Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Երեւանի կենդանաբանական այգին նախկին ԽՍՀՄ-ում ստեղծված ամենահին այգիներից մեկն է. հիմնադրվել է 1941 թվականին: Փաստորեն, երկու պատերազմ (Մեծ հայրենական եւ Արցախյան), էներգետիկ-տնտեսական ճգնաժամ տեսած այգին ներկայումս հիվանդ եւ կիսաշպարված տիկնոջ դերում է. այնտեղ ամեն ինչ վատ է, սակայն տնօրինությունը ցուցադրում է, թե իրենք ամենալավն են ու լավ էլ պահպանում են այգու կենդանիներին եւ, ընդհանրապես, այգու տարածքը:
Երեւանի` ավելի քան 70 տարի առաջ ստեղծված կենդանաբանական այգին թե' Մեծ հայրենական, թե' Արցախյան պատերազմների տարիներին կենդանիներով էր համալրվում, այլ ոչ թե կենդանիներ էին ոչնչացվում, որոնք էլ սնունդ էին դառնում մյուս կենդանիների համար, որ գոյատեւեն, ինչը տեղի է ունենում այսօր:
Երբ 1,5 տարի առաջ աշխատանքից ազատվեց կենդանաբանական այգու երկարամյա տնօրեն Սահակ Աբովյանը եւ նրան փոխարինելու եկավ մի քանի տարի շարունակ «Վայրի բնության եւ մշակութային արժեքների պահպանման» հիմնադրամի համակարգող Ռուբեն Խաչատրյանը, շատերն իրենց դժգոհությունը հայտնեցին, քանի որ «եվրոպական մտածելակերպի» տեր անձնավորությունը միանգամից սկսեց ազատվել տարիներ շարունակ այդ համակարգում իրենց ներդրումն ունեցած մասնագետներից: Այսպես, ըստ որոշ հաշվարկների, այս 1,5 տարիների ընթացքում Ռ. Խաչատրյանը ոչ թե աշխատատեղեր է ավելացրել, այլ գործազուրկ է դարձրել ավելի քան 70 մարդու, եւ այդ փաստին ՀՀ աշխատանքի պետական տեսչությունը մինչ օրս չի անդրադարձել:
Սակայն հիշենք, թե ինչ խոստումներ էր տալիս Ռ. Խաչատրյանը մինչ տնօրեն դառնալը` աշխատատեղեր էր բացելու, բարձրացնելու էր աշխատողների աշխատավարձները, քանի որ կապեր ունի, այգին զարգացնելու համար ներսից, թե դրսից միլիոնավոր դոլարներ էր բերելու... Իսկ այսօր արդեն մի շարք նախկին աշխատակիցներ դատական հայցեր են ներկայացրել ընդդեմ Ռ. Խաչատրյանի անօրինական քայլերի: Թե ինչով կավարտվի այդ ամենը, դեռ պարզ չէ, քանի որ տնօրենը միշտ «գործուղումներում» է, իսկ նրա փոխարեն այգու աշխատանքները հսկում են տարածքում տեղադրված տեսախցիկները:
Ի դեպ, այս ժամանակահատվածում մի քանի անգամ հասարակության ուշադրությունից չվրիպած պատմություններից հետո դեռեւս ոչ մի պաշտոնական հայտարարություն չհնչեց, թեկուզ` Երեւանի քաղաքապետարանի կողմից, չէ՞ որ կենդանաբանական այգին հենց քաղաքապետարանի ենթակայության տակ է:
Տնօրեն դառնալուց հետո Ռ. Խաչատրյանը նախ սկսեց ազատվել Նորքի զանգվածի կողմից այգու տարածքի որոշ հատվածներում ստեղծված այգիների տերերից, այնուհետեւ` յուրաքանչյուր ամիս` կենդանիներից ու թռչուններից, որոնք սատկում են կա'մ սովից, կա'մ հիվանդությունից, կա'մ սխալ բուժումներից, կա'մ էլ, օրինակ, օրերս երեք առյուծները հոշոտել էին իրենց ցեղակցին:
Ներկայիս տնօրենը ունի վայրի կենդանիներին ոչնչացման մեծ փորձ, քանի որ նրա` տնօրեն նշանակվելուց հետո կենդանաբանական այգուն հրաժեշտ են տվել շատ կենդանիներ, օրինակ` պերուական ուղտայծերը` լամաները, Ռոստիկ ընձառյուծը, մացառախոզը, սպիտակ սիրամարգը, աֆրիկական ջայլամը, կարմիր գայլը, մուֆլոնը, սպիտակ եւ սեւ կարապները (որոնցից 2-ը՝ սատկել են Պարզ լճում), սեւաբաշ առյուծը եւ այլն: Այգում բնակվող մոտ 35 կամերունյան այծերին, տնօրենի որոշմամբ, տեղափոխեցին, ինչ-որ X վայր, իսկ հետո այծերի որոշ առանձնյակներ սատկած վերադարձվեցին այգի` որպես կերակուր այլ կենդանիների համար: Խաչատրյանի ջանքերով արդեն քանդվել է այգու ինկուբատորը, ինչի հետեւանքով դադարել է թռչունների վերարտադրությունը:
Ո՞ւմ է պետք այգու զարգացումը, եթե դրա տարածքը շատ հարմարավետ վայր է, օրինակ, ռեստորանների, խաղատների, գիշերային ակումբների համար:
Արդեն որերորդ անգամ այգու աշխատակիցները բաց նամակով դիմում են Երեւանի քաղաքապետին, որից մեկը երեկ ուղարկվեց քաղաքապետ Տարոն Մարգարյանին: Նամակում իրենց մտահոգությունները նշելով` աշխատակիցները ցանկանում են փրկել սովամահ լինող կենդանիներին, կենդանաբանական այգու տարածքում գտնվող աշտարակ շինությունը, որը քանդում են այս օրերին, խնդրում են իրենց եւ, ընդհանրապես, այգին ազատել «երաժիշտ-ռեժիսոր-քանդակագործ» եւ, ամենակարեւորը, ստախոս տնօրենից, որի պատճառով Երեւանի կենդանաբանական այգին հոգեվարքի մեջ է:
Գալուստ ՆԱՆՅԱՆ