կարևոր
0 դիտում, 12 տարի առաջ - 2011-10-13 10:07
Առանց Կատեգորիա

Ինչպես հավաքականը

Ինչպես հավաքականը

Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը վերածվում է իդեալի, որն իր մեջ ամփոփում է այն բոլոր որակները, որոնք շարունակաբար փորձում ենք գտնել մեր մեջ ու շարունակ չի հաջողվում: Մեզ միշտ թվում էր, թե հավաքականությունն ու ամբողջականությունը, անհատներից կազմված կուռ մեխանիզմ, համակարգ ստեղծելը հատուկ չէ մեր ազգի ինդիվիդուալիզմին: Մեր երիտասարդ ու խոստումնալից ֆուտբոլիստները ապացուցեցին, որ, հենց այդպիսին լինելով, մեր այդ տեսակով կարող ենք ոչ միայն հետաքրքիր լինել ողջ աշխարհին, ինքներս մեզ, այլև ստիպել հաշվի նստել, թեկուզև անարդար վարվել մեզ հետ, որովհետև ոչ միայն փոքրի ու թույլի հետ են անարդար լինում, այլ նաև գործոն, սուբյեկտ դարձողի:

 

Եվ եթե նույնպիսի մեխանիզմ դարձած շախմատի հավաքականի հաջողությունները կարող էին ինչ-որ տեղ աշխարհի, թեկուզ մեր կողմից ֆենոմենի, եզակի դրսևորման, գուցե, ոմանց կարծիքով, պատահականության արդյունք ընկալվել, ֆուտբոլի մեր հավաքականն ապացուցեց, որ դա ոչ թե հրաշք է, այլ ընդամենը մեր՝ դեռ ամբողջությամբ չբացահայտված որակների դրսևորման առկայծումներ: Որ պարզապես մեզ հրաշք թվացողը օրինաչափության վերածելու, զարմանալու փոխարեն տքնելու, աշխատելու, արարելու, իրական արժեքներ ստեղծելու ու դրանց շուրջ ազգովի համախմբվելու խնդիր ունենք: Ահա այս օրակարգն են հիմա մեզ առաջադրում ֆուտբոլի ու շախմատի մեր անզուգական հավաքականները: