Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Րաֆֆի Հովհաննիսյանն առ այսօր մի նախադասություն է ասել, որին տիրապետում է: Դա այն է, որ սա «Սերժի ու Րաֆֆիի կռիվ չի»: Ինքը էդ մեկը գիտի: Այսինքն` գիտի, որ էդ կռվում ինքը չկա: Ու չգիտի, որ Սերժ Սարգսյանը կա: Մարդն արտգործնախարար է եղել ու տեղյակ չէ, որ, դիցուք, ԱՄՆ դեսպանատունն այլ հաշվարկներ ունի: Պարզապես ինքը տեղյակ չէ այդ հաշվարկներից: Երբ հանդիպում է Սերժ Սարգսյանի հետ, ինքը նրան ասելիք չունի: Բայց Սերժ Սարգսյանն ունի, որովհետեւ ինքը հո գիտի, որ հոլիվուդյան շկոլայով մեծացած Րաֆֆի Հովհաննիսյանը գալու է իր մոտ: Մեծ հաշվով` Սերժ Սարգսյանն էլ չգիտի, թե ինչ ասի Րաֆֆի Հովհաննիսյանին, որովհետեւ ի՞նչ ասես մի մարդու, որը «հիմա, հիմա» բղաված ժողովրդին, որը երես թեքեց ՀԱԿ-ից այդ «հիմա»-ն այդպես էլ տեղ չհասած «հետո» դարձնելու համար, ասում է. «Ժողովո'ւրդ, պատրա՞ստ եք երկարատեւ պայքարի»:
Րաֆֆի Հովհաննիսյանի բոլոր քայլերից երեւում է, որ խորհրդատուներ չունի: Իսկ սեփական քայլերը չունեցող մարդը, որը խորհրդատուներ չունի, չգիտի, թե հատկապես ինչ անի: Հավաքել է ժողովրդին ու ասում է. «Ես Հայաստանի նախագահն եմ»: Ու անմիջապես հետո շարունակում է. «Ես չեմ մասնակցելու Սերժ Սարգսյանի ինաուգուրացիային»: Եղբա'յր, չի կարելի հայերենի վրա այդքան անհետեւողականություն բարդել: Պարզ երեւում է, որ որեւէ մեկի հետ մտադիր չես քո ծրագրերով կիսվել: Ու դու ժողովրդին տուն ես ճանապարհում իր համար այդքան սարսափելի բառերո՞վ. «Ցրվեք տներով»: Տասը տարուց ավելի հանրահավաքներից իրենց տները շպրտված ժողովրդի հետ այդպես չեն վարվում: Քեզ ընտրել են, որ առաջնորդես: Դու ինչպե՞ս ես թույլ տալիս, որ 30 վայրկյանանոց տեսագրությունը նախագահի ապարատը տարածի, եթե հետո հայտարարելու ես, որ հանդիպման բովանդակությունը Ռիտա Սարգսյանի առողջությունը չի եղել: Դու հո տեսնում ես, որ նա ղժժում է քեզ վրա` հարցնելով. «Մի տեսակ տխուր ես, Րաֆֆի'»: Ինքը հո գիտի, որ դու ո'չ տխուր ես, ո'չ` ուրախ, ո'չ անտրամադիր ես, ո'չ էլ տրամադրություն ունես, ո'չ բարեհամբույր ես, ո'չ էլ` անկիրթ, ո'չ թթու ես, ո'չ էլ` կծու, ո'չ աղի ես, ո'չ էլ` դառը, ո'չ քաղցր ես, ո'չ էլ` անհամ, ո'չ իրավատեր ես, ո'չ էլ` անիրավ: Ինքը գիտի: Դու չգիտես:
Լավ է, որ սեղմում ես Սերժ Սարգսյանի ձեռքը, բայց սեղմելիս դու թիկունքի զգացում ունե՞ս, թե՞ ոչ: Դու մոռանո՞ւմ ես, որ դրսում քեզ մի քանի հազար մարդ է սպասում: Մոռանո՞ւմ ես` ձեզնից ով է ընտրյալը: Կրկին լավ է, որ ժպտում ես, ծիծաղում ես, բայց հո Սերժ Սարգսյանը գիտի, որ քո ծիծաղի պատճառն այն է, որ ինքդ էլ չես հավատում քո նախագահ լինելուն, որ ոչ թե ինքն է սեղմում ՀՀ նախագահի ձեռքը, այլ դու ես սեղմում ՀՀ ՆԱԽԱԳԱՀԻ ձեռքը:
Սերժ Սարգսյանը լավ գիտի, որ ինքը մաքուրով չի ընտրվել, բայց նրան դա հետաքրքիր չէ, թե դա ինչ է: Դու կռիվ պետք է ցույց տաս, դու պահանջ պետք է ձեւակերպես հենց ներս մտնելիս, Հայաստանում բողոքը դեմք ունի: Դո'ւ` ժողովրդի հույսերի չորրորդ գերեզմանափորը, որը հավակնում էր չորրորդ հանրապետություն ստեղծելուն: Ամենասարսափելին այն է, որ քեզ հետ հանդիպումով Սերժ Սարգսյանը ոչ մի հարց չլուծեց, մարդը պարզապես ընդունեց երկրորդ պատվավոր տեղը գրաված թեկնածուին: Ուրիշ ի՞նչ աներ, որ ավելի լեգիտիմ երեւար: Իսկ հիմա արդեն կարեւոր չէ, թե ով է ընտրվել: Սերժ Սարգսյանը անհամբեր սպասում էր, որ դու կբողոքես խաղի կանոնների շրջանակներում, այսինքն` փողոցներ չես փակի, անհնազանդության կոչ չես անի:
Հիմա, երբ մինչեւ վաղը «Ֆեյսբուքն» ու լրատվական կայքերը քեզ հողին կհավասարեցնեն, էլ ո՞ւմ ընդունելությանն ես հավակնելու, ասենք` բաջանաղի կամ աներորդու ողջությունը հարցնելու համար: Մյուս օրը, երբ քո հանրահավաքին կմնաս մենակ, ինչ-որ տեղից քեզ լսելի կլինի Րաֆֆու` ծնողներին ոչնչացրած Սամվելի արարքին հավանություն տվողների թառանչը. «Արժանի էր...»:
Սեյրան Հանոյան
Լուսանկարը` ՖՈՏՈԼՈՒՐ-ի
«Հարթակ» բաժնում հրապարակումները կարող են չհամապատասխանել yerkir.am-ի խմբագրության մոտեցումներին: Դա ընդունեք որպես ազատ խոսքի իրավունքի դրսեւորում: