կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-11-09 11:23
Մշակույթ

Երբ մեր անհրաժեշտությունը դադարում է նկատելի լինել

Երբ մեր անհրաժեշտությունը դադարում է նկատելի լինել

Երկու օր առաջ «Ֆեյսբուք»-ում  մի մեկնաբանություն կար երաժիշտ Յուրի Շևչուկի` Հայաստան չգալու դեպքի կապակցությամբ: Երաժիշտը պատրաստվում է իր նոր ծրագրով շրջագայության մեկնել ԱՊՀ տարածքով, նախկին ԽՍՀՄ հանրապետություններով, բայց իր ցանկից հանել է միայն Վրաստանն ու Հայաստանը: Մեկնաբանությունն այսպիսին էր. «Եվ դո՞ւ, Բրուտո'ս»:


Հին սովորություն է` խռովել երկրներից, ազգերից, գիտնականներից, արվեստագետներից, որոնք ինչ-որ բան կարող են ասել, որ հաճո չէ մեր ընկճված ականջին:


Յուրի Շևչուկը շարքային երաժիշտ և շարքային քաղաքացի չէ, անհատականություն է, եւ նրա` Հայաստանից ու Վրաստանից հրաժարվելու նորությունը նկատվելու էր: Իրականում վերնագիրը, որ դրվել է վորոնեժյան կայքերից մեկին տված հարցազրույցին` ուշադրություն գրավելու համար էր միայն. «Շևչուկը վախենում է մնալ առանց վարտիքի»: Բովանդակությունն ուրիշ էր: Երաժիշտը բացատրում է, որ նոր ծրագրի մեջ ոչ միայն հոգեկան ու ոգեղեն, այլև նյութական ներդրում են արել, ու ծախսերը պետք է փակել: Իսկ Հայաստանում, ըստ Շևչուկի, մնացել է մեկ միլիոն մարդ, երիտասարդություն չկա, բոլորը դուրս են եկել երկրից, հանրապետությունը չունի սարքավորումներ, իսկ Պետերբուրգից տանելը դժվար է:


Սա, իհարկե, շատ հաճելի չէ լսել, բայց ինչ-որ բան սխա՞լ է: Բոլորովին նպատակ չունեմ ասելիքս ուղղել Շևչուկի պաշտպանությանը, որովհետև նախ`Հայաստանում շատ քիչ մարդ գիտի արդեն նրա ով լինելը, հետո` նա բոլորովին դրա կարիքը չունի:

 

Իմ նկատած խնդիրն այլ է: Մեզ արդեն չեն ուզում նկատել: Մեզ վաղուց չեն նկատում մեծ, կարևոր ոլորտներում: Մենք ծիծաղելի ենք տարբեր քաղաքական սամիթներում, «ՄԱԿ»-երում... Չէ որ մենք փախցնում ենք մեր հայացքը էկրանից և շատ հաճախ, որ մերոնց այդ ասպարեզներում չտեսնենք: Մենք ինչ-որ ժամանակ գիտությամբ էինք հոխորտում, բայց, չգիտես ինչու, միայն անհատների անուններ են լսվում` մեկ-մեկ, այլ երկրներում, ուրիշ ֆոնի վրա:


Արվեստում մենք անհասկանալի ուղղորդմամբ արժեքավորը պահում ենք գզրոցներում կամ ցուցադրում միայն դրսում և շատ բավարարվում դրանով, բայց երբ մեր անհրաժեշտությունը  դադարում է նկատելի լինել, մենք քնքուշ նեղանում ենք: Աշխարհից: Բայց աշխարհը զբաղվածության ու մեծ լինելու  պատճառով չի նկատում մեր նեղվածությունը: Մնում ենք նեղացած:


Շևչուկն աշխարհի կենտրոնը չէ, իհարկե, բայց այն արվեստագետն է, որ համարձակվեց, մի խումբ անվանի ռուս մտավորականների կազմում լինելով Պուտինի հյուրը եւ նայելով ուղիղ նրա աչքերին, ասել հետևյալը. «Երբ Ձեր օգնականը ինջ զանգեց` հրավիրելու, զգուշացրեց Ձեզ սուր հարցեր չտալ, բայց ես տալու եմ այդ հարցը»: Որից հետո սկսեց բացատրել Պուտինին, որ Ռուսաստանը կունենա քաղաքացիական հասարակություն, երբ բոլորը հավասար կլինեն օրենքի առաջ, չեն լինի իշխաններ ու ժողովուրդ: Իսկ երբ Պուտինը նրան ընդհատեց ու շատ վիրավորական հարց ուղղեց` «Ի՞նչ է Ձեր անունը» (երբ Շևչուկը կուռք է Ռուսաստանում շատերի համար), նա չվիրավորվեց, ժպտաց, ներկայացավ ու շարունակեց ասելիքը:


Հիմա, երբ այս նույն մարդը Հայաստան չի գալիս, որովհետև հասկանում է, որ Հայաստանում մնացած երիտասարդությունը իրեն չի լսելու, որ ինքը դահլիճ չի հավաքելու, հայերի այն մասը, որ տեղյակ է նրա ով լինելուն, գրում է. «Եվ դո՞ւ, Բրուտո'ս»:


Թե՞ Հայաստանի արմենչիկապաշտ երիտասարդությունը, որի գեղագիտական մակարդակը վերակենդանացման բաժանմունքի հավերժական բնակիչ է, կարող է հասկանալ կամ գոնե ուզել հասկանալ` ի՞նչ է երգում Շևչուկը:


Ուրեմն` ինչի՞ց վիրավորվել, և վիրավորվե՞լ արդյոք:


Սա մեր այն  հայտնի համերգների հետևանքն է, երբ, երջանկահիշատակ ճաշակը մոռացության տված, ուրախությունից վնգստում ենք Թինա Կանդելակիի հայերենի վրա կամ  ռուս գեղեցկուհիների երկու հայերեն վանկից արվեստասերին ոչ բնորոշ խրխինջով դիմավորում ենք հերթական անճաշակ կատարումը:


Մի օր սրա հետևանքը գալիս ու ապտակում է, իհարկե քչերին, նրանց, ովքեր չեն վնգստում հայերեն ծամածռություններից: Շուտով Հայաստան չեն գալու բոլոր` իրենց հարգող արվեստագետները:


Մենք կնեղանանք, թե` չէ , դա նույնպես աշխարհին միևնույն է: Մենք մեր անելիքը սահմանափակել ենք երեք կրկնվող նոտաների, երեք-չորս «հավիծյան»-ների ու երգերի խոսքեր գրող տառաճանաչ «պոետների» կարողությունների տարածքում, ու մեզ արդեն շրջանցում են: Սա նորմալ արձագանք է մեր հավանած, քվեարկած, ընտրած իրականությանը: Ռուսաստանում էլ տարբեր անտաղանդ երևույթներ կարող են մեծ աֆիշների տեր դառնալ, բայց Ռուսաստանը մեծ է և շևչուկներ էլ ունի դեռ և ունենալու է, որովհետև երաժշտական քննադատության նման ոլորտ ունի:


Ո՞րն է մեր հասարակության վերջին տարիների երաժշտական ճիշտ քննադատությունը` «Երգ երգոցի» «հրաշալի երգ, հրաշալի կատարո՞ւմը»: Կամ լավագույն դեպքում որևէ տեղ լսում ես «չեմ ուզում անուններ տալ» անսեռ արտահայտությունը: Ինչո՞ւ չեք ուզում անուններ տալ, ինչո՞ւ չեք համարձակվում կանգնեցնել երաժշտական թափոնի հրավառությունը: Իսկ եթե չեք համարձակվում`վաղ թե ուշ ձեզ են համարձակվում  շրջանցել` որպես երաժշտասեր հասարակություն: Երգեք «հավիծյան» չհանգչող մոմերի ու նույնանման գիշերների մասին ձեր արևելյան բակերի պարալիզացնող երգերը ու սպասեք հաջորդ ապտակին, որ ֆեյսբուքներում վիրավորվեք ու դեմքներդ շուռ տաք աշխարհից: Աշխարհն էլ առաջվա պես մեծ լինի ու չնկատի ձեր վիրավորված լինելը:


Լուսինե Հովհաննիսյան