արդեն մեկնել է, և հետդարձն ուղղակի կկործանի գործող նախագահի լեգիտիմության թղթե տնակը: Հետևաբար` պետք է ենթադրել, որ ամենահավանականը լինելու է երկրորդ տարբերակին դիմելը:

 

Խիստ հատկանշական է, որ չնայած Երևանի քաղաքապետի ընտրություններին ընդամենը երկու ամիս է մնացել, սակայն Սերժ Սարգսյանը Ընտրական օրենսգիրքը վերանայելու հանձնարարական է տալիս արդարադատության նախարարին: Եվ սա այն դեպքում, երբ թե' խորհրդարանական և թե' նախագահական ընտրություններին ընդառաջ կառավարությունը մշտապես փորձում էր համոզել, թե ընտրությունների նախօրեին ընտրական օրենսգրքում փոփոխություններ կատարելը սխալ է և անթույլատրելի: Չի բացառվում, որ դիրքորոշման նման կտրուկ փոփոխությունը և Ընտրական օրենսգրքի վերանայումն առաջիկայում իրականացվեն հենց վերարտադրության համար նոր սողանցքներ, հնարավորություններ ապահովելու համար:

 

Գևորգ ԱՂԱԲԱԲՅԱՆ