Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը մոտ երկու շաբաթ Անթալիայում էր, որտեղ հետեւում էր ինչպես հայկական, այնպես էլ արտասահմանյան այն ակումբների մարզական հավաքներին և հանդիպումներին, որտեղ հանդես են գալիս Հայաստանի ազգային հավաքականի թեկնածու ֆուտբոլիստներ:
ՀՖՖ պաշտոնական կայքի հետ զրույցում Վարդան Մինասյանը խոսել է իր դիտարկումների մասին:
«Հետևել եմ հայկական 4 ակումբների՝ «Փյունիկ»-ի, «Շիրակ»-ի, «Գանձասար»-ի, «Ուլիս»-ի մարզական հավաքներին ու անցկացրած հանդիպումներին, ինչպես նաև Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստների մասնակցությամբ՝ «Կուբան»-ի, «Շերիֆ»-ի, «Ակտոբե»-ի, «Վոլգա»-ի, «Գովերլա»-ի, «Պախտակոր»-ի հանդիպումներին: Մեր բոլոր ֆուտբոլիստներն էլ նորմալ մարզավիճակում էին: Ուրախալի է, որ Ռոբերտ Արզումանյանը մշտապես խաղում է իր թիմի հիմնական կազմում, ինչը շատ կարևոր է մեր համար:
Ընդհանուր առմամբ, այն դիրքերի համար, որտեղ մենք ունենք խնդիրներ, ես չտեսա հավաքականի համար արժանի նոր ֆուտբոլիստներ: Թիմերի կազմերում կան հեռանկարային երիտասարդ ֆուտբոլիստներ, բայց, բնականաբար, նրանք դեռ պատրաստ չեն ազգային հավաքականում խաղալու համար: Ընդհանրապես, հիմա ստեղծվել է այնպիսի իրավիճակ, որ մենք ստիպված ենք մոտակա հավաքին հրավիրել հնարավորինս շատ ֆուտբոլիստներ: Միայն բոլոր խաղացողներին փորձարկելով և իրար հետ համեմատելով՝ մենք կկարողանանք ճիշտ ընտրություն կատարել: Չնայած հավաքականի կազմի հետ կապված բազմաթիվ խնդիրներին, միևնույն է, ձգտելու ենք հնարավորինս հաջող հանդես գալ Չեխիայի հավաքականի դեմ և հասնել դրական արդյունքի»,- ասել է մարզիչը: