կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-10-18 11:08
Առանց Կատեգորիա

Չիվայում վառարանները կտեղադրեն շուտով

Չիվայում վառարանները կտեղադրեն շուտով

Հայաստան-Իրան միջպետական ճանապարհի, Երեւան-Եղեգնաձոր մայրուղու ձախակողմյան հատվածում փռված Չիվա գյուղում ձմռան տեւողությունը 4-5 ամիս է։

 

Չիվաում առաջին իսկ հանդիպումիցս հասկացա, որ գյուղը գազիֆիկացված չէ. գյուղացին սղոց-կացինով շտապում էր իր այգու սանիտարական հատումները կատարելու, ձեռքի հետ էլ թեկուզ մասամբ ձմեռվա վառելափայտի պաշարն ապահովելու. «Ինչ անենք: Գազ չկա, փայտն էլ այնքան թանկ է, որ չենք հասցնում մի 2 կուբամետր փայտ առնենք։ Գները հասնում են 16-17 հազար դրամի: Դե էս փետ- փսուրով եւ աթարով էս ձմեռն էլ կհանենք»:

 

Չիվացիները «Երկիր»-ին միաբերան հայտնեցին, որ իրենց գյուղը հարուստ գյուղ է եղել, իսկ Չիվայի ձորը հայտնի է եղել բազմատեսակ պտղատու այգիներով։ Այստեղ այս տարի իրենց բերքը վատ է եղել, իսկ հացահատիկը շատ քիչ են ցանել։ Ի դեպ, այս համայնքում հիմնականում գարի են ցանում: «Այս տարի այնքնա էլ լավ բերք չեղավ, քանի որ գարնանը ցրտահարություն եղավ»,- մեզ հետ զրույցում հայտնեց գյուղապետարանի աշխատակազմի քարտուղար Հասմիկ Սարգսյանը:

 

Ժողովրդագրական տեսանկյունից Չիվան ծերացող գյուղ է համարվում, քանի որ 1027 բնակիչներից 118-ը (մոտ 12 տոկոսը) ծերեր են: «Վախն ավելի մեծ է, քանի որ երիտասարդությունը դուրս է գալիս գյուղից աշխատանք փնտրելու համար»,- ասում է Հ. Սարգսյանը եւ հավելում, որ գյուղից մեկնողները հիմնականում աշխատանք են փնտրում Ռուսաստանում, Երեւանում կամ ել հանրապետության այլ մարզերում. «Այս պահին գյուղի 323 ընտանիքներից 18-ն ամբողջ կազմով բացակայում են։ Նրանք գյուղը լքել են վերջին 2-3 տարվա ընթացքում»: «Եթե երիտասարդները մնան գյուղում, լավ կլինի, եւ մենք էլ հույսներս չենք կորցնի: Քաղաքացին գնում է արտասահման, գյուղացին էլ գնում է Երեւան, իսկ էս տարածքները մնում են մի քանի հոգու ձեռքին»,- ասում է չիվացի Բենիկը:

 

Գյուղապետարանի աշխատակազմի քարտուղարի պնդմամբ, մինչ այս տարի գյուղացին հողի մշակությունից հույսը կորցրել էր, քանի որ չկար ոռոգման համակարգ. «Այս տարի, Խանջյանի առու ենք ասում, այդ տարածքից ինքնահոս համակարգով ջուր հասցվեց գյուղ, որը մեծ օգնություն էր, իսկ գյուղացին համոզվեց, որ իր միակ հույսը հողի մշակությունն է»: Բենիկը պնդում է, որ գյուղում ապրելով պետք է աշխատել. «Եթե չաշխատես, չես կարող ապրել: Բայց դե ջուրը բերեցին հասցրին գյուղ, որից շատ գոհ ենք։ Սակայն ինքնահոս ջրի 1 խմ-ի գինը 11 դրամ է. որը շատ թանկ է»:

 

Չիվայում ասում էին նաեւ, որ գյուղում մարդիկ կան, որ հող ունեն, բայց ի վիճակի չեն այն մշակել, դրա համար էլ անմշակ հող շատ կա: «Մեկ հեկտար ցանքս անելու համար գյուղացին պետք է ծախսի 150-170 հազար դրամ: Իսկ այդքան գումար ծախսելուց հետո գյուղացին հնձում է 1 կամ 1,7 տոննա գարի կամ ցորեն»,- ասում է գյուղապետարանի աշխատակից Լիպարիտ Կարապետյանը եւ դժգոհում, որ Հայաստանում հողի սեփականաշնորհումը շատ արագ կատարվեց. «Պետությունը հողը տվեց գյուղացուն, հետո ասեց` գնացեք ինչ ուզում եք արեք: Դրա համար գյուղն արդեն անկման եզրին է: Բան չունեմ ասելու, հողը եւ անասունը տվեց գյուղացուն եւ չկագնեց գլխին, տեսնի` ինչ է կատարվում: Եթե պետությունը ցանկանում է տնտեսություն ստեղծել, այդ դեպքում պետք է գյուղացուն աջակցի»:

 

Բերքը շուկայում իրացնելու համար այսօր չիվացու հույսը Երեւան-Մեղրի միջպետական մայրուղու վրա գործող փոքրիկ շուկան է, որտեղ գյուղացին իրացնում է իր բերքը. «Օրը մի քանի կիլոգրամ բերք ենք վաճառում, բայց դա հո լուծում չէ: Մարդիկ կան, որոնց բերքը շատ է, եւ ստիպված գնորդներ են փորձում գտնել բերքը ծախելու համար»,- «Երկիր»-ին հայտնեցին շուկայում իրենց բերքը վաճառող գյուղացիները: Լ. Կարապետյանը հայտնեց, որ չիվացին չի սիրում առեւտուր անել. «Եթե այսօր ռինդեցին, արենցին եւ աղավնաձորցին ունի առեւտրականի հոգեբանություն, սակայն չիվացին ամանչում է իր արտադրածը վաճառի»:

 

Ուրախալի վիճակագրական թվեր բերելով` Հ. Սարգսյանը հայտնեց, որ, եթե 2010 թվականին գյուղում ծնվել է 8 երեխա, ապա այս տարի ծնունդներըի թիվն արդեն հասել է 11-ի. «Դրա հետ մեկտեղ կարող եմ ասել, որ այս տարի պակասել է նաեւ մահերի թիվը»: Ամուսնություններ այս տարի Չիվայում դեռ չեն գրանցվել, քանի որ գյուղում, ավանդույթի համաձայն, հարսանիքներն անում են ուշ աշնանը:

 

«Մեր իշխանությունները տետրի մի երեսն են կարդում, ախր մի հատ էջը շրջեք ու հաջորդ երեսն էլ կարդացեք»,- ասում էր 86-ամյա Խաչիկ պապը: Գյուղում գործող բոլոր խանութներում մեկից ավելի պարտքատետրեր կային. «Համ գյուղացին է անելանելի վիճակում, համ էլ խանութի տերերն են հայտնվել այդ նույն վիճակում»,- ասում են Չիվայի գյուղապետարանում:

 

Գալուստ ՆԱՆՅԱՆ

Չիվա-Երեւան

Լուսանկարը` հեղինակի