Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ԱԺ ՀՅԴ խմբակցությունը հերթական հարցապնդումն է ուղարկել կառավարությանը` պատասխանատվության պահանջով:
Առաջին հարցապնդումը ներկայացվել էր այս տարվա մայիս ամսին, ինչը քննարկվել էր նաեւ խորհրդարանում, ու թեեւ պատգամավորները կառավարությանը վստահություն չէին հայտնել, բայց նրանց քվեարկությունը ցույց տվեց, որ կառավարության նկատմամբ վստահությունն էլ առանձնապես մեծ չէ: Խորհրդարանը պարզապես տապալել էր հարցի քվեարկությունը, եւ միայն 13 պատգամավոր էին դեմ արտահայտվել կառավարությանը անվստահություն հայտնելուն:
Դեռ այդ ժամանակ խմբակցությունը հայտարարել էր, որ կանոնակարգ օրենքին հենվելով, հարցապնդումը կրկնելու է չորս ամիս անց: Եվ ահա, եկել է խոստացված ժամանակը, եւ հարցապնդումը, փոփոխված տեսքով, կառավարություն է ուղարկվել արդեն երկրորդ անգամ:
ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը հիշեցնում է` առաջին հարցապնդման մեջ նշված էր, որ անցնող ժամանակահատվածում կառավարության քաղաքականությունը չի համապատասխանել իր 2008-2012 թվականների գործունեության ծրագրին, կոալիցիոն կառավարության հուշագրում ամրագրված 22 առաջնահերթություններին եւ բոլոր այն փաստաթղթերի դրույթներին, որոնցով պետք է առաջնորդվեր Հայաստանի կառավարությունը: Որպես փաստ, նշված էր այն սոցիալ-տնտեսական հիմնական ցուցանիշները, որոնք չեն կատարվել եւ իրենց բացասական ազդեցությունն են թողել բնակչության կենսամակարդակի եւ երկրի տնտեսական կառուցվածքի վրա:
«Այն ժամանակ կառավարությունը ներկայացրեց հարցապնդման վերաբերյալ պատասխան, ըստ որի կառավարությունն ընդունում էր, որ կան ձախողումներ, եւ հուշագրով ամրագրված մի շարք առաջնահերթությունների չկատարման պատճառը համաշխարհային տնտեսական ճգնաժամն է եղել եւ եղել են նախորդ շրջանի կառավարություններն ու նրանց գործունեության արդյունքում անմրցունակ կառուցվածքը»,- «Երկիր»-ի հետ զրույցում հիշեցրեց պատգամավորը:
Ի տարբերություն առաջին հարցապնդման, այս մեկում ներկայացվել են նաեւ այն իրավական հիմքերը, ըստ որոնց` կառավարությունը պետք է պատասխանատվության կանչվի իր կողմից ընդունված եւ ԱԺ-ի կողմից հաստատված` կառավարության 2008-2012 թվականների գործունեության ծրագիրը չկատարելու մասով:
«Ելնելով այս ընթացքում դիտարկված իսկապես ապաշնորհ սոցիալ-տնտեսական քաղաքականությունից, մենք համարում ենք, որ կառավարության գործունեությունը պետք է գնահատվի անբավարար եւ շուտափույթ կերպով այս կառավարությունը պետք է ներկայացնի իր հրաժարականը»,- ասաց Արծվիկ Մինասյանը:
Պատգամավորի խոսքերով` կառավարության վարքագիծն այս ընթացքում ցույց է տալիս, որ նա գնում է սխալ ընթացքով եւ Հայաստանի տնտեսությունը չի ունենալու այն դիմադրողականությունը, որ հետագայում նոր, հնարավոր ճգնաժամի ցնցումներին կարողանա դիմանալ:
ՀՅԴ-ն նաեւ հիշեցնում է` միգրացիոն այս տեմպերը վկայում են այն մասին, որ Հայաստանի քաղաքացիները թե՛ սոցիալ-հոգեբանական, թե՛ սոցիալ-տնտեսական ավելի վատ վիճակում են հայտնվել եւ օր առաջ փորձում են իրենց ապագան կապել այլ երկրներում աշխատանք փնտրելու հետ:
«Հայաստանում մեծացել է նաեւ անհուսության ինդեքսը, որովհետեւ եթե դիտարկում ենք ինքնասպանությունների եւ ինքնասպանության փորձերի դինամիկան, այն անընդհատ աճում է, իսկ սա վկայում է ժողովրդի սոցիալ-հոգեբանական ծանր վիճակի մասին: Ապագայի հետ հույսեր չկապելու հիմնական մեղքը քաղաքացիները կապում են Հայաստանում անորոշությունների մեծացման, աշխատանք չունենալու, աղքատության մեծացման եւ այլ բացասական դրսեւորումների հետ»,- նշեց դաշնակցական պատգամավորը:
Նրա համոզմամբ` այս ամենի մեջ իր էական դերակատարությունն ունի կառավարության վարած ոչ պետականանպաստ քաղաքականությունը եւ դրա համար այս կառավարությունը վստահության պաշար այլեւս չի կարող ունենալ:
Կառավարության պատասխանից կախված` Դաշնակցությունը կորոշի իր հետագա անելիքները: Ամեն դեպքում` երկրորդ հարցապնդումը ցույց կտա, որ կառավարությունը բավարար վստահություն չունի: Դաշնակցականները համոզված են` ժողովրդի մոտ էլ, ի վերջո, կձեւավորվի այն մտայնությունը, որ հարկավոր է ձայներ չտալ այդպիսի կառավարությանն ու նրան ձեւավորող ուժերին:
Մարիա ԿԱՐԱԹՈՐՈՍՅԱՆ