կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-10-31 11:28
Հասարակություն

Բաց նամակ ՀՀ առողջապահության նախարարին

Բաց նամակ ՀՀ առողջապահության  նախարարին

Բաց նամակը «Երկիր»-ին է տրամադրել նամակագիրներից մեկը: Այն տպագրում ենք ամբողջությամբ` առանց խմբագրման:

 

Բաց նամակ ՀՀ առողջապահության  նախարար պարոն Հ. Քուշկյանին

Պատճենը` «Մարտունու ԱԿ» ՊՓԲԸ-ի տնօրեն պարոն Ե. Հարեյանին

 


2011 թվականի սեպտեմբերի 5-ին հանկարծամահ եղավ ՀՀ Գեղարքունիքի մարզի «Լիճքի միջն. դպրոց» ՊՈԱԿ-ի փոխտնօրեն Սահակ Հակոբի Սիմոնյանը:

 

Սգո արարողության ժամանակ վատացել էր տան հարսը` Հերմինե Հակոբյանը և հարկ եղավ շտապօգնություն կանչել: Շտապօգնությունը ժամանեց շուրջ 35-40 րոպե ուշացումով: Տան դարպասի մոտ շտապօգնության մեքենայի վարորդը բարկացած տոնով ասաց. «Որ շտապ եք կանչում, մի հատ մարդ հանեք ճամփեն, թե չէ  գեղի մեջ էս եքա վախտ ա ֆռում էինք»:

 

Տանտիրոջ փոքր հարսը` Սյուզաննան, և բակում հավաքված մի քանի հոգի պատասխանեցին, որ հարևանի տղային ու տանտիրոջ թոռանը  զանգելուց անմիջապես հետո ուղարկել էին` պայմանավորված տեղում սպասելու:

 

Սպասարկող բուժանձնակազմը, տեսնելով, որ հանգուցյալի բնակարան են այցելել, չբարևեցին, չցավակցեցին անգամ հարազատներին, հակառակ դրան, մենք նրանց շատ բարեհամբույր կերպով ընդունեցինք: Նույնիսկ հարազատներից Անգինը, որը այցելեց այն ժամանակ, երբ բժիշկը նշանակումներ էր արել հիվանդին, ողջագուրվեց բժշկի հետ: Բուժքույրը ննջասենյակում, որտեղ պառկած էր հիվանդը, կանչի թերթիկը մեկնեց հանգուցյալի կնոջը` ընկեր Պռազյանին, և ասաց.

 

-    Ստորագրա՛:

 

Վերջինս ասաց, որ ինքը վատ է զգում և ի վիճակի չէ ստորագրել: Խնդրեց, որ փոխանցի տան անդամներից որևէ մեկին: Կանչի թերթիկը փոխանցվեց տանտիրոջ որդուն` Հակոբ Հակոբյանին, որը, նայելով, որ որպես կանչ տվող անձ նշված է Սյուզին, հարցրեց, թե ինքը կարո՞ղ է Սյուզիի փոխարեն ստորագրել: Բուժքույրը կոպիտ տոնով շպրտեց կանչի թերթիկը և ասաց.

 

- Մգա էսքան մարդու մեջ մի հատ էլ զայլա կա Սյուզի ման գանք, էստեղ շուտ ստորագրա տուր:

 

Այնուհետև բուժքույրը սուրճի բաժակով ջուր ուզեց, երբ Սյուզին ջուր բերեց, նա բաժակը հրեց նրա վրա և ասաց.

 

- Քեզի չսի էսքան, տար կիստա:

 

Բուժքույրը իրեն պահում էր շատ անհավասարակշիռ, բուժքրոջը ոչ վայել և շատ ագրեսիվ: Բուժքույրը դեղորայքը հավաքեց ներարկիչի մեջ, հիվանդը` Հերմինեն, խնդրեց տղամարդկանց դուրս գնալ սենյակից: Այդ ժամանակ Սեդա Պռազյանը բազմոցից իջեցրեց իր ոտքը, որ ցույց տա բուժքրոջը` թե ինչից է ոտքի ցավը (որը սկսվել էր ամուսնու հանկարծամահ լինելու օրը): Պատահաբար ոտքը կպավ բուժքրոջ շալվարի փողքին, բուժքույրը կոպիտ բարբառով, վրդովված, հիստերիայով ասաց.

 

- Քո ոտդ քեզի քաշա:

 

Ընկեր Պռազյանը ներողություն խնդրեց, սակայն բուժքույրն ավելի ագրեսիվ տոնով շարունակեց.

 

- Անշնորհք, քե չափավոր պախա, ոտդ էլ նորմալ իջու, որ չկպի ընձի, էլ ինչ ներողություն- մերողություն:

 

Պռազյանը ասաց. «Բալիկ ջան, ես ամբողջ մի գյուղ եմ կրթել ու դաստիարակել»: Քույրը նույն կատաղած պահվածքով մոտեցավ հիվանդին` ներարկելու: Անգինը շատ բարեհամբույր տոնով դիմեց բուժքրոջը, հարցնելով, թե ինչ է ներարկում: Նա պատասխանեց.

 

- Քե պտի վիստուպատ էղիմ, թե ինչա կսրսկեմ:

 

Անգինը շատ պարկեշտ բուժքրոջը ասաց. «Ինձ չե՞ք ճանաչում,  իմ անունը չե՞ք լսել, ես Անգինն եմ, Մարտունու հիվանդանոցում երկար տարիներ աշխատել եմ: Հիվանդը ալերգիկ է և մի անգամ հազիվ ենք փրկել անաֆիլակտիկ շոկից»:

 

Քույրը ասաց. «Էտի ընձի չհետաքրքրա, ես իմ գործն ա կենեմ»: Ու ներարկեց` հաշվի չառնելով Անգինի ասածները:

 

Հավելենք նաև, որ բժիշկը չի լսել հիվանդի սիրտը, թոքերը, չի զննել հիվանդին: Հարևան Միշա Սիմոնյանը, որին բժիշկը լավ էր ճանաչում և վերջինիս հետ զրուցում էր, բժշկին  ասաց, որ  մինչև Ձեր գալը ես տվել եմ նիտրոգլիցերին: Տեղեկանալով այս մասին` բժիշկը հիվանդին տվեց վալիդոլ, հետո կորվալոլ, անալգին-դիմիդրոլ, նոշպա: Որքան է ճիշտ, երբ բժիշկը չի զննել հիվանդին, կատարել է նշված միջոցառումները` ախտորոշելով նախ ստամոքսի բորբոքում` գաստրիտ, ապա` նևրոզ և խորհուրդ տվեց տանել ԲԻ-ԲԻ-ՋԻ` Լինայի մոտ: Քույրը միջամտեց.

 

- Էտ անգրագետներուն մի վստահեք, տարեք Երևան: Էստեղ բան չեն հասկանում:

 

Հակոբը, որ բժշկի հետ դուրս էր եկել սենյակից, բոլորի ներկայությամբ հարցրեց բժշկին, թե ինչու է քույրն այդքան ագրեսիվ և իրեն բուժքրոջը ոչ վայել պահում:

 

Բժիշկն ասաց.

- Մարդն իր երեսից իրեն կախել ա, ուշադրություն մի դարձրեք, մի քիչ կտացրած ա, բա ես ոնց անեմ, ուր տանում եմ` ինձ խայտառակ է անում:

 

Հակոբն ու Համլետը ասացին, որ երիտասարդ ես, քո կարիերային վնաս է, հետդ մի տար, նա էլ,  թե` իր ձեռքը չի:

 

Քույրը բարձր-բարձր գոռում էր և Հակոբը ներս մտավ, բռնեց թևից ու դուրս հանեց սենյակից, քանի որ քույրն ամբողջությամբ դարձել էր անկառավարելի: Բժիշկը դեռ զրուցում էր Միշա Սիմոնյանի հետ այս բուժքույրը ներկաներիս անպատվելով՝ էլ ոչխարներ, անասուններ,…, գնացեք դուք էլ Ձեր մեռելն էլ…

 

Սյուզին մոտեցավ ու թևից բռնեց դուրս տարավ: Աստիճանների վրա գոռգոռալով, հայհոյելով նստեց մեքենան: Այդ ժամանակ Հակոբը և Միշա Սիմոնյանը դեռ զրուցում էին բժշկի հետ, բժիշկը թուղթ խնդրեց և,թղթի վրա ինչ որ բան գրելով, տվեց Հակոբին. դա իր հեռախոսահամարն էր:

 

Մոտեցավ Անգինը, բժիշկը, որպես իր մոր ընկերուհի, կրկին գրկախառնվեց և կրկին խնդրեց, որ ընթացք չտան, չդիմեն ոստիկանություն, ինչ որ ասել է դա հաշվի առնեն, նորից փաստելով, որ ինքն է տուժելու, որ իրոք այդ քույրը կտացրած է:

 

Հակոբը մտավ Հերմինեի մոտ, իսկ մենք բժշկի հետ դուրս եկանք, որ ուղեկցենք, տեսանք, որ քույրը դուրս է եկել մեքենայից ու ցանկանում է աստիճաններով բարձրանալ: Հայկուշ Սուքիասյանը և Լևոն Պռազյանը նրան հետ տարան, իսկ նրա հետևից շտապօգնության վարորդը ցանկացավ բարձրանալ աստիճաններով, Համլետը նրան ասաց, որ դա իր գործը չէ, նա հետ վերադարձավ:

 

Բժիշկը,  հազիվ զսպելով բուժքրոջը, նստեցրեց մեքենան և գնացին:

 

Անկեղծ ասած` մենք զարմացած էինք նման վերաբերմունքից, երբ Անգինը կրկին զանգեց շտապօգնություն (1-03), խնդրելով Հրաչ Խաչատրյանին, քանի որ Հերմինեն ընկել էր ռեակցիայի մեջ, սակայն պատասխանեցին, որ Հրաչ Խաչատրյան բժիշկ չունեն, քանի որ դա Երևանի շտապօգնությունն էր: Անգինը իրեն չկորցրեց կատարելով բժշկական միջամտություն՝ Դեքսամետազոն, կալցի քլոր, նատրի քլոր պլյուս նատրիթիոսուլֆատով:

 

Սյուզին զանգեց Մարտունու շտապօգնություն և հորդորեց, այսուհոտ անգրագետ բուժքույր չուղարկեն:

 

Մի քանի ժամում ոստիկանության ներկայացուցիչները եկան, ճշտեցին թե ինչ է եղել, ապշեցին, բացատրություն վերցրեցին միայն երեք հոգուց՝ նշելով, որ բոլոր ներկաներից բացատրություններ վերցնելու դեպքում օրեր կպահանջվեն:

 

Հակոբը կրկին շեշտեց ոստիկաններին, որ բժիշկը շատ է խնդրել ընթացք չտալ, քանի որ պարզվել էր՝ նա Անգինի ընկերուհու  տղան և իր հանգուցյալ հոր ընկերոջ փեսան է,  և Անգինը ամեն ինչ հեռախոսով հայտնել է բժշկի մորը: Այս պատճառաբանությունները Հակոբը և Անգինը մեզ էին ներկայացնում, երբ մենք նրանց խնդրում էինք հայտնել ոստիկանություն և թեժ գծով կապվել վերադաս մարմինների հետ:

 

Հետգրություն. զարմանում ենք, որ հերյուրանքներ են տեղացել Հ. Հակոբյանի հասցեին ԶԼՄ-ներով, առավել ևս եթե մենք ականատեսների կողմից բազմիցս դիմել ենք «Հրապարակ» օրաթերթին՝ վկաներին լսելու համար:

 

Քույրը տեսանյութում հստակ ասում է, որ ինքը  կոպիտ է վարվել, որ բազմաթիվ մարդիկ են եղել, իսկ այդ բանսարկուները իրականությունը ամբողջությամբ այլ կերպ են ներկայացրել:

 

Պարզվել է, որ հիվանդի ախտորոշումը չի համապատասխանել շտապօգնության բուժանձնակազմի կողմից կատարած միջամտություններին, քանի որ Հերմինե Հակոբյանը այդ ընթացքում հիվանդ էր գրիպով, որն էլ պատճառ էր հանդիսացել թոքաբորբի և մինչ օրս բուժվում է «Արմենիա» բժշկական կենտրոնի հետազոտության հիման վրա:

 

Մենք՝ Վարդան, Լևոն և Մերի Պռազյաններս, Անգին Սուքիասյանս, Սեդա Պռազյանս, Հասմիկ և Համլետ Հակոբյաններս, Հայկուշ Սուքիասյանս, Սյուզաննա Մարկարյանս, Էրիկ Մարկարյանս, Արաքս և Արմեն Հոխիկյաններս, Միշա Սիմոնյանս, Ալեքսան Մանուկյանս, Մանուշ Քարամյանս, Անահիտ Խալոյանս, Հայկազ Աբրոյանս, Ահարոն և Սևակ Բադալյաններս, Հովհաննես Սիմոնյանս… որպես դեպքի ականատեսներ և մեզ հասցրած բազմակողմանի վիրավորանքներ հասցնելու, պաշտոնական պարտականնությունները ոչ պատշաճ կատարելու, մասնագիտական կարողություններին չհամապատասխանելու, զրպարտությունների, բանսարկության և հանրությանը ոչ ճիշտ, ոչ օբյեկտիվ տեղեկատվություն տալու  համար, խնդրում ենք, օրենքով սահմանված կարգով կիրառել համապատասխան կարգապահական պատասխանատվության միջոցներ:


Պատասխանատվություն ենք կրում ամեն մի բառի համար և լիազորում ենք Անգին Սուքիասյանին և զոհված ազատամարտիկի հայր Միշա Սիմոնյանին, Ձեզ ներկայացնելու մեր բաց նամակը:


27.10.2011 թ.