Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Դեկտեմբերի 6-10-ը Փարիզում կայացավ ՅՈՒՆԵՍԿՕ-ի Մշակութային ինքնարտահայտման ձեւերի բազմազանության պաշտպանության եւ խրախուսման մասին կոնվենցիայի Միջկառավարական կոմիտեի 6-րդ նստաշրջանը: Արդյունքում որոշվեց Հայաստանն ընտրել 7-րդ նստաշրջանի /2013թ./ նախագահող երկիր: Այս տարվա նստաշրջանի ժամանակ որոշվեց նաեւ «Սասնա ծռեր» էպոսն ընդգրկել ՅՈՒՆԵՍԿՕ-ի մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգությունների ցանկում:
ՀՀ մշակույթի նախարարի տեղակալ Արեւ Սամուելյանը լրագրողների հետ հանդիպմանը նշեց, որ Հայաստանը ՅՈՒՆԵՍԿՕ-ի հետ վավերացրել է երեք կոնվենցիա` մշակութային ոլորտում եւ արդեն կա որոշակի առաջընթաց:
«Քո երկրի հայտերը ՅՈՒՆԵՍԿՕ-ի միայն ներկայացուցչական ցանկում ընդգրկել, նշանակում է` արդեն երկիրն աշխատում է այդ ուղղությամբ»,-ասաց Սամուելյանը:
ՀՀ արտաքին գործերի նախարարության միջազգային կազմակերպությունների վարչության պետ Վահրամ Կաժոյանն էլ իր հերթին նշեց, որ վերջին շրջանում հանձնաժողովն ավելի ինտենսիվ աշխատանքներ է վարում եւ ծրագրեր իրականացնում, ինչը գերազանց համագործակցության արդյունք է.«Մենք նախաձեռնել ենք ՅՈՒՆԵՍԿՕ-ի արտաքին կապերի կազմի լայնացում եւ օրենսդրության թարմացում: Թուրքիայի կողմից կար որոշակի խանդ` էպոսի ընդգրկման հարցում, բայց մեր շնորհիվ հնարավոր եղավ ի չիք դարձնել բոլոր ոտնձգությունները եւ բողոքները»:
Մշակույթի նախարարության մշակութային ժառանգության եւ ժողովրդական արհեստների վարչության գլխավոր մասնագետ Երանուհի Մարգարյանը նշեց, որ հայտը կազմել եւ ՅՈՒՆԵՍԿՕ-ի կենտրոնակայան է փոխանցվել դեռ 2010-ին, եւ աշխատանքը կատարելիս համագործակցել են ԳԱԱ-ի, Հնագիտության ազգային ինստիտուտի հետ, ինչպես նաեւ էպոսագետների հետ.«Մեր ժողովրդի բոլոր երազանքներն ու իղձերը կապված են էպոսի երրորդ ճյուղում` հենց Սասունցի Դավթի կերպարում, դրա համար էլ հայտի անունը ներկայացվել էր հենց այդպես` «Սասունցի Դավիթ» էպոսը»:
Yerkir.am-ի հարցին, թե ի՞նչ պարտավորություններ եւ առավելություններ է ունենալու Հայաստանը` դառնալով Միջկառավարական նստաշրջանի կառավարող երկիր, Սամուելյանը պատասխանեց, որ դա, առհասարակ, նախ պատիվ է Հայաստանի համար.«Բնականաբար, որպես նախագահող երկիր, Հայաստանն ինչ-ինչ որոշումներ ընդունելու մեջ կարող է ունենալ իր ազդեցությունը»: