կարևոր
415 դիտում, 3 ժամ առաջ - 2025-02-24 18:12
Հասարակություն

Աջափնյակի մետրո. վայր, որտեղ բազմիցս վերարտադրվել է Փաշինյանի իշխանությունը

Դեռևս 2018 թվականին Հայկ Մարությանը իր նախընտրական ծրագիրը ներկայացնելու ժամանակ, ամենակարևոր առաջին կետերի մեջ նշել է Աջափնյակում մետրոյի նոր կայարան կառուցելը։

Արդեն 2023 թվականին Տիգրան Ավինյանն ու Նիկոլ Փաշինյանը վստահեցրին, որ Աջափնյակում մետրոյի նոր կայարան է կառուցվելու։

Ավինյանի պլաններով՝ նախագծման աշխատանքները դեռ անցած տարի պետք է ավարտված լինեին, իսկ այս տարի՝ սկսվեր շինարարությունը։ Բացի այդ, հայտարարվել էր, որ դրա համար նախատեսված ֆինանսավորում կա։

Սակայն 1 տարի անց՝ ասյօր գործակարգավարական խորհրդակցության ժամանակ Ավիյնաը խոստովանեց որ կառավարությունն ամբողջությամբ չի կատարել իր պարտավորություններն ու վճարումները, և խնդրի առաջացման հիմնական պատճառը ֆինանսավորման բացակայությունն է։

Այսպիսով, քաղապատները փոխվում են, բայց խոստումներն ու անկատար գործողությունները ոչ։ Կառավարությունը կրկին ներկայացրել է հստակ ժամկետներ, սակայն, ինչպես միշտ դրանք իրականություն չեն դարձել։ Նախագիծը դեռևս քննարկման փուլում է, ինչը նշանակում է, որ հանրությունը կրկին կանգնած է անորոշ սպասումների և հիասթափության առաջ։ Արդյունքում չկա մետրո, կան միայն անվերջանալի խոստումներ և հիասթափություններ։

Տպավորություն է, որ Մետրոյի Աջափնյակ կայարանի կառուցումը, որն արդեն ազգային երազանքի նման մի բան է դարձել, երբեք տեղի չի ունենա: Փոխարենը Փաշինյանի իշխանությունը այն մշտապես կծառայեցնի ընտրողներին նախընտրական խոստումներով կերակրելու կամ, ինչպես ժողովուրդ է ասում, մարդկանց ականջին լապշա կախելու գործընթացին: Կծառայեցնի, կվերարտադրվի, չի կատարի խոստումը, նորից կխոստանա, նորից կվերարտադրվի, և այսպես շարունակ:  Հավերժական շրջափուլ կամ փակ շղթա:
Մնում է հարցնել՝ անկեղծ չի՞ լինի, արդյոք, Աջափնյակի այդպես էլ չբացված կայարանի վրա կանգնեցնել մի հուշատախտակ և վրան մակագրել՝  «Վայր, որտեղ չի բացվել մետրոյի կայարանը, փոխարենը բազմիցս վերարտադրվել է Փաշինյանի իշխանությունը»։

Ալիսա Աղասյան