կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-01-29 17:43
Առանց Կատեգորիա

Նախագահը մեր խաչն է, եւ այն ստիպված ենք լինելու կրել եւս 5 տարի

Նախագահը մեր խաչն է, եւ այն ստիպված ենք լինելու կրել եւս 5 տարի

Նախագահ Սերժ Սարգսյանը գտել է մեր երկրում առկա խնդիրների պատճառը` ժողովուրդն է: Պարզվում է, որ մենք վատ ենք ապրում մեր երկրում հենց մեր պատճառով, իսկ մեր իշխանությունը լավագույնն է աշխարհիս երեսին, մեր նախագահն ու կառավարությունը համարյա սրբեր են, ի վերուստ մեզ տրված առաքյալներ, որոնց մենք՝ մեղավորներս, չենք գնահատում:

 

Նախընտրական քարոզչության շրջանակներում Տավուշի մարզում նախագահի հարցին, թե ինչ խնդիրներ ունեն, գյուղացիներից մեկը պատասխանել է. «Գյուղը դատարկվում է, էրեխեքս Ռուսաստանում են»: Փա՜ռք ու պատիվ մեր նախագահին, որ շատ արագ կողմնորոշվել է ու շշպռել. «Ե՞ս եմ մեղավոր, որ քո էրեխեքը Ռուսաստանում են: Դրա համար է՞լ եմ ես մեղավոր, չթողնեիր՝ գնային»:

 

Ուզում եմ չհավատալ, որ մեր երկրի նախագահը նման բան է ասել: Ասենք, հավատում եմ, սրանից ամիսներ առաջ էլ գյուղացիներից մեկի բողոքին, թե՝ «պարո'ն նախագահ, տղաներս չեն աշխատում», պատասխանել էր՝ «ծեծի՝ թող աշխատեն»: Բերանս էլ չի բռնում ասել` բա ձե՞զ (ձերոնց) ով ծեծի, որ աշխատեք:

 

Սերժ Սարգսյանին չեմ մեղադրում, նա անկեղծ է, մի բան, որ պակասում է թե' ժողովրդին, թե' կառավարությանը: Նա Տիգրան Սարգսյանի պես չի ասում՝ վեց ամսից կանեմ, մեկ ամսից կանեմ, եկող շաբաթ կանեմ, ու չի անում: Նա միանգամից ասում է՝ ժողովո'ւրդ, ես եկել եմ` ասեմ, որ ինձ վրա հույս չդնեք: Իսկ ինչո՞ւ է ձայն հավաքելու համար մարզից մարզ անցնող ղեկավարը նման բան ասում, որովհետեւ վստահ է՝ «ընտրվելու է»:

 

Սերժ Սարգսյանի պաշտոնավարման 5 տարիների ընթացքում Հայաստանի բնակչության 6 տոկոսից ավելին անվերադարձ լքել է երկիրը, յուրաքանչյուր տարի 1,2 տոկոս բնակիչ: Խոսենք թվերով` 2008-ին անվերադարձ գնացել է 23,100 մարդ, 2009-ին՝ 25.000, 2010՝ 46.700, 2011՝ 43.800, 2012՝ 48.100 մարդ: Իսկ նախագահը, կանգնած այս թվերի թիկունքում, ասում է. «Ե՞ս եմ մեղավոր, որ քո էրեխեքը Ռուսաստանում են»:

 

Չէ, մենք ենք մեղավոր, ես` որպես քաղաքացի, եւ մյուսները, ովքեր հանդգնում են դեռ ապրել այստեղ: Մենք ենք մեղավոր, որ այսքանից հետո Սերժ Սարգսյանը համարձակվում է պաշտոնավարման երկրորդ ժամկետի համար առաջադրվել: Մենք ենք մեղավոր, որ հանդուրժում ենք այսպիսի ղեկավարության գոյությունը: Եվ հիմա նրա հետագա պաշտոնավարումը մեզ սպառնում է կրկնակի կորուստով: 

 

Իրենք այսօր արդեն դարձել են հզոր, անփոխարինելիության զգացումը նրանց հասցրել է ամենաթողության, այն աստիճանի, որ արժանապատիվ քաղաքացուն դարձրել են մուրացիկ թափառական, ու այսօր փոխանակ ելքեր որոնելու, հենց նրան են մեղադրում` թե «խիյարը թարսնա բուսնում» (նախագահի խոսքերն են):  Մարդը  գնացել է գյուղ, որ այնտեղ դեռ ապրելու ուժ ունեցողին հույս տա, բայց  կոտրում է այդ հույսը: Ասում է՝ տեր չեմ:

 

Մնում է թախանձագին խնդրել նախագահին, որ մարզեր չայցելի, չհանդիպի պարզ, անկեղծ  ու միամիտ գյուղացիների հետ: Ավելի լավ է՝ թող մտածեն, թե նախագահը բազմազբաղ է, այնքան, որ միայն ինքն է աշխատում եւ, բնականաբար, իր շրջապատը: Ոչինչ չի փոխվի: Ընդամենը  մի քանի հեռուստառեպորտաժի արդյունքում գյուղացիները կհամոզվեն եւ կխմեն գիշեր ու զօր հանուն ազգիս բարօրության աշխատող նախագահի կենացը, եւ փետրվարի 18-ին, իրար հերթ չտալով, կշտապեն ընտրատեղամասեր՝ քվեարկելու հանուն ապահով Հայաստանի: Քարոզարշավը, այս ձեւով, ինչ խոսք, այլեւս թիթիզություն է: Մեկ է՝ առանց քարոզարշավի գնալու են, ընտրելու են: Նույնիսկ այն մարդիկ, որոնց զավակները դրսում են, նույնիսկ նրանք ովքեր դրսում են...

 

Մնում է արձանագրել, որ Սերժ Սարգսյանին հաջողվեց  ընտրողների մեծ մասին դարձնել այսրոպեական շահերով առաջնորդվող անդեմ զանգվածի, որը կարող է իրեն մասնատող ձեռքը համբուրել:

 

Սերժ Սարգսյանը մեր խաչն է, որ ստիպված ենք լինելու կրել եւս 5 տարի... Եթե այլ բան չմոգոնի... 

 

Ահարոն ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ