ՀՀ ոստիկանությունը երեկ կայացած նախագահական ընտրությունների ժամանակ արձանագրված խախտումների վերաբերյալ հանդես եկավ գրեթե միշտ հերքմամբ: Եվ, ահա, հերթական հերքումը.
Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը էլեկտրոնային լրատվամիջոցներում տեղեկություններ է տարածել, որ ՀՀ տարբեր բնակավայրերի ընտրողներ ներգրավվել են Երևան քաղաքի ընտրական տեղամասերի լրացուցիչ ցուցակներում` չհանվելով իրենց հաշվառման վայրի ընտրողների ցուցակներից:
Հայաստանի Հանրապետության ոստիկանությունը, որպես ՀՀ ընտրողների ռեգիստրը վարող մարմին, հավաստիացնում է, որ հաշվառման վայրի ընտրողների ցուցակից ընտրողի տվյալները ժամանակավորապես հանելու և ըստ գտնվելու վայրի ընտրական տեղամասի ընտրողների լրացուցիչ ցուցակում ընդգրկելու վերաբերյալ քաղաքացիների կողմից ներկայացված դիմումները քննարկվել և որոշումները կայացվել են ՀՀ ընտրական օրենսգրքի 8-րդ հոդվածի պահանջների հստակ պահպանմամբ:
ՀՀ ընտրական օրենսգրքի 8-րդ հոդվածով նախատեսված բոլոր լրացուցիչ ցուցակները կազմվում են բացառապես ծրագրային ապահովմամբ` ավտոմատ եղանակով, ինչը բացառում է միևնույն ընտրողի տվյալների կրկնությունը հիմնական և լրացուցիչ ցուցակներում:
Ինչպես հիմնական, այնպես էլ լրացուցիչ ցուցակները ՀՀ ընտրական օրենսգրքի 10-րդ հոդվածի 3-րդ մասի պահանջներին համապատասխան՝ լիազոր մարմնի կողմից տպագրվել և տեղամասային ընտրական հանձնաժողովների նախագահներին են հանձնվել միաժամանակ:
Ինչ վերաբերում է ՀՀ ընտրական օրենսգրքով նախատեսված ըստ գտնվելու վայրի ընտրողների լրացուցիչ ցուցակում ընդգրկվելուն, ապա այն քաղաքացու սուբյեկտիվ իրավունքն է, և ոստիկանությունը որևէ իրավական ակտով իրավասու չէ սահմանափակելու նշված իրավունքի իրացումը: