Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այսօր «Մեդիա կենտրոն»-ում կանայք հավաքվել էին` քննարկելու Երևանի ավագանու առաջիկա ընտրություններում իրենց մասնակցության, թեկնածության և քաղաքի խնդիրների լուծման տեսլականները: Այս տարի ավագանու ընտրություններում տարբեր կուսակցություններում և դաշինքներում կանանց ներգրավվածությունը բավականին մեծ է: Ըստ թեկնածուների` դա պայմանավորված է նրանով, որ կանանց աչքերով` քաղաքի խնդիրներն առավել զգայուն և տեսանելի են, որոնց լուծման համար տարբեր թեկնածուներ առաջարկեցին տարբեր լուծումներ:
ՀՅԴ կուսակցության ցուցակով ավագանու թեկնածու Ալեսյա Բեջանյանը համարում է, որ կանայք դուրս են գալիս առաջատար դիրքեր: «2003-ին, երբ ես Դաշնակցության շարքերն անցա, պատկերը մի փոքր այլ էր, և 15 տարի անց կանայք ավելի ակտիվ են: Հիմա փոխվել է պատկերը. եթե նախկինում ընտանիքում կրթության հնարավորություն սկզբում տղային էին տալիս, հիմա տալիս են նրանց, ովքեր լավ են սովորում, կապ չունի` տղա է, թե` աղջիկ: Եվ աղջիկը հասկանում է, որ այս հասարակությունում ինքն էլ ասելիք և անելիք ունի»,- ասաց նա:
«Ժառանգություն» կուսակցության անդամ Սեդա Ասլանյանի կարծիքով` Երևանը հոգատարության, խնամքի կարիք ունի, և կանանց մասնակցությունն այս գործում առավել արդյունավետ կարող է լինել:
Իսկ «Իմ քայլը» դաշինքի թեկնածու Արուսյակ Ջուլհակյանի կարծիքով` թեև կանայք նկատելիորեն ակտիվացել են, սակայն ավելի բարձր օղակներում նրանց դեռ թույլ չեն տալիս լինել: «Գուցե կանանց ակտիվությունը վերջին տարիներին մեծացել է, բայց պետք է ասեմ, որ գործող մտածելակերպը դեռևս թույլ չի տալիս նրանց ավելի բարձր օղակներում ներգրավվել»,- նշեց նա:
Ըստ «Երևանի հանրություն» դաշինքի թեկնածու Անի Երեմյանի` կանայք ավելի բազմակողմանի կարող են մտածել: «Չեմ կարծում, որ կանայք ավելի թույլ են, կանայք ֆիզիոլոգիապես ավելի ուժեղ են, և նրանք են, որ կարող են ավելի բազմակողմանի մտածել»- նշեց նա:
Գայանե Ղուլյանը ` «Ռեֆորմիստների» կուսակցությունից, ասաց, որ կինն արդեն հստակ քայլերով ներխուժում է քաղաքականություն, և այլևս ակտուալ չէ այն միտումը, որ քաղաքականությունը կնոջ տեղը չէ: Դրա վառ օրինակը տարբեր պետությունների և քաղաքականության պատմության օրինակն է: «Մեր հասարակությունը ձևավորված է երկու սեռից, և մենք չենք կարող թույլ տալ, որ յուրաքանչյուր որոշման վերաբերյալ հնչի միայն մեկ սեռի կարծիքը»,- հավելեց նա:
«Լույս» դաշինքից ավագանու թեկնածու Անի Սամսոնյանը համարում է, որ կանանց ակտիվությունը պայմանավորված է վերջին շրջանում Հայաստանում տեղի ունեցած իրադարձություններով: Եթե նախկինում, կանայք վախենում էին ներգրավվել քաղաքականության մեջ` գործող համակարգի պայմաններում, հիմա` մայիսյան հեղափոխությունից հետո, այս պատկերը փոխվել է, և կանանց մոտիվացիան մեծացել է: «Մարդկանց մոտ հետաքրքիր գիտակցություն է ձևավորվել. եթե նախկինում քաղաքականությամբ զբաղվելը կեղտոտ բան էր, հիմա կեղտոտ բան չէ»,- ասաց Սամսոնայանը:
Իսկ թե ո՞րն է Երևանում առաջնային լուծում պահանջող խնդիրը, թեկնածուները հնչեցրին համարյա նույն պատասխանը` տրանսպորտի և աղբահանության խնդիրը: Երևանի ավագանու` առաջադրված կին թեկանծուները հույս հայտնեցին, որ առաջիկա ընտրություններում լավ արդյունք են գրանցելու և քաղաքի խնդիրների համար իրենց լուծումներն են կիրառելու: