Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
3-ամյա երեխային թրաֆիքինգի ենթարկելու մեջ մեղադրվող` 52-ամյա Արմիկը դատարանի դահլիճ մտնելիս արդեն արցունքոտ աչքերով էր: Նա նստած լաց էր լինում: Նախորդ նիստի ժամանակ էլ բողոքում էր, որ հանցագործին բռնելու փոխարեն իրեն են բռնել: Հավանաբար, նկատի ուներ մյուս ամբաստանյալին` 38-ամյա Մարինեին:
Արմիկը կալանքի տակ է, իսկ Մարինեի հանդեպ խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը չհեռանալու մասին: Հավանաբար, հաշվի է առնվել այն, որ շահագործման ենթարկված, գործով տուժող ճանաչված 3-ամյա Արմենը նրա խնամքի տակ է:
Արմիկի փաստաբան, հանրային պաշտպան Կարեն Մանուչարյանը, մինչ դատական նիստի սկսվելը, մեզ հետ զրույցում ասաց, որ Արմիկը չի հասկանում` իր հետ ինչ է կատարվում, և ամեն դատական նիստից առաջ ու հետո իրեն հարցնում է. «Էսօր ինձ բաց են թողնելու, չէ՞»:
Նա հաճախ է դատարանին դժգոհում իր վատ վիճակում գտնվելու մասին` նկատի ունենալով քրեակատարողական հիմնարկը: Ի դեպ, դատահոգեբանական փորձաքննության եզարակացությամբ` Արմիկը սահմանափակ մեղսունակ է ճանաչվել:
Համաձայն մեղադրականի` Արմիկն ու Մարինեն, շահագործելու դիտավորությամբ, երեխային 2012 թվականի փետրվարից մինչև 2013 թվականի հունիսը պահել են ստրկությանը հավասարազոր` երեխայի աշխատանքի վատթարագույն վիճակում: Մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 132.2 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով արարք կատարելու համար:
Գործի նյութերի համաձայն` Մարինեն իր 6 ամսական տղային տվել է Արմիկին, որ նա, երեխային գրկած, մուրացկանություն անի, կարողանան ապրուստի միջոց ունենալ: Նրանք վարձակալել են կիսանկուղային մի սենյակ, որի համար օրական վճարել են 4000 դրամ:
Միասին են ապրել` Մարինեն, Արմիկն ու Արմիկի եղբայրը, վերջինս հոգեկան խնդիրներ ունի ու փող է վաստակում սրան-նրան օգնելով` ծանր ֆիզիկական աշխատանք կատարելով:
Գործը քննվում է Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում` դատավոր Արտուշ Գաբրիելյանի նախագահությամբ: Այսօրվա դատական նիստը հետաձգվեց մեղադրող դատախազ Ա. Մարուխյանի և տուժողի շահերի ներկայացուցիչ` Երևանի քաղաքապետարանի աշխատակցի բացակայության պատճառով: Հաջորդ դատական նիստը կլինի սեպտեմբերի 11-ին: