կարևոր
0 դիտում, 12 տարի առաջ - 2011-10-12 10:52
Առանց Կատեգորիա

Բլոգբասթեր

Բլոգբասթեր

Նոր Երեւան, նոր հյուրանոցներ

 

«Goodbye Rafo (մնաս բարով, Ռաֆո)» վերնագրի տակ dabavog-ը գրում է, որ այլեւս չկա Ռաֆայել Իսրայելյանի տունը. «Ինձ ասում են` ախր, արժեք չուներ: Դե երեւի` նայած, արժեքը որն ա (ըտենց ո'չ առանձին ատամն արժեք ունի, ո'չ առանձին մարդը): Գնահատելու տարբեր եղանակներ կան: Եթե առանձին եք դատում, ապա կարող ա եւ չունի, իհարկե, ո'չ նոր խոսք է, ո'չ հին դասականի նմուշ, բայց էդ տեսակետից ոչ միայն Երեւանը, այլեւ ցանկացած քաղաք 70-90 տոկոսով քանդելու ենթակա է»:

 

Նա ասում է, որ անհետաքրքիր է դառնում Երեւանը. «Նախանձող քաղաք. եթե մի քանի ճանապարհ ուներ, բոլորից էլ հետ մնաց, կորավ խաչմերուկին: Ո'չ իրա վերածննդյան գեղեցկությունը պահեց, ո'չ 60-ականների սրտաբաց խիզախությունը, բայց էլ ո՛չ Թիֆլիսի ջերմությունը կունենա, ո'չ էլ գոնե Դուբայի անսիրտ հարստությանը կհասնի»:

 

noni_no-ն «Քաղաքապետ, ամոթ» վերնագրի տակ գրում է` եթե էլի պետական օղակ կա, որ պատասխանատու է Ռաֆայել Իսրայելյանի տունը քանդելու համար, այդ օղակին էլ հազար ամոթ: Գրում է, որ եթե տղան տունը ծախել է, լավ է արել, իրավունք ունի, բայց. «Գրողը տանի, պետություն չի, քաղաքապետարան չի, մեխի գլուխ ա՞, որ էդ շենքի նոր սեփականատիրոջը թույլ չտար զարդաքանդակները վերացնել»:

 

khlurd-ը մեկնաբանում է. «Չեխիայում, եթե ժառանգները չեն կարողանում ոնց որ պետք է ու պատիվ է` պահպանել պատմամշակութային արժեքը, պետությունը վերցնում է ձեռքներից ու ինքն է պահում: Նույն տեսքով… : Չի քանդում, էլի»:

 

Ոտնահարվածը

 

«Ոտնահարեցին առանց այն էլ 2 անգամ ոտնահարվածիս իրավունքը» վերնագրի տակ lusok-ը գրում է, թե մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակն իր իրավունքները գցեց գետնին. «ու ամբողջ գրասենյակով վեր կացան ու կանգնեցին իրավունքիս վրա»: Ուրեմն, lusok-ը դիմել էր այնտեղ աշխատանքի ընդունվելու համար. «Սրտիս մոտիկ էի ընդունել իրենց զանգն ու հարցազրույցի կանչը: Արդեն ուզում էի ասել, որ տեսեք, բա ասում եք մենակ խնամի-ծանոթ-բարեկամով են աշխատանքի ընդունվում: Տեսեք՝ ոնց զանգեցին ու կանչեցին»: Հետո գրում է, թե ինքը որտեղի՞ց իմանար, որ հասնելու է այնտեղ ու. «Մի աղջիկ խնամի-ծանոթ-բարեկամով ընդունվեր աշխատանքի: Ինձ պետք է 30 րոպե կանգնեցնեին միջանցքում եւ սպասեցնել տային: Ինձ պետք է արհամարհեին ու անգամ 3 րոպե չխոսեցնեին: Ի՞նչ իմանայի, որ այնտեղ աշխատողի քրոջ համար էր այդ տեղը պահված»:

 

Վերջում գրում է, որ Էկոնոմիկայի նախարարության ու Սահմանադրական դատարանի դեպքերից հետո պիտի արդեն գլխի ընկած լիներ. «Որ պետական աշխատանքը հաստատ ինձ նմանի համար չի»:

 

Համարակալվածները

 

«Համարակալվողները Նիդերլանդներում» վերնագրի տակ byurie-ն գրում է. «Հայաստանում մի խումբ պարանոյիկներ կան, որոնք ցանկացած նոր բան մտցնելիս խառնվում են իրար: Սկզբում սոցքարտերն էին, հետո էլ բիոմետրիկ անձնագրերը` պատճառաբանելով, թե չենք ուզում համարակալվել»: Նա այդ մարդկանց առաջարկում է գնալ Նիդերլանդներ, որովհետեւ. «Էստեղ ամեն ինչ համարներով է: Տան համար, գրանցման համար, ուսանողական համար, բանկային հաշվեհամար, հազար տեսակի փին կոդեր, քաղաքապետարանում գրանցման համար, կացության իրավունքի համար»:

 

Պատրաստեց Հովհ. ԻՇԽԱՆՅԱՆԸ