Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Հայ-ռուսական հարաբերություններն այսօր հատուկ հոգածության կարիք ունեն. այսօր «Լազարյան» ակումբի երևանյան նիստում իր ելույթում ասաց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։
«Հայաստանի ու հայության համար ավանդական աշխարհաքաղաքական առաջնահերթությունները փոխելու ուղիղ կամ անուղղակի կոչերը, անգամ կյանքի չկոչվելով, նշանակալի վտանգ են պարունակում»,– նշեց նա՝ հավելելով, որ տեղեկատվական տեխնոլոգիաները, սոցիալական ցանցերն այսօր մեծ հնարավորություն են տալիս հասարակական տրամադրությունների ուղղորդման և մանիպուլյացիայի, ինչը երկու երկրների հասարակությունների միջև անվստահություն է առաջացնում ու քայքայում դարավոր կապերը։
«Ընկերությունը պահանջում է ջանքեր՝ էներգիա, ժամանակ, էմոցիա: Ընկերությունը, իհարկե, ունենում է նաև իներցիա, բայց, միայն դրա վրա հիմնվելով, այն նա չի կարող զարգանալ և լինել կայուն: Հիշեք, թե որքան ընկերներ եք կորցրել միայն նրա համար, որ չեք գործադրել բավարար ջանքեր պահպանելու ընկերությունը: Ընկերությունը դադարում է, երբ կասկածներ են առաջանում ընկերների անկեղծության և մտադրություների հետ կապված, երբ կողմերից մեկը մշտապես ձգտում է ստանալ ավելին, քան պատրաստ է տալ»,- ընդգծեց Քոչարյանը՝ հավելելով, որ նման երևույթի կարելի է հանդիպել ոչ միայն անձնական, այլև միջպետական հարաբերություններում:
Ըստ ՀՀ երկրորդ նախագահի՝ միջպետական հարաբերություններում պետք է լինել հասկանալի, կանխատեսելի և վստահելի: «Հատկապես միջպետական հարաբերություններում մենք պետք է ընկալելի, կանխատեսելի, վստահելի ու միմյանց կարիքն ունեցող գործընկերներ լինենք։ Պետությունների միջև բարեկամական հարաբերությունները միայն երկու երկրների հետաքրքրությունների համընկումը չէ, այլ պետական հետաքրքրությունների ու մարդկային գործոնի խորը գիտակցության համադրությունը»,– ասաց Քոչարյանը։
ՀՀ երկրորդ նախագահը հույս հայտնեց, որ «Լազարյան» ակումբը կդառնա ոչ միայն բարեկամների հանդիպման վայր, այլև նոր գաղափարների գեներացման և արդյունավետ նախագծերի հղացման հարթակ՝ միտված հայ-ռուսական հարաբերությունների և հայ ու ռուս ժողովուրդների միջև բարեկամության ամրապնդմանը:
Ելույթի ավարտին Ռոբերտ Քոչարյանը ՌԴ Պետդումայի ԱՊՀ հարցերով, եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ կապերի հանձնաժողովի աոաջին փոխնախագահ, ԱՊՀ երկրների ինստիտուտի ղեկավար Կոնստանտին Զատուլինին նվիրեց իր ինքնակենսագրական գիրքը: Զատուլինն իր հերթին նշեց, որ նա, ով հետաքրքրված է ՀՀ-ի անցյալով և ներկայով, կարող է ծանոթանալ գրքի բովանդակությանը: