Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության կառավարության ֆինանսավորմամբ իրականացվող կրթական ծրագրերի 104 շրջանավարտ նամակով դիմել է Միացյալ Թագավորության Արտաքին գործերի նախարար Դոմինիկ Ռաաբին՝ ադրբեջանա-թուրքական ագրեսիայի հետևանքով Արցախում և Հայաստանում ստեղծված իրավիճակի վերաբերյալ: Շրջանավարտներն ադրբեջանա-թուրքական ագրեսիան դատապարտելու, Արցախում բնակվող հայերի ինքնորոշման իրավունքը ճանաչելու և մի շարք այլ պահանջներ են ներկայացրել Միացյալ Թագավորությանը:
Նամակի հեղինակները ներկայացրել են սեպտեմբերի 27-ից Արցախի նկատմամբ Ադրբեջանի սանձազերծած լայնածավալ պատերազմի դրվագները, նշել, որ Ադրբեջանին աջակցում է նաև Թուրքիան, որը բացի ռազմական աջակցություն ցույց տալուց, նաև զինյալ ահաբեկիչների է տեղափոխում Ադրբեջան` Արցախի դեմ կռվելու համար: Շրջանավարտները նաև ուշադրություն են հրավիրել այն հարցի վրա, որ Ադրբեջանի Զինված ուժերի կողմից թիրախավորվել և թիրախավորվում են խաղաղ բնակավայրերը, որի պատճառով խաղաղ բնակիչներ են սպանվում, վնասվում են քաղաքացիական ենթակառուցվածքները, հոսպիտալներ, մանկապարտեզներ, դպրոցներ, եկեղեցիներ:
«Հարկ է նաև նշել, որ այս լայնածավալ հարձակումը տեղի է ունեցել 2020 թվականի հուլիսին Հայաստանի Հանրապետության հյուսիս-արևելյան սահմանի ուղղությամբ ռազմական ագրեսիայից հետո, որի ընթացքում ադրբեջանական իշխանությունները սպառնացել են հրթիռային հարվածներ հասցնել Երևանի մոտակայքում գտնվող Մեծամորի ատոմակայանին»,- գրել են շրջանավարտները:
Նրանք պահանջել են դատապարտել Լեռնային Ղարաբաղի դեմ ադրբեջանա-թուրքական ագրեսիան, դատապարտել Թուրքիայի կողմից ահաբեկչական խմբավորումների տեղակայումն այդ տարածաշրջանում, դատապարտել Լեռնային Ղարաբաղի խաղաղ բնակիչների թիրախավորումը, ընդունել, որ Արցախում բնակվող հայերը բախվում են գոյութենական սպառնալիքի հետ և ճանաչել Արցախում բնակվող հայերի ինքնորոշման իրավունքը` նրանց փրկության համար: