Միասին կարող ենք
կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2013-02-02 12:47
Առանց Կատեգորիա

Թուրքիան պետք է Ռուսաստանին հավասար դեր ունենա ԼՂ խնդրում. Ուեյն Մերրի

Թուրքիան պետք է Ռուսաստանին հավասար դեր ունենա ԼՂ խնդրում. Ուեյն Մերրի

Հակամարտությունների` Սիրիայից մինչեւ Աֆղանստան ձգվող գոտում հասունանում է նոր պատերազմ: Խոսքը Լեռնային Ղարաբաղի մասին է. ամերիկյան The National Interest պարբերականում գրել է ամերիկացի առաջատար վերլուծաբան Ուեյն Մերրին:

 

«Նախագահ Օբամայի արտաքին քաղաքականության թիմը ստիպված կլինի զբաղվել այդ հարցով` ուզի, թե չուզի: 20 տարի առաջ անկախություն ձեռք բերած Հայաստանը եւ Ադրբեջանը կատաղի պատերազմ մղեցին այդ մեկուսացված շրջանի համար: Հայաստանը հաղթեց այդ պատերազմում, սակայն խաղաղություն ձեռք չբերվեց: 1994-ին ստորագրված` հրադադարի մասին փխրուն պայմանագիրը դիվանագիտական միակ շոշափելի նվաճումն է:

 

Այդ օրվանից Վաշինգտոնը, Մոսկվան եւ Փարիզը միջնորդական ջանքեր են գործադրում` փորձելով գտնել հիմնախնդրի լուծումը: Չնայած երեք պետությունների ջանքերին, ներառյալ` դրանց նախագահների նախաձեռնությունները, հակամարտության կողմերը բանակցել չեն ցանկանում: Նման փակուղին հանգեցնում է վտանգավոր լարվածության` վերածելով իրադրությունը հետպատերազմականից նախապատերազմականի»,- գրում է վերլուծաբանը:

 

Ըստ նրա` ակնհայտ է, որ սպառազինությունների մրցավազք է սկսել. Ադրբեջանը` կիրառելով իր նավթադոլարները, Հայաստանը` օգնություն ստանալով Ռուսաստանից: Մերրիի խոսքերով` թեեւ Ադրբեջանը գերազանցում է ռազմական տեխնիկայով եւ սպառազինությամբ, սակայն Հայաստանի առավելությունը տեղանքին տիրելն է: Ադրբեջանը հովանավոր ունի` ի դեմս Թուրքիայի, որը համարում է, որ եղբայրական պարտավորություն ունի Ադրբեջանի առջեւ, իսկ Հայաստանի ռազմական եւ պատմական գործընկերը Ռուսաստանն է:

 

«Նոր պատերազմը, ամենայն հավանականությամբ, պյուրոսյան հաղթանակ կլինի երկու կողմի համար էլ եւ կգերազանցի առաջին պատերազմը իր մասշտաբներով ու ավերիչ հզորությամբ: Առաջին հակամարտությունը սահմանափակվում էր Ղարաբաղի եւ շրջակա տարածքներով եւ դրան մասնակցում էր միայն հետեւակը: Նոր պատերազմում Հայաստանը եւ Ադրբեջանը կբախվեն ուղղակիորեն` ունենալով ավելի հզոր ռազմական արսենալ»,- ընդգծում է հեղինակը` հավելելով, որ այս անգամ քաղաքացիական ենթակառուցվածքներ, օրինակ` նավթատարներ ոչնչացնելու սպառնալիքներ են հնչում:

 

Անդրադառնալով, որպես տարածաշրջանային երկիր, Իրանի դերակատարությունը` վերլուծաբանը կարծիք է հայտնում, որ Իրանը դեռեւս քաղաքական լուրջ դեր չունի, թեեւ Հայաստանին ապահովում է կարեւոր էներգետիկ ու առեւտրային կապերով: Սակայն Բաքվի եւ Թեհրանի հարաբերությունները լարված են, եւ պատերազմի վերսկսման դեպքում Իրանը կարող է հաշիվներ մաքրել Ադրբեջանի հետ:

 

Մերրին նաեւ համարում է, որ Թուրքիան պետք է Ռուսաստանին հավասար քաղաքական դեր ունենա ԼՂ խնդրում: Թեեւ երկու տերությունների առաջնահերթությունները Ղարաբաղում տարբերվում են, սակայն նրանք ընդհանուր դիրքորոշումներ ունեն Սեւ ծովի, Կովկասի, Կասպից ծովի հարցերում եւ չեն ցանկանա, որ Բաքուն եւ Երեւանը ռիսկի ենթարկեն իրենց ընդհանուր` ավելի լայնածավալ շահերը, հետեւաբար` կնպաստեն հակամարտության կարգավորմանը:

 

«Ցավոք, Թուրքիան այսօր այնքան է խրվել իր հարավային սահմանի հետ կապված խնդիրներում, որ աչքաթող է արել արեւելքում առկա վտանգը: Հայաստանի հետ հարաբերությունները կարգավորելու փորձի տապալումից հետո Անկարան ավելորդ զգուշություն է ցուցաբերում եւ հակված է ընկնել Բաքվի ազդեցության տակ: Սակայն Ղարաբաղը թուրքական դիվանգիտությանը բարենպաստ հնարավորություն է տալիս`աջակցել տարածաշրջանային կարգավորմանը եւ պատշաճ վիճակի բերել Երեւանի հետ հարաբերությունները: Ամերիկյան դիվանագիտությունը փորձում է անկողմնակալ լինել Հայաստանի եւ Ադրբեջանի նկատմամբ, սակայն ԱՄՆ-ի ազդեցությունն այդ հակամարտության վրա բավարար չէ: Հետեւաբար` Վաշինգտոնը պետք է հրահրի Թուրքիային ավելի ակտիվ լինել եւ ողջունի Ռուսաստանի ու Թուրքիայի համագործակցությունը` որպես Կովկասում խաղաղարարների»,- նշում է ամերիկացի վերլուծաբանը: