կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-03-01 12:25
Հասարակություն

''Անհատ ձեռներեց օպերատորները''` Ազատության հրապարակում

''Անհատ ձեռներեց օպերատորները''` Ազատության հրապարակում

«Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանն իր ելույթներից մեկում ասել էր, որ հարգում է այն ոստիկաններին, ովքեր բացահայտ տեսանկարահանում են իր հանրահավաքները: Սակայն ինչպես «Ժառանգության» ղեկավարն, այնպես էլ նրա համակիրներն անընդունելի են համարում այն, որ քաղաքացիական հագուստներով որոշ մարդիկ նկարահանում են հանրահավաքի մասնակիցներին: Այդ կապակցությամբ միջադեպ էր տեղի ունեցել Արտաշատում ակտիվիստ Դավիթ Սանասարյանի և ներկայանալ չցանկացած երիտասարդի միջև, ինչին անդրադարձել էր նաև yerkir.am-ը: Օրեր առաջ ՀՀ ոստիկանությունը հավաստիացրել էր, որ առանց համազգեստի օպերատորներ չեն լինի: 

 

Րաֆֆի Հովհաննիսյանի երեկվա հանրահավաքի մեկնարկից առաջ իրենց առաքելությունն էին իրականացնում քաղաքացիական հագուստներով «օպերատորները»: Նրանք հրապարակ տանող մուտքերի մոտ կանգնած` երկուական փոքր տեսախցիկներով (flip) նկարահանում էին հանրահավաքին եկող մարդկանց:

 

Yerkir.am-ի լրագրողը, հետաքրքրված անծանոթների ով լինելով, մոտեցավ նրանց և հարցրեց, թե ինչի համար են նկարահանում մարդկանց: Անծանոթները պատասխանեցին, որ իրենք լրատվամիջոց են ներկայացնում, իսկ թե ո՞ր, չցանկացան ասել:

 

Մեր լրագրողի հետաքրքրությունը սպառելու համար, ստիպված ասացին. «Չեք ճանաչի, մերն անհատ ձեռներեց լրատվամիջոց ա»:

 

Խոստովանում ենք` սպառիչ պատասխան ստացանք: Սակայն, երբ yerkir.am-ի լրագրողն ինքնակոչներին տեղեկացրեց, որ ինքը ևս լրագրող է, քաղաքացիական հագուստով «օպերատորներն» առանց ինչ-որ բան ասելու պարզապես հեռացան: