կարևոր
0 դիտում, 12 տարի առաջ - 2011-11-05 10:16
Առանց Կատեգորիա

Որ հաղթի "նախագահի կուսակցությունը"

Որ հաղթի "նախագահի կուսակցությունը"

Նախագահականից վերջապես հաստատեցին Հովիկ Աբրահամյանի այն պնդումը, որ ՀՀԿ-ի նախընտրական շտաբի պետի պաշտոնն ավելի կարևոր է իշխանության համար, քան օրենսդիր մարմնի անկախության սահմանադրական սկզբունքը: Նախագահի աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Միքայել Մինասյանն այդ պաշտոնից իր հրաժարականը բացատրել է նրանով, որ դառնալու է ՀՀԿ-ի նախընտրական շտաբի պետի տեղակալը և այնտեղ «գործուղվում է» գալիք ընտրությունները պատշաճ նախապատրաստելու հարցում Հովիկ Աբրահամյանին օգնելու համար:

 

Այս նոր հանգամանքներից կարելի է մի քանի ընդհանրացումներ կատարել:

 

1. Իշխանությունը ընտրությունների մեկնարկից մոտ 5 ամիս առաջ հայտարարում է, որ իր համար առաջիկա խորհրդարանական և նախագահական ընտրություններից ավելի կարևոր խնդիր չունի: Իսկ դա նշանակում է, որ ամբողջ պետական կառավարման համակարգը, վարչական ռեսուրսները կենտրոնացվելու են բացառապես այդ խնդրի լուծմանը, և որ այդ ընթացքում պետության կողմից իրականացվող ցանկացած քայլ ծառայեցվելու է հանրապետական կուսակցության քարոզչական նպատակներին:

 

2. «Մենք պատրաստվում ենք ոչ միայն ապահովել նախագահի կուսակցության հաղթանակը գալիք ընտրություններում, այլեւ նպաստել այնպիսի ընտրությունների անցկացմանը, որից Հայաստանը դուրս կգա ուժեղացած եւ վստահորեն դեպի ապագա նայող»,- ասել է Մինասյանը` փորձելով համոզել, թե կադրային փոփոխությունները նպատակ ունեն կազմակերպել այնպիսի ընտրություններ, որոնք իրենց մակարդակով, անցկացման ձևով տարբերվելու են մինչ այժմ Հայաստանում անցկացված ընտրություններից: Եվ քանի որ այդպիսի ընտրությունների անցկացում հնարավոր է միմիայն գործընթացի վրա օլիգարխաքրեական տարրերի ազդեցության չեզոքացման դեպքում, ներկայիս կադրային զտումները ծառայում են հենց այդ նպատակին: Սակայն հարցի հիմնական պատասխանը կտրվի այն ժամանակ, երբ պարզ կլինի, թե «նախագահի կուսակցության» նախընտրական ցուցակում ինչ չափով ներկայացված կլինեն օլիգարխիկ շրջանակները:

 

3. Խնդիր է դրվել հասնել հանրապետության նախագահի բացարձակ իշխանության ձևավորմանը: Խաղից դուրս են բերվում բոլոր կասկածելի տարրերը, թուլացվում են իշխանության նկատմամբ արտաքին ազդեցության բոլոր պոտենցիալ կենտրոնները: Ուժեղացվում են այն քաղաքական, կադրային շրջանակները, որոնք վստահելի են նախագահի համար: Այսօր, չնայած Սահմանադրությամբ գծագրված խորհրդարանի քաղաքական դերի մեծացմանը, ունենք կառավարման` ավելի քան ուժեղ և դեռ ուժեղացող նախագահական համակարգ: Առաջիկա ընտրությունները պետք է այդ ամենի իրավական ձևակերպումը տան, այսինքն՝ նախագահի համար ԱԺ-ում ապահովեն սահմանադրական մեծամասնություն:

 

4. Այնպիսի տպավորություն է ստեղծվում, թե ՀՀԿ-ի հաղթանակը ձեռք է բերվելու ոչ թե ընդդիմության, այլ հենց կոալիցիոն մյուս ուժերի ու, մասնավորապես, ԲՀԿ-ի հաշվին: Պատահական չէ, որ Սերժ Սարգսյանի թերևս ամենավստահելի անձը խոսում է ոչ թե կոալիցիայի, այլ միայն նախագահի կուսակցության հաղթանակի մասին: Այսպիսով, նախագահը հասկացնում է, որ ընդունում է ԲՀԿ-ի նետած` մրցակցության ձեռնոցը և որ վերջինիս պատին դեմ է տալու հենց նրա ընտրած մարտավարության միջոցով: Հիմա ողջ խնդիրն այն է` սա իսկապե՞ս քաղաքական դիմակայություն է, թե՞ դրա իմիտացիա, որի նպատակը ընդդիմադիր ընտրազանգվածների ձայները գողանալն է:

 

5. Այս ամենն արվում է պետական ինստիտուտների արժեզրկման գնով: Այդպես հեղինակազրկվեց Աժ նախագահի ինստիտուտը: Հերթը կարծես ԿԸՀ-ինն է: Հովիկ Աբրահամյանը հայտարարում է, թե ղեկավարելու է ՀՀԿ-ի նախընրական շտաբը, որպեսզի ազատ ու թափանցիկ ընտրություններ ապահովվեն: Միքայել Մինասյանն էլ հավելում է, թե նպաստելու են «այնպիսի ընտրությունների անցկացմանը, որից Հայաստանը դուրս կգա ուժեղացած…»: Մինչդեռ, ինչպես հայտնի է, նախընտրական շտաբները ոչ թե ձևավորվում են ընտրությունների անցկացումն այս կամ այն կերպ ապահովելու, այլ ընդամենը առաջադրված թեկնածուի կամ կուսակցության հաղթանակն ապահովելու այն մեխանիզմների ու խաղի կանոնների դաշտում, որ սահմանում է պետությունը` ի դեմս Ընտրական օրենսգրքի և Կենտրոնական ընտրական հանձնաժողովի:

 

Այդ ո՞ր օրվանից ՀՀԿ-ի նախընտրական շտաբը և վերջինիս պետն ու տեղակալը դարձան ժողովրդավարական ընտրությունների անցկացման երաշխավորները: Եթե այդպես է, ապա առհասարակ ո՞րն է ԿԸՀ պահելու անհրաժեշտությունը:

 

Գևորգ ԱՂԱԲԱԲՅԱՆ